
ԲԱ ՈՐ ՆԻԿՈԼԸ ՄԵՌԱՎ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ՞ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԾԵԼ ԴԺՈԽՔԻ. #ԴԱՍԵՐ 15
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ու «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն են։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Սուրեն Սուրենյանց.- Այս իշխանությունն ի սկզբանե էլ ցանկացել է Հայաստանի 3-րդ Հանրապետության իրավաքաղաքական հիմքերն ապալեգիտիմացնել։ Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրությունից հանելը զուրկ է որևէ հիմքից։ Եթե մենք գնում ենք Անկախության հռչակագրի չեղարկմանը, դա նույնն է, ինչ մարդ հրաժարվի իր ծննդականից։ Սա ոչ միայն հայ ժողովրդին նվաստացնելու միջոց է, այլև մի շարք լրջագույն խնդիրներ է ստեղծելու։
ՀՀ ապալեգիտիմացումը կանաչ լույս է նաև Թուրքիայի համար. եթե պետությունը լեգիտիմ չէ, ապա լեգիտիմ չեն նաև նրա գոյություն ունեցող սահմանները։
Կասկած չունեմ, որ շուտով Փաշինյանի կառավարության կողմից կբավարարվի Ադրբեջանի նոր պահանջը՝ քրեական պատասխանատվության ենթարկել Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրողներին։
Որևէ դեպքում չպե՛տք է թույլ տալ ՀՀ Սահմանադրության այս հանրաքվեն: Հայ ժողովուրդը պետք է կանխի այդ գործընթացը, որը թշնամու օրակարգ է սպասարկում: Առհասարակ պետք է կանխել այդ գործընթացը: Եթե նույնիսկ ՀՀ քաղաքացիները Փաշինյանի նախաձեռնած այդ հանրաքվեով նոր Սահմանադրությանը «Ոչ» ասեն, ՀՀ ժողովրդին անվանելու են ռևանշիստ ու ֆաշիստ, իսկ պետությունը՝ ֆաշիստական։ Սա այն է, ինչ ցանկանում են Էրդողանը և Ալիևը: Քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի կյանքը վերածել դժոխքի, թույլ չտալ, որ սահմանադրական հանրաքվեն իրականություն դառնա։
Էդգար Ղազարյան.– 2015թ․ ՀՀ Սահմանադրությունը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների լավագույն Սահմանադրություններից է համարվել։ Այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից խնդիր է դրված ոչ թե պարզապես Սահմանադրությունը փոխել, այլ լուծարել մեր պետությունը, որովհետև սովորաբար եթե անհրաժեշտություն է առաջանում փոխել Սահմանադրությունը, այդ փոփոխությունը վերաբերում է կառավարման ձևին։ Եթե Սահմանադրության մեջ բովանդակային փոփոխություններ չեն լինելու, ապա ինչո՞ւ են սրանք փոխում Սահմանադրությունը, ո՞ւմ թելադրանքով են դա անում։
Նիկոլ Փաշինյանի ասած իրական Հայաստանը ստեղծվել է մեր Անկախության հռչակագրով։ Մեր Սահմանադրությունը չի ասում, որ ՀՀ-ն 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդն է, և դա ֆանտաստիկ խելացի որոշում էր։ Ժամանակին ՀՀ իշխանությունները ոսկերչական աշխատանք են կատարել Անկախության հռչակագրի տեքստը պատրաստելիս: Հանճարեղ լուծում է գտնված՝ և՛ չի անտեսում այդ պետությունը, և՛ չի մտնում նրա ստանձնած պարտավորությունների տակ։ Այդ ժամանակվա Գերագույն խորհրդում 13 պատգամավոր եղել է Լեռնային Ղարաբաղից։ Ոչ մի պարագայում հնարավոր չէ հրաժարվել Հայաստանի Անկախության հռչակագրից։ Դա հնարավոր է անել միայն պետությունը լուծարելու դեպքում։
Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի 70%-ն ադրբեջանական է։ Եվ անգամ այս պայմաններում ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում է, որ որևէ պահանջ չի դնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության, որ դա չվտանգի խաղաղության օրակարգին։
Ադրբեջանի նախագահը դեռ չի ստորագրել որևէ փաստաթուղթ, որտեղ հստակ նշվում են Հայաստանի սահմանները։ Գրանադայի փաստաթղթում անգամ թիվ նշված չէր, բայց Ալիևը չգնաց Գրանադա ու չստորագրեց այդ փաստաթուղթը։
Հայաստանում, բացի ռուսական 102-րդ ռազմաբազայից, 2-րդ ռազմական ներկայությունը ևս կա՝ ռուսական ФСБ-ի սահմանապահ ուժերը։ Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կարգավորվում է պայմանագրերով։ Եթե չեղարկվում են այդ պայմանագրերը, վերանում է հայ-թուրքական սահմանը՝ դրանից բխող խիստ վտանգավոր հետևանքներով։ Այդ ժամանակ թուրքերն անմիջապես կհանեն Ալեքսանդրապոլի պայմանագիրը, մեր երկրի անունն էլ որոշել են արդեն՝ Արևմտյան Ադրբեջան։
Սուրեն Սուրենյանց.- Կասկած չկա, որ բոլոր այն քաղաքական ավանտյուրիստները, ովքեր ուզում են Հայաստանը հանել ռուսական ուղեծրից, ի վերջո, ցանկանալու են հասնել նրան, որ Թուրքիան դնի Հայաստանի հետ սահման սահմանագծելու պահանջ, եթե, իհարկե, ուզենա։
Էդգար Ղազարյան.– Եվրոպայի խորհրդի տարածքում Եվրոպայի խորհրդի անդամ երկիրն Արցախից բռնի տեղահանում է 150.000 ժողովուրդ։ Մի հատ ձայն ԵԽ-ից լսվե՞լ է, և սա՝ այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միաժամանակ են դարձել ԵԽ ու ԵԱՀԿ անդամ՝ պայմանով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծեն խաղաղ բանակցությունների միջոցով։
Սուրեն Սուրենյանց.– ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասն այս օրերին Ադրբեջանում էր։ Ալիևը խրոխտ խոսում էր, և Կալլասը որևէ ծպտուն չհանեց ԵՄ անդամ 27 պետությունների կողմից վավերացված ԵՄ CEPA-ով ԵՄ ստանձնած պարտավորությունների մասին։
Նիկոլ Փաշինյանը 2019թ․ մայիս-հունիսին դարձավ ՀՀ առաջին ղեկավարը, ով հրաժարվեց միջնորդների հետ աշխատելուց՝ ժողովրդին խաբելով, թե իրեն փաստաթուղթ չեն առաջարկել։
Հիշեցնենք, Հայաստանի և ԵՄ միջև 2017թ. Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ CEPA-ն, որում ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:
Էդգար Ղազարյան.- ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «168 Ժամի» հենց այս տաղավարում հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ամիսը մեկ անգամ հանդիպել է Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ, ծրար է փոխանցել, որոնց բովանդակությունն ինքը չի իմացել։
2023թ․ Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։ Դա մի մարդ է, ում հետ եթե մեր դեսպանն ուզենա հանդիպել, 3 տարի հերթ պիտի կանգնի։ Նույն տարում Հայաստան է եկել նաև ԱՄՆ հատուկ ծառայության ղեկավար Բերնսը։ Հիմա հարց՝ էդ մարդիկ Հայաստան ինչի՞ էին եկել։ Դրանից առաջ ի՞նչ էր անում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Լոնդոնում։ Այդ երկրների խնդիրներն այստեղ Ռուսաստանն ու Իրանն են։ Եթե այդ մարդիկ անձամբ են գալիս այստեղ, ուրեմն նրանք երկու թիրախ ունեն՝ Իրան ու Ռուսաստան։
Սուրեն Սուրենյանց.– Ալիևն այնպիսի արդյունքների է հասել Պեկինում, որ Չինաստանում հայտարարում են, որ անվերապահ աջակցություն են հայտնում Ադրբեջանի խաղաղության օրակարգին։ Ու սա այն դեպքում, որ Ադրբեջանը միայն պահանջներ է ներկայացնում, խաղաղության օրակարգ չունի։
Էդգար Ղազարյան.– Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, իսկ ԵԱՏՄ-ն Չինաստանի հետ բանակցում է ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Իսկ այս ընթացքում Հայաստանը` կառավարություն, այնուհետև՝ ԱԺ-ն ընդունում է ԵՄ-ին անդամակցելու մի տողանոց օրենք, որը ոչ մի կապ չունի ԵՄ-ին անդամակցելու հետ, և որի վերաբերյալ ռուս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն արտահայտվել են։
Սուրեն Սուրենյանց.- Ես սկզբունքորեն կողմ եմ սահմանադրական եղանակներով իշխանության հեռացմանը, իսկ իմփիչմենթն այդ գործիքներից մեկն է։ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները ոչինչ չունեն կորցնելու, պետք է օգտվել այդ հնարավորությունից և Ազգային ժողովում անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, թեպետ ես չեմ հավատում այդ նախաձեռնության դրական ելքին։ 2026թ․ այս ուժերը ներկայանալու են հասարակությանը՝ Նիկոլին հեռացնելու քվե ստանալու համար։ Անհարմար բան կլինի, եթե իմփիչմենթի հնարավորությունից չօգտված ներկայանան։
Սա նաև ջրբաժան է լինելու՝ Հայաստանի Հանրապետության և Արևմտյան Ադրբեջանի կողմնակիցների միջև։
- Էդգար Ղազարյան.– Վաղը՝ ապրիլի 28-ին, Ազգային ժողովի 107 պատգամավորներին նամակներ ենք փոխանցելու՝ իմփիչմենթի գործընթաց նախաձեռնելու համար։ Ոմանք ասում են՝ վարչապետի թեկնածու չունենք, այն դեպքում, երբ ցանկացածի թեկնածությունը կարող են առաջադրել: Որ ասում են՝ վարչապետի թեկնածու չունենք, ես հարց եմ տալիս՝ բա որ Նիկոլ Փաշինյանը մեռավ… ի՞նչ եք անելու: ՔՊ-ն իրենը կառաջադրի, ընդդիմադիր ուժերը չե՞ն առաջադրելու թեկնածու։
Մանրամասները՝ տեսանյութում։