![](/banners/BeFunky-design.jpg)
Զոհրաբ Մնացականյանը նոր պաշտոն կստանա
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/BeFunky-design-3-1.jpg)
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ՀՀ Արտաքին գործերի նախարար (ԱԳՆ)աշխատած Զոհրաբ Մնացականյանը նոր պաշտոն կստանա։
168․am-ի տեղեկություններով՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին կփոխարինի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Զոհրաբ Մնացականյանը, չնայած պաշտոնաթողությանը, այնուամենայնիվ շարունակել է ամուր կապեր պահպանել Փաշինյանի և նրա թիմի հետ:
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը լքելուց հետո էլ Զոհրաբ Մնացականյանն աչքի էրընկնում հատկապես X սոցիալական ցանցում Փաշինյանի արտաքին քաղաքականությանն աջակցող գրառումներով։
Բացի այդ, Զոհրաբ Մնացականյանը մասնակցում էր նաև իշխանության կողմից կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին և ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
2024 թվականի սեպտեմբերին Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարության կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին և հանդես եկավ՝ որպես բանախոս։
Ավելի վաղ մամուլում գրվել էր, որ դիվանագետ Մնացականյանն աշխատանքի է անցել Ենոքավանում գործող «Ապագա ռեզորթ» հանգստյան համալիրում՝ որպես զարգացման տնօրեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը հիմնադրվել է 2009 թվականի սեպտեմբերի 23-ին։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2010թ. փետրվարի 15-ին մասնակցել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման արարողությանը: Նպատակը՝ Հայաստանում դիվանագիտական կադրերի պատրաստման ոլորտում ներդրում և կրթօջախ ունենալն էր: Այդ ժամանակ ՀՀ ԱԳ նախարարն Էդվարդ Նալբանդյանն էր:
Դպրոցում հրավիրված էին դասավանդելու Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Չինաստանի հեղինակավոր կրթական և քաղաքագիտական կենտրոնների առաջատար դասախոսներ, վերլուծաբաններ, ականավոր դիվանագետներ և փորձագետներ: