
«Փաշինյանը մնացել է անտեր. ՔՊ-ում անհանգիստ, լարված վիճակում են». Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն այն կարծիքին է, որ գործող իշխանություններն իրենց համար տեր են համարում Թուրքիային՝ Էրդողանին, չեն ուզում նրան ջղայնացնել:
«Աշխարհաքաղաքական այս անկայուն վիճակում նրանք տիրոջ փնտրտուքի մեջ են, և իրենց կարծիքով՝ լավագույն տերը կարող է լինել Թուրքիայի գործող իշխանությունը՝ Էրդողանի գլխավորությամբ: Դրանով է պայմանավորված, որ Հայոց ցեղասպանության հարցում չկան նախկին գնահատականները, չի երևում Հայաստանի հանձնառությունը, չկան Սփյուռքի հետ կապերը, և Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը տարվում է այնպես, ինչպես Անկարային թելադրվում է՝ պարզապես մոռացության տալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի Փաշինյանի ուղերձը, ըստ նրա՝ ուղղված էր ոչ թե հայ ժողովրդին, այլ Թուրքիային. «Այն, առաջին հերթին, հավատարմության ուղերձ էր Անկարային, իսկ հայ ժողովրդին փաստորեն այս ուղերձով ասում էր, որ՝ պետք է մոռանանք: «Իրական Հայաստանի» կոնցեպտի շրջանակներում տեսնում ենք այն, որ հայ ժողովրդին կտրում են իր պատմությունից, դարձնում պատմություն չունեցող, հետևապես՝ ինքնություն, անցյալ չունեցող ժողովուրդ: Այդ նույն «իրական Հայաստանի» կոնցեպտը նշանակում է հրաժարում ամեն ինչից, ինչը դուրս է 29.743 կիլոմետր քառակուսուց: Մենք 7 տարի առաջ չէինք պատկերացնի, որ 7 տարի հետո անգամ Օսմանյան կայսրությունը չի հիշատակվի նրա ուղերձում:
Աստված չանի, եթե այս իշխանությունները մնան, 7 տարի հետո մեր ինքնությունը ձևավորող մշակույթը, արվեստը, երգ ու պարը, մեր գրականությունը, այն ամենը, ինչ մեր ինքնությունն է կերտում, այնպես են անելու, որ հրաժարվենք: Արցախից հրաժարվելը դրա դրսևորումներից մեկն է: Սա նշանակում է, որ Հայաստանի այսօրվա ղեկավարությունն այո է ասում ցեղասպանությանը. Չդատապարտելով, իր համար խնդիր չդարձնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը՝ փաստացի, այո է ասում Հայոց ցեղասպանությանը»:
Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու ակցիան դատապարտող Փաշինյանի հայտարարությանը, նա նշեց, որ դա տիրոջ փնտրտուքի, հլու-հնազանդ կամակատար հանդիսանալու ուղերձ էր. «Նա ցույց է տալիս, որ ինչ պահանջում են, մի բան էլ բոնուսով անում է»:
Հարցին՝ այս խոսույթի տրամաբանության մեջ՝ անտե՞ր է մնացել Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց. «Անտեր մնացել է այն իմաստով, որ եթե վերջին շրջանում նրա տերը համարվում էր ԱՄՆ-ը, այսօր Արևմուտքն էլ տեր չի կանգնում իրեն, ԱՄՆ-ը, որպես այդպիսին, անմիջական իր շահերի գոտի չի համարում այս տարածաշրջանը, այլ միջնորդավորված: Ինքն իր իշխանությունը պահելու համար նոր տեր է փնտրում և իրեն տիրություն անելու, իր իշխանությունը երաշխավորելու հարցով Թուրքիային է դիմում: Անկարան դրա դիմաց պահանջում է հետևյալը՝ այն, ինչ քեզ կթելադրի Ադրբեջանը՝ կանես: Բնականաբար, այն բոլոր նախապայմանները, ինչ Թուրքիան ի սկզբանե դրել էր ՀՀ առջև, բոնուսով կատարվում են»:
Նա նշեց, որ ՔՊ-ականների մոտ հիմնավոր ձևով կա պատասխանատվության ենթարկվելու վախը, որովհետև այդ պատասխանատվությունը վաղ թե ուշ գալու է. «ՔՊ-ում անհանգիստ, լարված վիճակում են, պատասխանատվությունն անպայման լինելու է: Պետք է սթափ գնահատել իրավիճակը, իմփիչմենթի գործընթաց պետք է սկսել: Եթե այնտեղ 18-20 հոգի սթափ գնահատեն իրավիճակը, կարողանան երկխոսության մեջ մտնելով ընդդիմության և քաղաքական դաշտում խաղացող այլ ուժերի հետ՝ կենտրոնանալ կոմպրոմիսային թեկնածուի վրա, բնականաբար, դա իրատեսական է: Սա ցույց կտա նաև երկրում առկա տրամադրությունները, իսկ դրանք այն մասին են, որ Փաշինյանը դեմ է հայ ժողովրդի ազգային, պետական շահերին:
Ուստի, իմփիչմենթի գործընթացը շատ նորմալ, բնականոն գործընթաց կարող է լինել, ՀՀ-ն էլ զերծ կպահի արտաքին ինտերվենցիաներից: Եկեք հիշենք, որ երբ 2021թ. փետրվարին ԳՇ-ն Փաշինյանի հրաժարականը պահանջեց, և դա այս իշխանությունների կողմից որակվեց որպես հեղաշրջման փորձ, դրան Թուրքիան շատ զգայուն և կոպիտ ձևով արձագանքեց: Սահմանադրական գործընթացներով Նիկոլ Փաշինյանին հեռացնելը որոշակիորեն կապահովագրի Հայաստանին նաև արտաքին հնարավոր ինտերվենցիաներից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում