
Իրանը 100.000 զինվորական է պահում սահմանին, Աստված չանի՝ Ադրբեջանն ու Թուրքիան գործողությունների դիմեն Հայաստանի դեմ. Կարինե Գևորգյան
«Հուսալի, հեռուն գնացող համաձայնագիր աշխարհակարգի փլուզման ու ՀՀ-ում հնարավոր ներքին ապակայունացման ֆոնին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր չէ: Երաշխավորներ չկան, անհասկանալի է Փաշինյանի դիրքորոշումը»,- այս մասին 168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման ընթացքում ասաց արևելագետ, քաղաքագետ Կարինե Գևորգյանը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ զարգացող միջազգային իրավիճակին ու վտանգներին:
Խոսելով հատկապես Հնդկաստանի ու Պակիստանի միջև ստեղծված իրավիճակի և գնահատականների մասին, թե կողմերը պատերազմի շեմին են, վերլուծաբանն ասաց, որ Հնդկաստանին պատերազմ հարկավոր չէ, իսկ Պակիստանն ունի ներքին մի շարք խնդիրներ:
Բացի այդ, նա ներկայացրեց, որ Հնդկաստանին աջակցում է Իսրայելը, իսկ Պակիստանին՝ Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև միջնորդության խնդրանքով հնդկական կողմը դիմել է ԻԻՀ նախագահ Փեզեշքիանին: Սակայն պատերազմական գործողությունների հավանականությունը Կարինե Գևորգյանը փոքր է համարում:
Կարինե Գևորգյանի խոսքով՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու մեկնելու գլխավոր թեման Ադրբեջանին հետևյալը հասկացնելն էր. «Մեզ մոտ ամեն ինչ հիանալի է, եկեք, ընկերներ, եղբայրներ դառնանք, Բաքուն այնպիսին է, ինչպիսին Թավրիզը: Բաքվում, կարծում եմ, նույնիսկ ցնցվել են այս հայտարարություններից: Ի՞նչ ասաց նա՝ Ձեզ պետք են հաղորդակցություննե՞ր, մենք ունենք հաղորդակցություններ, խնդրեմ, որևէ խնդիր չկա, գնացեք-եկեք՝ որքան ցանկանում եք, բայց ՀՀ տարածքային ամբողջականությունը մեզ համար սկզբունքային հարց է»: Փեզեշքիանն ասում է, որ Ղարաբաղի հարցում հետևողական էին, իրենք դա մշտապես հաստատել են, բայց ՀՀ տարածքային ամբողջականությունն անսասան պետք է լինի: Ամեն դեպքում Իրանը պահում է սահմանին 100.000 զինվորական, որից 40.000-ը՝ ԻՀՊԿ-ից սահմանին, և Աստված չանի, որ Թուրքիայի հետ ռազմական գործողություններ սկսեն, իրենք դա թույլ չեն տա»:
Նա նշեց, որ Իրանի համար կարևոր է նաև հաղորդակցությունների դիվերսիֆիկացիան Արևմուտքի, Հյուսիսի հետ, և Ադրբեջանը, Կասպից ծովը բավական չեն, ինչպես նաև խոցելի կոմունիկացիաներ են:
Ուստի, վերլուծաբանի խոսքով, Իրանը հատկապես կցանկանար ելք Հայաստանով Վրաստան, երբ երկաթուղին Ռուսաստանի սեփականությունն է, պատկանում է Ռուսական երկաթուղիներին:
«Այդ կոմունիկացիաները շատ կարևոր են Իրանի համար, նա պատրաստ չէ դրանցից հրաժարվել, ավելին, Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը», որի մասին հաճախ խոսում է Ալիևը, երբեմն՝ թուրքական կողմը, սպառնալիք է, դա հնարավորություն կարող է ստեղծել Իրանի հյուսիսն ապակայունացնելու համար: Այսինքն՝ սա ոչ միայն Հայաստանի, այլ Իրանի ամբողջականության հարցն է»,- ընդգծեց քաղաքագետը:
Կարինե Գևորգյանը նաև համարում է, որ առանց Թուրքիայի աջակցության՝ Ադրբեջանը չի փորձի ռազմական եղանակով որևէ գործողություն իրականացնել Հայաստանի դեմ:
«Կասկածում եմ, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի որոշի փորձել ռազմական ճանապարհով լուծել այդ հարցը: Իսկ Թուրքիայի խնդիրները ներկայումս բավականին շատ են, այդ թվում՝ Սիրիա, արևելյան ափ ու տնտեսության կոլապսը: Ադրբեջանում էլ ամեն բան այնքան լավ չէ, որքան ներկայացնում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ապա Կարինե Գևորգյանը գտնում է.
«Ես նույնիսկ կարող եմ հասկանալ Ադրբեջանի ղեկավարությանը. մի իրավիճակում, երբ հենց Հայաստանում, հնարավոր է, հասունանում է անկայունություն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբ ողջ աշխարհակարգը շուռ է գալիս, հեռուն գնացող և հուսալի բան ստորագրելը բարդ է, չի կարող որևէ երաշխավոր լինել, քանի որ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ նույնիսկ Ռուսաստանն ի վիճակի չեն հանդես գալ՝ որպես այդ համաձայնագրի իրագործման երաշխավոր, հետևաբար՝ ինչո՞ւ այն ստորագրել: Ես չգիտեմ՝ ինչու, և չեմ կարող մեկնաբանել, թե ինչու է դրանում հետաքրքրված Փաշինյանը, իսկապես չեմ կարող ասել: Դա ինձ համար հանելուկ է: Անզեն աչքով է երևում, որ այս իրավիճակում որևէ մեկը ոչ մի երաշխիք չի կարող տալ և ստորագրված ամեն բան հարցականի տակ է»,- ասաց Գևորգյանը:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում: