
Արդյոք Փաշինյան-Ալիև շփում կլինի՞ Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնությունում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների նախապատրաստական աշխատանքներն իրենց բուռն փուլում են։
Մայիսի 9-ին ԱՊՀ անդամ պետությունների մի շարք ղեկավարներ Մոսկվայում կմասնակցեն Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարություններին՝ ավանդական զորահանդեսին և մյուս միջոցառումներին։ Այս տարի ռուսական կողմը նպատակ է դրել հնարավորինս մեծ թվով ղեկավարներ հյուրընկալել՝ դրանով իսկ փորձելով ցույց տալ աշխարհաքաղաքական մի փոքր ամրապնդված դիրքերն ԱՄՆ նոր նախագահ Թրամփի հետ բանակցությունների ֆոնին։
Չի բացառվում, որ այս տարի Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ևս մասնակցեն այս արարողություններին։
Պուտին-Փաշինյան վերջին հեռախոսազրույցից հետո ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում տեղ էր գտել տեղեկատվություն այն մասին, որ Փաշինյանը Պուտինի հետ զրույցում հաստատել է, որ ընդունում է մայիսի 9-ին հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին մասնակցելու հրավերը։ ՀՀ իշխանությունները շարունակում են պահպանել ինտրիգը, սակայն հաշվի առնելով վերջերս Ռուսաստանի հանդեպ արվող թույլ ռևերանսները, կարելի է ենթադրել, որ Փաշինյանը կլինի Մոսկվայում։
Նշենք, որ այս առիթով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, մարդասիրական նկատառումներից ելնելով, Հաղթանակի 80-ամյակի օրերին, մայիսի 7-8-ի կեսգիշերից մինչև մայիսի 10-11-ի կեսգիշերը, ռուսական կողմը հայտարարել է հրադադարի մասին։ Սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է եռօրյա զինադադարի մասին Պուտինի առաջարկը՝ հայտարարելով 30 օր ժամկետով հրադադարի հասնելու անհրաժեշտության մասին: Նրա խոսքով՝ «անհնար է երեք, հինգ, յոթ օրում որևէ բանի շուրջ պայմանավորվել»։ Ուկրաինայի ղեկավարը հավելել է, որ Կիևը չի կարող երաշխավորել օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների անվտանգությունը մայիսի 9-ի զորահանդեսին:
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է բոլոր այն երկրների համար, որոնք մայիսի 9-ի զորահանդեսին գնալու են ՌԴ։ Մենք չենք կարող պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Նրանք են ձեզ անվտանգություն ապահովում, ուստի մենք ձեզ որևէ երաշխիք չենք տալիս»,- նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Կիևն անվտանգության տեսանկյունից «խորհուրդ չի տալիս» այցելել Ռուսաստան: Արևմտյան մի շարք պաշտոնյաներ ևս հայտարարություններով նախազգուշացրել են ղեկավարներին, որոնք հնարավոր է մասնակցեն հաղթանակի տոնակատարություններին։
Վերադառնալով Փաշինյանի ու Ալիևի մասնակցությանն այս միջոցառումներին, այն ուշագրավ է այն տեսանկյունից, որ սա կլինի Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո նրանց շփման առաջին հնարավորությունը։ Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, թե արդյո՞ք Մոսկվան հանդիպման նախաձեռնությամբ հանդես կգա, և ի՞նչ արձագանքի այն կարժանանա, հաշվի առնելով ՌԴ ԱԳՆ պնդումներն այն մասին, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել կողմերին հաշտության և բոլոր առկա խնդիրների կարգավորման հարցում։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ Փաշինյանն ու Ալիևն, ամենայն հավանականությամբ, կընդունեն Կրեմլի հրավերը։ Սակայն, ըստ նրա, ծրագրված լուրջ հանդիպման նախաձեռնությունը ռուսական կողմից այդ միջոցառումների շրջանակում քիչ հավանական է, քանի որ այս տարի Հաղթանակի 80-ամյակի միջոցառումներն այլ մասշտաբ ու ծավալ ունեն։
Նրա խոսքով, բազմաթիվ են թե՛ միջոցառումները, թե՛ հնարավոր մասնակիցները։ Ըստ Խրամչիխինի, այս տարի այս միջոցառումներին ու հավաքին ռուսական կողմն աշխարհաքաղաքական այլ իմաստ ու կշիռ է փորձում հաղորդել, ուստի դրա գլոբալ կողմը՝ ներկայացուցչականությունը, շատ ավելի է կարևորվում, քան նախորդող տարիների ընթացքում։
«Դրանից էլ ենթադրվում է, որ այդ օրերի պաշտոնական գրաֆիկը բավականին խիտ է լինելու։ Հրավիրվել է, այդ թվում՝ Չինաստանի ղեկավարը և մի շարք այլ առանցքային խաղացողներ, իսկ միջոցառումները շատ են, նախատեսվող երկկողմ շփումները՝ ևս։ Ուստի կա նախ օրակարգի խնդիր։
Նման մասշտաբային միջոցառումների ժամանակ սովորաբար լուրջ նախաձեռնություններ չեն լինում, սակայն հնարավոր է շփում թե՛ երկկողմ նախաձեռնությամբ, թե՛ երրորդ կողմի՝ այս դեպքում՝ ռուսական կողմի միջնորդությամբ, իսկ քաղաքական կամքի պարագայում այն կարող է ունենալ շատ ավելի լուրջ շարունակություն հետագա գործընթացների ու պայմանավորվածությունների տեսքով»,- ասաց Խրամչիխինը։
Բացի այդ, վերլուծաբանը գտնում է, որ հատկապես վերջին ամիսների ընթացքում ռուսական բարձրաստիճան ղեկավարության ողջ ուշադրությունն ուղղված է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հաջողությանը։
«ՌԴ պատկան մարմինները, իհարկե, ակտիվացրել են շփումները նաև Հարավային Կովկասում Երևանի ու Բաքվի գործընկերների հետ, սակայն դա կրում է ընթացիկ ու աշխատանքային բնույթ կոնտակտները պահպանելու նպատակով։ Ռազմավարական նոր մոտեցում դեռ ձևավորված չէ, ինչը հասկանալի է, հաշվի առնելով ՌԴ-ԱՄՆ բանակցությունների կարևորությունը թե Ռուսաստանի և թե ողջ աշխարհի համար»,- ասաց փորձագետը։