Բաժիններ՝

53 միլիոն դրամ՝ «Սթեյջ Սթայլ»-ին․ «Էրեբունի-Երևան 2807»-ի խոշոր գնումները

Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում հերթական խոշոր գնումն է կատարել «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ից․ գնումն արվել է մեկ անձից՝ ոչ մրցակցային ընթացակարգով։ Հոկտեմբերի 14-ին կնքված պայմանագրի գինը կազմել է 53 միլիոն դրամ։

Այս գումարի շրջանակում ընկերությունը մատուցել է «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում մշակութային միջոցառումների հարթակներում դեկորատիվ սեգմենտների պատրաստման մոնտաժման, ապամոնտաժման ու բեմի քողարկման ծառայություններ:

Ի դեպ, նախորդ տարի ևս՝ «Էրեբունի-Երևան-2806» տոնակատարության շրջանակներում, Երևանի քաղաքապետարանը խոշոր գնում էր կատարել «Սթեյջ սթայլ» ընկերությունից․ դարձյալ մեկ անձ ընթացակարգով կնքված պայմանագրի գինն այդ անգամ 41 միլիոն 106.426 դրամ էր։

Այս գումարով, ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի, ընկերությունն ապահովել է դեկորատիվ սեգմենտների պատրաստման մոնտաժման, ապամոնտաժման ու բեմի քողարկման ծառայություններ Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Դիանա Աբգարի անվան զբոսայգում և Կասկադ համալիրում։

Կարդացեք նաև

2013 թվականին հիմնադրված «Սթեյջ Սթայլ» ընկերությունը պետգնումներում իր ակտիվությունը սկսել է 2019 թվականից՝ հիմնականում գնման ոչ մրցակցային՝ մեկ անձ, հրատապ մեկ անձ ընթացակարգերով՝ միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր կնքելով պետական տարբեր գերատեսչությունների հետ։

168am-ն ավելի վաղ տեղեկացրել էր «Էրեբունի-Երևան 2807» միջոցառման շրջանակում արված մի քանի խոշոր գնումների մասին․ 332 միլիոն 934.895 դրամ կամ՝ 871.642 դոլար ընդհանուր արժեքով մեկ պայմանագիր Քաղաքապետարանը կնքել էր «Ֆակտորի Փրոդաքշն»-ի հետ, ընկերությունն այս գումարով ստանձնել էր «Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի մի քանի հատվածներում միջոցառումների ապահովումը։

Նշել էինք նաև, որ Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում երգչուհի Բրյունետի կեսժամանոց տոնական ելույթն արժեցել է 3 միլիոն 300.000 դրամ, իսկ Հանրապետության հրապարակի գալա-համերգի ժամանակ «Կարեն-Սևակ» բենդի 1 ժամ 30 րոպեանոց ելույթի ապահովումը՝ 10 միլիոն 666.000 դրամ։

Տեսանյութեր

Լրահոս