44-օրյա պատերազմին առնչվող՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը՝ ինքնախոստովանությո՞ւն, ցուցմո՞ւնք, թե՞ հաղորդում հանցագործության մասին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վտանգավոր հայտարարություն է արել՝ պնդելով.
«44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն: Ինչի՞, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ… Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ: Ղարաբաղի նախագահի էդ համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ էդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին: Ես ոչ մի բան ինձնից չեմ հորինում: Ես Սամվել Բաբայանին էդ ժամանակ երևի առաջին անգամ եմ տեսել և ծանոթացել: Ես շատ ճիշտ եմ ասում, էն, ինչ որ տեսել եմ»:
Այս հայտարարությունը մի շարք հարցեր առաջացրեց:
Նախ, իշխանական պստգամավորը պետք է առանց բառախաղերի պարզաբանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ինքը մուտք ունեցե՞լ է հրամանատարական կետ՝ բունկեր, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Թեև եղել են դեպքեր, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կամ թողտվությամբ որոշ մարդիկ անարգել մուտք գործել են: Իսկ եթե խոսքն Արցախի նախագահի բունկերի մասին է, այնտեղ էլ ամեն պատահական մարդ չպետք է կարողանար մուտք գործել՝ անվտանգային առումով և գաղտնիության սկզբունքից ելնելով:
Ի վերջո, Արայիկ Հարությունյանը Խաչատուր Սուքիասյանին կարող էր ընդունել իր աշխատասենյակում: Ամեն դեպքում Խաչատուր Սուքիասյանի մուտքը բունկեր անթույլատրելի է, հատկապես որ, Սուքիասյանը 2020 թվականին պատգամավոր չէր, պետական պաշտոն չէր զբաղեցնում, պարզապես գործարար էր, դրա մասին է վկայում նրա կենսագրությունը, : Խաչատուր Սուքիասյանը 2021թ. հունիսի 20-ին է ԱԺ պատգամավոր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Չնայած պատգամավորը, որ հատկապես չունի գաղտնի տեղեկությանը հասանելիության թույլտվություն, չէր կարող գտնվել ռազմական նման փակ սենյակում՝ բունկերում, մի միջավայրում, որտեղ կարող էին քննարկվել գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ, ռազմական պլաններ, գործողությունների քարտեզներ:
Այս առնչությամբ 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարությունից կփորձի պարզաբանումներ ստանալ:
Մինչ այդ հիշեցնենք 44-րյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի մասին մամուլը շատ գրեց, երբ Աննա Հակոբյանը գտնվել էր հրամանատարական կետում՝ Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ, որպեսզի գեներալներին բարոյական աջակցություն ցուցաբերի: Այսինքն, երկրի գերագույն հրամանատարը շրջանցել է, այսպես ասած, արգելքը և ապահովել պատերազմի ժամանակ իր կնոջ մուտքը հրամանատարական կետ: Հիմա պարզվում է, որ դա միակ դեպքը չէր, նույնը փաստորեն տեղի է ունեցել նաև Խաչատուր Սուքիասյանի հետ, որի մասին նոր ենք իմանում….
Ի դեպ, ժամանակին լրատվամիջոցներում բուռն էր ընդունվել բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ներկայությունը հրամանատարական կետում:
Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանել էին, որ Գալստյանն այնտեղ եղել է, քանի որ «ներկայացված նկարում քննարկման առարկա է հանդիսացել գնումների գործընթացների շրջանակներում ՀՀ զինված ուժերի կարիքների համար անհրաժեշտ համապատասխան գույքի մատակարարման գործընթացը»:
Հիմա ինչ հարցով, նպատակով կամ գուցե խնդրով է եղել Խաչատուր Սուքիասյանն Արցախում, բունկերում, պետք է պատասխանեն ոչ միայն ինքը, այլև համապատասխան մարմինները, այդ թվում՝ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանը:
ՊԲ նախկին հրամանատարը պետք է պատասխանի նաև՝ ինչի հիման վրա է Խաչատուր Սուքիասյանին տեղեկություն փոխանցվել, որ «44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն»: Իհարկե, ԱԺ ամբիոնից հնչեցրած այս մեղադրանքը հիմնավորելու համար իրավապահ և քննչական մարմինները պետք է առնվազն պարզաբանում պահանջեն իշխանական պատգամավորից:
Իհարկե, տարբեր առիթներով ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը պատերազմում պարտության տարբեր պատճառներ են առաջ քաշում՝ սլաքն ուղղելով միայն բանակի վրա, «մաքրելով» Նիկոլ Փաշինյանին, իսկ հրամանատարական կետում, նախագահական բունկերում պատահական կամ կողմնակի անձանց մուտքը պարտության պատճառ չի՞ կարող լինել:
Ի վերջո, այստեղ խնդիրն այն չէ՝ ում է իշխանական պատգամավորը մեղադրում, այլ, որ հայ զինվորը, հայ հրամանատարը կարող է զոհվել դավադրության հետևանքով:
Իսկ մինչ դա իշխանական պատգամավորին հիշեցնենք որոշ փաստեր.
Առաջին, պատերազմի օրերին, բացի գաղտնիություն պարունակող տեղեկություններ հայտնելուց, Նիկոլ Փաշինյանը հրապարակայնացրել է ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանները, որից շատ հանգիստ կարող էր օգտվել հակառակորդը, ինչը, թերևս, արվել է:
Երկրորդ, առաջարկում ենք պատերազմական պնդումներ անող Խաչատուր Սուքիասյանին ծանոթանալ 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում որոշակի փաստերի հաջորդականությանը, գուցե շղթայական կապ դրանց միջև էլ գտնի իշխանական պատգամավորը:
Երրորդ, Խաչատուր Սուքիասյանը գուցե տեղեկություն ունենա կամ բացատրություն գտնի՝ 2018-ին պետական դավաճանություն կատարած անձը ինչպես է 2020-ին հայտնվել պատերազմի դաշտում: Միգուցե հրամանատարական կետերի և լավագույն հրամանատարների՝ հակառակորդի կողմից թիրախավորումը պատահական չի՞ եղել, միգուցե պետք էր պարտվել, բայց ոչ այն կոնտեքստում, ինչում ինքն է զինվորների սպանությունը տեսնում:
Չորրորդ, 2020 թվականի նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աղաջանյանն այցելել էր մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ ԱԱԾ փոխտնօրեն Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները:
Սրանից 2 օր հետո Նորայր Միրզոյանը զոհվում է նույն հատվածում՝ Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ, նաև 2020 թվականի նոյեմբերի 3-ին առաջնագծում ներկա Աղաջանյանի մեկ այլ տեղակալ՝ Արայիկ Գրիգորյանը:
Այս շարքը կարելի է շարունակել…