Բավական է արտաքին դոնորները դադարեցնեն ֆինանսավորումը, ու ներքին պարտքի տեղաբաշխման հետ կապված խնդիրներ ծագեն, դեֆոլտը պատրաստ է․ Ատոմ Մարգարյան

2026 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կանխատեսվում է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը՝ 5,4 տոկոս, պետական բյուջեի եկամուտները՝ 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից 2 տրիլիոն 972 միլիարդ դրամը՝ հարկերից, ծախսերը նախատեսված են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամի չափով, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 924 միլիարդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 704 միլիարդ դրամ, դեֆիցիտը կանխատեսվում է 537 միլիարդ դրամի կամ ՀՆԱ-ի 4,5 տոկոսի չափով՝ 2025 թվականի 5,5 տոկոսի համեմատ․ ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 13-ի նիստում ի գիտություն է ընդունել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Բյուջեի նախագիծը շարունակում է քննադատությունների թիրախում մնալ հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներում․ «Տնտեսական և քաղաքական ձախողումների ամփոփման», «սոցիալական խոստումներն ուրացող» ձևակերպումներն էին հնչել Բյուջե-2026-ի մասին։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168․am-ի հետ զրույցում ցավով արձանագրեց՝ բյուջետային առումով ծանր կացություն է․
«Դա նախ երևում է պարտքի ճնշումից․ պետական պարտքի ծախսի յուրաքանչյուր, պայմանական ասենք, 3 դոլարից մեկը՝ պարտքի սպասարկման ծախսերն են։ Սա աննախադեպ է, և դրան հավելած՝ ռազմական ծախսերի ճնշումը, ինչը ևս աննախադեպ է։ Հետևաբար, սոցիալականության իմաստով բյուջեն մեծ խնդիր ունի, խոցելի է»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշին, ապա այն, ըստ տնտեսագետի, օբյեկտիվ է։

«Այն զտվել է նախկին՝ քամու բերած փողերից, «will-fall» ձևակերպմամբ եկամուտներից, որոնք պայմանավորված էին ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով մուտք եղած բյուջետային բարիքներով՝ ռելոկանտների մեծ հոսքեր, ոսկու հետ կապված մեծածավալ գործարքներ․․․ Հենց այս զտման արդյունքում բյուջետային կանխատեսումների հիմքում աճի թվերն ավելի համեստ են»,- պարզաբանեց մասնագետը։

Ատոմ Մարգարյանը, ընդհանուր առմամբ, սակայն, նախատեսվող բյուջետային պրոցեսը հակասոցիալական որակեց։

«Հակասոցիալական է հատկապես սոցիալական տրանսֆերտների մասով, կենսաթոշակների մասով, դրան էլ գումարվում է 2026 թ․-ին առողջության ապահովագրության համակարգի՝ ըստ էության, քաոսային լուծումները, որոնք մինչև վերջ մշակված չեն։

Մյուս խնդրահարույց իրավիճակը վերաբերում է պետական ծախսերի այն հատվածին, որն ուղղված է պետական ապարատի պահպանությանը․ հատկապես ուժային համակարգերի վրա ծախսերի գերուռճացումն է, թվաքանակի ավելացումը։

Հիմա էլ ինչ-որ գվարդիաներ են ստեղծվել․ դրանք անհասկանալի են, եթե նկատի ունենանք այսպիսի բյուջետային ծայրահեղ լարվածությունը, ճնշումը և նախադեֆոլտային ռիսկերը,- նշեց նա և հավելեց,- Եթե, ընդհանուր առմամբ, ես բնութագրեմ, բյուջեն, ըստ էության, նախադեֆոլտային է․ բավական է՝ արտաքին դոնորներն ինչ-ինչ պատճառներով դադարեցնեն ֆինանսավորումը ու ներքին պարտքի տեղաբաշխման հետ կապված խնդիրներ ծագեն, դեֆոլտը պատրաստ է»։

Տնտեսագետը լուծումներ թվարկեց՝ նախևառաջ նկատելով, որ եթե կառավարությունը ողջամիտ գտնվեր, կգնար թե՛ պետական ապարատի, և թե՛ ուժային համակարգերի կտրուկ կրճատմանը։
«Նկատի ունեմ ոստիկանության, քննչական ապարատի՝ մեկը մյուսին երկրորդող, «դուբլյաժ» անող համակարգերը»,- շեշտեց Ատոմ Մարգարյանը։

Ի թիվս լուծումների՝ տնտեսագետն առաջարկեց նաև կենսաթոշակային ֆոնդերին ուղղվող բյուջետային աջակցության մասի կրճատումը։
«Հատկապես կենսաթոշակային ապահովման հարցն է բավականին մտահոգիչ վիճակում․ կուտակային կենսաթոշակային համակարգի մի ֆոնդ է ստեղծվել, փողերը պտտվում են (մի մասը, իհարկե, էլի հետ է գալիս բյուջե՝ գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման ձևով, բայց դա լուծում չէ)․․․
Ես այն կարծիքին եմ, որ ժամանակն է դադարեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի բյուջետային աջակցության մասը․ այն ֆոնդերը, որոնք կուտակված են կենսաթոշակային համակարգում, բերում են տոկոսներ, այդ տոկոսների մի մասը պետք է ուղղակի գնա բյուջե, և դրանից բարձրացվի կենսաթոշակային տարիքի քաղաքացիների կենսաթոշակը։

Մյուս դիտարկում-առաջարկը վերաբերում է կրթական համակարգի, այսպես կոչված, բարեփոխումներին։ Բյուջեն վերստին այդ խնդիրը չի լուծում․ այն վիճակը, որում այսօր հանրակրթական դպրոցի ուսուցիչը հայտնվել է, պարզապես ցավալի է։

Դպրոցներ կառուցելու մասին հայտարարություններն ուղղակի լոլոներ են (թեև նկատեմ, որ այդ ծրագրերը ևս կապիտալ ծախսերի մասով չէին կատարվում). քանի դեռ ուսուցչի աշխատավարձը չի հասել երկրում առկա միջին աշխատավարձի մակարդակին, դպրոցական կրթական ռեֆորմի մասին խոսելն ավելորդ է։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրները, որոնք արագ ոտքի կանգնեցին և դարձան բարձր զարգացած արդյունաբերական ինդուստրիալ երկրներ, դպրոցական ռեֆորմների հետևանքով արձանագրեցին նման արդյունքներ»,- բյուջեի մեկ-երկու կոմպոնենտի մասին մանրամասնեց նա։

Այս համատեքստում Ատոմ Մարգարյանին խնդրեցինք անդրադառնալ նաև Նիկոլ Փաշինյանի՝ «Ասում են՝ արտաքին պարտքը 8 մլրդ-ով աճել է, ի՞նչ եք արել․ 8 միլիարդ դոլարի զենք ենք գնել, որովհետև շատ էր պետք ու միանգամից» հայտարարությանը։

«Այդ 8 միլիարդի պարտքի կեսն արտաքին պարտքն է, և, հետևաբար, դա զենք չէր կարող դառնալ․ դրանք նպատակային ծրագրերի համար են տրվում։ Բայց ներքին պարտքը, որը պետական գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումներից է գոյանում, այո, կարող էր ուղղվել զենքի գնմանը․ պետք է նայել, թե որքան ռազմական բնույթի ծախսեր են արվել, իսկ ծախսերը երևում են ամեն տարվա բյուջետային և՛ ուղերձներում, և՛ բյուջեի բացվածքներում»,- նշեց տնտեսագետը՝ արձանագրելով, որ փաստ է՝ ռազմական ծախսեր եղել են, սակայն խնդիրն այն է, թե որքանով են այդ ռազմական ծախսերը եղել Ադրբեջանի ռազմական ծախսերին համընթաց.

«Այդ խզումը, ճեղքվածքը գնալով մեծացել է․ Ադրբեջանը, որպես կանոն, ամեն տարի 2․5-3 անգամ ավելի է ծախսել ռազմական նպատակներով, քան Հայաստանը։ Մեր խնդիրն այստեղ է, և ոչ թե՝ պարտքը որտեղից վերցրեցինք և ծախսեցինք, այդ թվում՝ ռազմական»։

Տեսանյութեր

Լրահոս