ՔԿ-ն՝ 44-օրյա պատերազմին առնչվող իշխանական պնդումների և «հաղորդումների» մասին. Արդյո՞ք զինվորականները ճիշտ չեն զեկուցել

«Որտեղի՞ց է Խաչատուր Սուքիասյանի՝ 44-օրյային առնչվող տեղեկացվածությունը, ո՞վ է «ինֆորմատորը»…» վերտառությամբ հոդվածում օրերս անդրադարձել ենք ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարությանը, որը հնչեցրել է լրագրողների հետ ճեպազրույցում: Նա, մասնավորապես, ասել է՝ «ես լավ ամեն ինչից տեղեկացված եմ, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ է արել, մի մասն էլ ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնենք դատական պրոցեսները»:

2024 թվականի մայիսին էլ արդեն ԱԺ ամբիոնից ՔՊ պատգամավորը, մասնավորապես, հայտարարել էր, որ «44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն», և, որ բունկեր կոչվող վայրում տեսել է Սամվել Բաբայանին, «որն այդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Արցախի նախագահին»:

ՔԿ-ն՝ Փաշինյանի և Սուքիասյանի պատերազմական պնդումների մասին տեղեկություն չի տալիս

«44-օրյա պատերազմին առնչվող Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը՝ ինքնախոստովանությո՞ւն, ցուցմո՞ւնք, թե՞ հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ մեր հոդվածում էլ ներկայացրել էինք ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ քննչական կոմիտեի պարզաբանումներն այս հայտարարության վերաբերյալ:

Կարդացեք նաև

Մասնավորապես, անցած տարի այս թեմայով մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից մեզ հայտնել էին, որ «իրականացվող մի շարք վարույթների շրջանակներում Սամվել Բաբայանը հարցաքննվել է՝ վկայի դատավարական կարգավիճակով»:

Իսկ թե արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել, կոմիտեից նշել էին. «Մի շարք հանգամանքներ քննության առարկա են դարձվել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վարույթների շրջանակներում»:

2025 թվականի ապրիլի 19-ին 168.am-ը հերթական գրավոր հարցումն է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու, թե ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ 2020 թվականի պատերազմին առնչվող պնդումները քննության առարկա դարձե՞լ են:

Միաժամանակ հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք քննության առարկա դարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ այնքան ինֆորմացիա ունի 44-օրյայի մասին, «որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի»:

Իր պատասխան գրության մեջ Արթուր Պողոսյանի ղեկավարած ՀՀ քննչական կոմիտեն հրաժարվել է նշված թեմաների վերաբերյալ տեղեկություն տրամադրել՝ նշելով. «Այս հարցադրումների հետ կապված ՀՀ քննչական կոմիտեն տեղեկատվություն չի տրամադրում»:

Ընդ որում, մերժումը որևէ կերպ հիմնավորված չէ, հղում չկա որևէ որոշման, օրենքի:

Մյուս կողմից, Քննչական կոմիտեն անուղղակի հաստատել է՝ և՛ Խաչատուր Սուքիասյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ հայտարարությունները ենթակա են քննության:

Անդրանիկ Քոչարյանը Քննիչ հանձնաժողովի զեկույցը Քննչական կոմիտեն չի ուղարկել

Ապրիլի 19-ի հարցման միջոցով ՔԿ-ից փորձել էինք պարզել նաև՝ 44-օրյային առնչվող քանի՞ քրեական գործ է դեռ գտնվում նախաքննության փուլում, քանի՞ գործ է ուղարկվել դատարան, քանի՞ գործ է կարճվել, կոնկրետ ի՞նչ գործեր են դրանք:

ՀՀ քննչական կոմիտեն խուսափել է հստակ պատասխաններից՝ սահմանափակվելով.

«2020 թվականի 44-օրյա ռազմական գործողությունների ընթացքում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում նախաձեռնվել են ավելի քան 1500 քրեական վարույթներ: Նշված քրեական վարույթներով իրականացվել է նախաքննություն և օրենքով սահմանված կարգով լուծվել է քրեական վարույթների ընթացքը»:

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ Նիկոլ Փաշինյանը տարբեր քրեական գործերի հետ կապված դժգոհում է երկարատև նախաքննություններից և դատաքննություններից:

Վերջերս ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողներին ասել էր, թե, այո, ունեն քրեական վարույթներ, որոնք առնվազն 7-8 տարի նախաքննության փուլում են, բայց սա նշանակում է՝ խնդիր կա:

Հարցման մեջ առկա մեր մեկ այլ հարցին ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ 44-օրյա պատերազմին առնչվող Քննիչ հանձնաժողովի զեկույցը չեն ստացել:

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն օրերս այս պարզ հարցին խուսափել էր հստակ պատասխանել։ 

ՔԿ-ն զինվորականների կողմից սուտ տեղեկություններ հայտնելուն առնչվող վիճակագրություն չունի

Ապրիլի 21-ին խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում մեղադրանքներ էր հնչեցրել զինվորականության և ՀՀ զինված ուժերի ռազմական նախկին ղեկավարության հասցեին՝ ասելով, թե «զինվորականները սուտ տեղեկություններ են պատմել ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակի ժամանակ, հինգ տարբեր տեղեկություններ են հայտնել. մեկը մի բան է ասել, մյուսը՝ մեկ այլ բան, այդ ընթացքում պետության ներսում գործի է դրվում 5-րդ շարասյունը»:

Նույն օրը 168.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.

– 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քանի՞ քրեական վարույթ կա զինվորականների դեմ, որը վերաբերում է պատերազմի դաշտից սուտ տեղեկություններ հայտնելուն կամ զեկուցելուն, 5-րդ շարասյան տրամաբանության մեջ գործողություններին կամ համապատասխան արարքներին, եթե նման դեպքերում օրենքով կա սահմանված պատասխանատվություն:

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է.

«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի ապրիլի 21-ի հարցման՝ հայտնում ենք, որ Ձեր մատնանշած հարցադրումների հետ կապված Քննչական կոմիտեում առանձին վիճակագրություն չի վարվում»:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր արել՝ նշելով, թե «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի», և որ «հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին»:

Շատ չանցած Փաշինյանն այս գրառումը խմբագրել էր և ավելացում արել՝ «տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում»:

Ավելի ուշ Փաշինյանը առաջ էր քաշել թեզ, որ՝ «մենք պատերազմում պարտվել ենք, որովհետև բանակում գործել է 5-րդ շարասյուն»:

168.am-ը մանրամասն անդրադարձել է այս թեմային «Իշխանափոխությունից հետո Փաշինյանի՝ դավաճանների փնտրտուքից՝ մինչև պատերազմում պարտություն բերած «5-րդ շարասյան» բացահայտում» վերտառությամբ հոդվածում:

Տեսանյութեր

Լրահոս