
«Ադրբեջանցիներն անակնկալի են եկել. սա նրանց համար դաս կլինի». Դավիթ Գալստյան
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել ոչ թե միայն վրանը հեռացնել, այլ պայքարը շարունակել այլ ձևաչափով: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Նա շեշտեց, որ խորհուրդը որոշակի չափով դրական արդյունքներ արձանագրել է, և այսօր կա առաջարկ ՀՀ իշխանությունների կողմից, որ ձևավորվեն մասնագիտական խմբեր և քննարկվի այլ ծրագրերի մեջ փոփոխություններ մտցնելու հարցը. «Դա այն է, ինչ բռնի տեղահանումից հետո բարձրաձայնել ենք տարբեր մակարդակներով, բայց այս իշխանություններն ականջալուր չեն եղել: Նրանք ընդունում են, որ այն ծրագրերը, որոնցից այսօր մարդիկ չեն կարողանում օգտվել, տապալված ծրագրեր են, անհրաժեշտ է փոխոխություններ մտցնել: Դրա համար խորհուրդը որոշեց այլ ձևաչափով շարունակել պայքարը, միևնույն ժամանակ չբացառելով, որ եթե հանկարծ հերթական անգամ օրվա իշխանությունները մոլորեցրել են, խաբելով վրանը հանել են տվել, ապա պայքարը կշարունակվի նաև տարբեր հանրահավաքներով, փողոցային պայքարը կշարունակվի»:
Ըստ նրա՝ օրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ փակեն Արցախի էջը, բայց դա նրանց մոտ չի ստացվում:
Դիտարկմանը՝ իշխանություններն ասում են՝ միջազգային հանրության համար էլ է փակ Արցախի հարցը, նա արձագանքեց. «Պարզ է, չէ՞, որ անամոթաբար ստում են, քանի որ վերջերս Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունեցին բանաձև՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասով, իսկ համաժողովին պետք է մասնակցեն նաև արցախցիները: Շատ այլ հարթակներում էլ է խոսվում այդ մասին: Իրենք իրենց անգործությունը փորձում են քողարկել՝ ասելով, որ միջազգային հանրությունն էլ է լուռ, բայց մենք հո տեսնո՞ւմ ենք, որ այդպես չէ: Դրա մասին է վկայում նաև Եվրախորհրդարանի, այլ երկրների պատգամավորների այցերն ու հանդիպումներն արցախցիների հետ: Այդ հանդիպումների հետ նրանք մեզ հասկացնում են, որ իրենց համար շատ ավելի հեշտ կլիներ, շատ ավելի արագ հարցեր կլուծվեին, եթե Հայաստանում ինստիտուցիոնալ մակարդակով այդ հարցը օրակարգ բերեին»:
Դավիթ Գալստյանի դիտարկմամբ՝ գործող իշխանությունների քայլերը ձեռնտու են միայն թուրք-ադրբեջանական տանդեմին. «Լինելով պարտության սիմվոլ՝ նրանք չեն կարողանում բանակցել: Այս իշխանության ղեկավարը երբևէ չի թաքցրել, որ ատում է արցախցիներին: Այսօր, լինելով իշխանության ղեկին, նա իր անձնական ատելությունը պետական մակարդակի վրա է դրել և տարբեր իրենց ձեռքի տակ ունեցած արբանյակներով, իրենց պատկանող լրատվամիջոցներով ատելություն են տարածում: Դա արվում է միայն մեկ պատճառով. պատմությունից տեսել ենք, 90-ականներին, երբ ազգը համախմբված էր, չկար արցախցի-հայաստանցի այս կեղծ թեզերը, որոնք այսօր շրջանառության մեջ են դրվում իշխանության կողմից, գրանցել ենք հաղթանակներ, իսկ օրվա իշխանությունը վախենում է այդ միասնությունից:
Երբ ազգը միասնական լինի՝ չի հանդուրժի նման պառակտիչ իշխանություններին: Ինչքան խորացնում են այս պառակտումը, այնքան իրենք իրենց իշխանությունն են երկարաձգում: Բոլորից լավ գիտեն, որ իրենց կատարած հանցանքները, որոնց քիչ մասն է հանրությանը հայտնի, իշխանափոխությունից հետո ջրի երես են դուրս գալու, և նրանք դատ ու դատաստան են տեսնելու՝ օրենքի ամբողջ խստությամբ»:
Դավիթ Գալստյանն ամենից հավանական է համարում այն, որ Փաշինյանը հրաժարական է տալու արտերկրից. «Այս ամենը տանում է նրան, որ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որ խուսափի դատ ու դատաստանից, և դրա միակ տարբերակը լինելու է այն, որ նա ՀՀ-ից չի հրաժարական տալու»:
Մոսկվայում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցող Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված սիմպոզիումի ժամանակ ադրբեջանական պատվիրակությունը հակահայկական քարոզչություն էր իրականացրել, ինչին կտրուկ են պատասխանել հայկական պատվիրակության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀԿ-ից՝ Էդուարդ Շարմազանովը և ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանն իրենց ելույթներով: Թեմայի վերաբերյալ Դավիթ Գալստյանն ասաց, որ ադրբեջանցիները երևի չեն իմացել, որ իշխանության ներկայացուցիչները չեն դահլիճում, եթե նրանք լինեին, արձագանք չէր լինի.
«Ադրբեջանցիներն անակնկալի եկան, երբ իրենց հայտարարությանը համարժեք պատասխան տրվեց, դեռ մի բան էլ ավելին: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանում բացի երևի իշխող կուսակցությունից և իր արբանյակ կուսակցություններից, մնացած բոլորի համար Արցախն արժեք է: Սա դաս կլինի իրենց հաջորդ հանդիպուների ընթացքում, երևի կճշտեն՝ իշխող կուսակցությունը չէ, և կարող են իրենց հակադարձել, ադրբեջանցիները նման հայտարարություններ չեն անի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում