
Որտեղի՞ց է Խաչատուր Սուքիասյանի՝ 44-օրյային առնչվող տեղեկացվածությունը, ո՞վ է «ինֆորմատորը»…

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերթական անգամ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարություն է արել։
«Ես լավ ամեն ինչից տեղեկացված եմ, ձեզ եմ ասում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեծ մասը չի կռվել, մի մասն ինադու սաբոտաժ է արել, մի մասն էլ ինադու տվյալներ է տվել, սա բոլորը գիտեն, ընթացքում էլ կտեսնենք դատական պրոցեսները»,- ասել է նա՝ հավելելով, թե քրեական գործեր կան:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին ԱԺ ամբիոնից ՔՊ պատգամավորը պնդել էր.
«44-օրյա պատերազմի ժամանակ միտումնավոր մարդիկ տեղերը տվել են, որ մեր զինվորներին սպանեն: Ինչի՞, որպեսզի այդ ժամանակվա իշխանությունը պարտվի, որպեսզի կարողանան որոշ քաղաքական ուժեր, մարդիկ… Ես այնտեղ եմ եղել, դուք էլ գիտեք, որ սեպտեմբերի 29-ին եղել եմ այնտեղ: Ղարաբաղի նախագահի էդ համապատասխան բունկեր էր կոչվում, այնտեղ եղած ժամանակ տեսել եմ Սամվել Բաբայանին, որ էդ մտքերն ասել է այդ ժամանակվա գործող Ղարաբաղի նախագահին: Ես ոչ մի բան ինձնից չեմ հորինում: Ես Սամվել Բաբայանին էդ ժամանակ երևի առաջին անգամ եմ տեսել և ծանոթացել: Ես շատ ճիշտ եմ ասում, էն, ինչ որ տեսել եմ»:
168.am-ը «44-օրյա պատերազմին առնչվող՝ Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը՝ ինքնախոստովանությո՞ւն, ցուցմո՞ւնք, թե՞ հաղորդում հանցագործության մասին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նշել էինք, որ իշխանական պատգամավորը պետք է առանց բառախաղերի պարզաբանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին ինքը մուտք ունեցե՞լ է ԶՈՒ հրամանատարական կետ՝ բունկեր, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելվում է, թե՞ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Խաչատուր Սուքիասյանին ընդունել է, այսպես ասած, իր տարածքում:
Ի դեպ, Սուքիասյանը 2020 թվականին պատգամավոր չէր, պետական պաշտոն չէր զբաղեցնում, պարզապես գործարար էր: Խաչատուր Սուքիասյանը 2021թ. հունիսի 20-ին է ԱԺ պատգամավոր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամեն դեպքում, մենք հարցում էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն, որտեղից մեզ պատասխանել էին.
«Հիշատակված հայտարարության մեջ չի նշվում զինված ուժերի հրամանատարական կետ մուտք գործելու մասին, ուստի հարցադրումը ՀՀ պաշտպանության նախարարության տիրույթում չէ»:
Միաժամանակ, այս համատեքստում մեկ այլ հարցի ի պատասխան՝ ըստ կանոնակարգի՝ ովքե՞ր կարող են մուտք գործել հրամանատարական կետ, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին. «Առհասարակ, ղեկավար փաստաթղթերի համաձայն, հրամանատարական կետերում գործառութային պարտականություններ կատարող համապատասխան պաշտոնատար անձանց մուտք գործելու համար տրվում են մշտական կամ ժամանակավոր թույլտվություններ»:
Խաչատուր Սուքիասյանի՝ 2024 թվականի հայտարարության առնչությամբ հարցում էինք ուղարկել նաև Քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրումներով.
– Խաչատուր Սուքիասյանը հղում է անում 2020 թվականի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին, ուստի Քննչական կոմիտեն հնարավո՞ր է նրան ևս հարցաքննության կանչի:
– 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել:
Իր պատասխան գրության մեջ ՀՀ քննչական կոմիտեն նշել էր.
«ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի շարք վարույթների շրջանակներում Սամվել Բաբայանը հարցաքննվել է՝ վկայի դատավարական կարգավիճակով»:
Իսկ թե արդյոք 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի շրջանակում եղե՞լ են նման դեպքեր, կամ՝ բացահայտվե՞լ են նման հանգամանքներ, երբ զինվորները, սպաները, հրամանատարները դավադրության արդյունքում են հակառակորդի կողմից թիրախավորվել, ՀՀ քննչական կոմիտեից պատասխանել էին, որ «մի շարք հանգամանքներ քննության առարկա են դարձվել 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող վարույթների շրջանակներում»:
Մենք կփորձենք այս անգամ ևս հարցում ուղարկել համապատասխան մարմիններին, ի վերջո, ՔՊ պատգամավորի հայտարարությունները կարող են դիտարկվել և՛ ինքնախոստովանություն, և՛ հաղորդում հանցագործության մասին, և հարց է նաև իր տեղեկացվածության մակարդակը 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ:
Գուցե Խաչատուր Սուքիասյանն էլ Նիկոլ Փաշինյանի նման այնքան ինֆորմացիա ունի պատերազմի մասին, «որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած՝ դրա կեսի ինֆորմացիան էլ չունի», որի վրա համապատասխան մարմիններն աչք փակեցին:
Ի դեպ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 27-ին հետևող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը: