
Իրանը Երևան-Բաքու միջնորդության նոր փո՞րձ է նախաձեռնում

Իրանի Իսլամական Հանրապետության ու Ադրբեջանի միջև ուշագրավ շփումները շարունակվում են։ Ինչպես երևում է, վերջերս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի մեծ պատվիրակությամբ այցն Ադրբեջան արդյունքներ է տվել, և կողմերի միջև համագործակցության նոր մեխանիզմներ են հաստատվում։
Բաքվում «Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները տարածաշրջանային գործընթացների շրջանակներում» խորագիրը կրող խորհրդաժողով է անցկացվել, որը հյուրընկալել է Ադրբեջանի Միջազգային հետազոտությունների կենտրոնը։
Խորհրդաժողովին մասնակցել է ԻԻՀ փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն, ով իր խոսքում մեծամասամբ անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններին։
Նա շրջադարձային է համարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցն Ադրբեջան՝ շեշտելով Բաքվի կարևորությունը հարևանների հետ տարվող Իրանի արտաքին քաղաքականությունում։ Ադրբեջանա-իրանական հանդիպման ժամանակ կողմերը հուշագիր են ստորագրել Ադրբեջանի միջագզային հարաբերությունների հետազոտական կենտրոնի և Իրանի արտգործնախարարությանը կից քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև։ Ըստ այդ հուշագրի՝ կողմերը պայմանավորվել են հասնել փոխշահավետ համագործակցության՝ ակադեմիական փոխանակումների և համատեղ նախագծերի իրականացման ծրագրերի շուրջ։
Սակայն ուշագրավն այն է, որ ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, թե Թեհրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, և Մասուդ Փեզեշքիանը կարող է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում:
Բացի այդ, Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (IPIS) ղեկավար, արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և միջազգային հարցեր։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ իրանական կողմը փոխարտգործնախարարի մակարդակով նման հարց է բարձրացնում, ամենայն հավանականությամբ, Բաքվի տրամադրությունները ստուգելու նպատակով։
Ըստ նրա, շատերի համար ակնհայտ ու պարզ է, որ Իրանը կցանկանար միջնորդ լինել Երևանի ու Բաքվի կարգավորման գործընթացում։
«Հարավկովկասյան հակամարտության տարբեր փուլերում Իրանն իր պատրաստակամությունը հայտնել է՝ աջակցելու կողմերին, սակայն դա չի հաջողվել, ելնելով մի շարք պատճառներից։ Այն փուլում, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբն ակտիվորեն գործում էր, Իրանը նման հնարավորություն չուներ, ինչպես նաև նման անհրաժեշտություն չկար։ Իսկ ներկայումս կողմերն ունեն միջնորդության ու ռեգիոնալ երաշխավորների ճգնաժամ։ Ուստի Իրանը սկսեց իր միջնորդության թեման առաջ մղել պատերազմից հետո, որպեսզի միջնորդության միջոցով կարողանա առաջ մղել նաև իր շահերն ու դիրքորոշումները։
Չէ՞ որ վերջին տարիներին Իրանը ողջ թափով ներքաշված է ռեգիոնալ ապաշաշրջափակման գործընթաց իր դիրքորոշումներով ու առաջարկներով։ Դժվար կլինի կանխատեսել, թե ինչ իրավիճակ կլիներ ռեգիոնում, եթե աշխարհի համար այս բարդ փուլում Իրանն ուշի ուշով չհետևեր Երևանի ու Բաքվի միջև զարգացումներին»,- նշեց վերլուծաբանը։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ պետք է խոստովանել, որ առանց միջնորդության ևս Իրանին հաջողվել է ստանձնել զսպող դերակատարություն Հարավային Կովկասում։
«Իրանը հստակ բացասական դիրքորոշում հայտնեց Ադրբեջանի «միջանցք» պրոյեկտի նկատմամբ, դա տևական խնդիրների պատճառ դարձավ Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում, և մի որոշ ժամանակ անց, երբ եղան հարաբերություններում դրական միտումներ, Իրանն առաջարկեց այլընտրանքային ճանապարհ իր տարածքով, դրանով ևս աջակցելով Հայաստանին և թուլացնելով ՀՀ-ի նկատմամբ ճնշումները։
Ի վերջո, կարելի է ասել, որ իրանական դիվանագիտությունը ժամանակավոր հաջողություն գրանցեց այս ուղղությամբ, չի բացառվում նաև, որ ունենա ավելի երկարատև ու ռազմավարական հաղթանակ։ Սրանում է նման դիվանագիտության ուժը»,- ասաց նա։
Սակայն, նրա խոսքով, այս նոր հայտարարությունից կարելի է ենթադրել, որ ավելիին հասնելու ձգտում կա, և այս հայտարարությամբ փորձ են անում այդ հնարավորության շուրջ խոսակցություն բացել։
«Այս առաջարկի հիմք է ծառայել, իհարկե, այն, որ Թեհրանի ու Բաքվի հարաբերություններում մի փոքր ավելի դրական միտումներ կան։ Զուգահեռաբար, կան որոշակի խնդիրներ կամ գուցե երևում են խնդիրներ Իսրայելի հետ հարաբերություններում։ Դրանք, իհարկե, ուղիղ ադրբեջանա-իսրայելական խնդիրներ չեն, սակայն օրերս հայտնի դարձավ, որ Իսրայելի վարչապետը չեղարկում է ավելի վաղ ծրագրված այցն Ադրբեջան այն պատճառով, որ այցի համար Թուրքիան իր օդային տարածքը չի տրամադրում, ինչպես նաև նշվում էին մի շարք այլ պատճառներ, սակայն ակնհայտորեն այդ ամենը կապ ունի՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Իրանի հետ։
Գործընթացները բավականին խիտ են, Թրամփը զրուցեց Էրդողանի հետ, Պուտինը զրուցեց Փեզեշքիանի հետ։ Իսրայելի գործերն այդքան էլ լավ չեն, իսկ Ադրբեջանի միջնորդությունն այդքան էլ չի հաջողվում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Իրանի միջնորդության առաջարկին, ապա Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ այն չի ընդունվի։
«Իսկ չընդունման պատճառները չափազանց շատ են, թեև տեսականորեն Իրանը կարող էր նաև որոշակի երաշխավորի դեր ստանձնել։ Սակայն, եթե միջնորդություն չհաջողվեց Արևմուտքին՝ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, որոշակի թույլ առանձին երկրների փորձեր եղան, Ռուսաստանին, ինչպես տեսնում ենք, Թուրքիան չի փորձում միջնորդություն իրականացնել, ապա դժվար է կանխատեսել, որ այս առաջարկը կընդունվի։
Ադրբեջանը դրանում հետաքրքրված չէ, իսկ Երևանը գուցեև հետաքրքրված չէ, սակայն ՀՀ-ի դեպքում կա Արևմուտքի գործոնը, և այն հանգամանքը, որ Արևմուտքը դրական չի գնահատի Իրանին տրվող այդ դերը Երևանի կողմից։
Բացի այդ, նման փխրուն աշխարհաքաղաքական զարգացումների փուլում տեսնում ենք, որ հնարավոր միջնորդներն իրենք պասիվ են, քանի որ զբաղված են այլ հարցերով, ինչպես նաև չեն կարող այս փուլում Երևանին ու Բաքվին տալ ամուր երաշխիքներ և հետևել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը։ Սրանից էլ կարելի է ենթադրել, որ միջնորդ չի լինի, սակայն Իրանն Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը զուգահեռ՝ փորձում է այս հարցը մտցնել ռեգիոնալ ակտիվ օրակարգ։ Կարծում եմ՝ այս հարցը դեռ քննարկվելու է»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։