ՔՊ-ականներ, Գյումրիում մի՛ փնտրեք. երկրի թիվ մեկ ծաղրածուն ու կրիմինալը Նիկոլ Փաշինյանն է. ուշադիր եղեք՝ ովքեր են ասում՝ ով բերեց Նիկոլին. 2026 թվականը  2021-ի կրկնությունը չի կարող լինել. Սուրեն Սուրենյանց

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Նախ, արձանագրենք և դրական համարենք, որ ՔՊ-ի նոմինալ ծրագիրը չաշխատեց, և ՔՊ-ն Գյումրիում չունեցավ քաղաքապետ։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրողությունը՝ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար ՔՊ-ի կամ Մարտուն Գրիգորյանի դուռը լինելու է «սրբի դուռ»։

Մյուս կողմից, շատ տարօրինակ էր ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի հայտարարությունը։ Ձեր գովերգած խորհրդարանական կառավարման մոդելն է, որը Սահմանադրությամբ էլ չեք ուզում փոխել։ 19 կամ 18-ը 14-ից մեծ է, ուրեմն ինչի՞ պետք է ավագանու առաջին նիստից առաջ խոսել Գյումրիում քաղաքապետի արտահերթ նոր ընտրությունների մասին։ Սարիկի այդ հայտարարությունը նշանակում է, որ ՔՊ-ն սաբոտաժի է գնալու։ Սարիկ Մինասյանը շատ փոքր մարդ է, սա ՔՊ-ի որոշումն է։ Ավագանու նիստերը կբոյկոտեն, թքած ունեն Գյումրիի ու նրա հոգսերի վրա։ Սա նշանակում է՝ քաղաքի սուբվենցիոն ծրագրերն էլ չեն հաստատվի։ 

Կարդացեք նաև

  • Երկրի թիվ մեկ ծաղրածուն ու կրիմինալը Նիկոլ Փաշինյանն է։ Գյումրիում նման բան փնտրողները թող նայեն թեկուզ՝ ամենաթարմ, երեկվա ԱԺ նիստը։

Ալիևն էր ՔՊ-ի իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանին անվանել «հարբած ծաղրածու»: ՔՊ-ականները ծաղրածուներ ուրիշ տեղ թող ման չգան:

  • Իմ կանխատեսումը մնում է ուժի մեջ․ Վարդան Ղուկասյանը հայտնվելու է կա՛մ ՔՊ թիրախում, կա՛մ թակարդում։
  • Այսօր ինձ համար անընդունելի բան է տեղի ունեցել և՛ մայրաքաղաքում՝ Երևանում, և՛ հայրաքաղաքում՝ Գյումրիում։ Երևանում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իր անձնական դիրքորոշումն է, որ Անկախության հռչակագիրը նոր Սահմանադրության մեջ չպիտի լինի, ինչը ցուցում է։ Իսկ Վարդան Ղուկասյանն ավագանու նիստից հետո արեց իր մանդատից չբխող հայտարարություն՝ ասելով, որ ինքն ուզում է, որ Հայաստանը դառնա Միութենական պետության մաս։ Սա շատ տգեղ է և խոսում է ինքնիշխանության դեֆիցիտի մասին։ Ես որքան դեմ եմ Հայաստանի ուկրաինացմանը, նույնքան դեմ եմ Հայաստանի բելառուսացմանը։
  • Մարտուն Գրիգորյանը մարդ է, ով սեփական էլեկտորատը մասամբ կորցնելու գնով խիզախեց ու հայտարարեց Վարդան Ղուկասյանին աջակցելու ու քաղաքապետ դարձնելու մասին։

  • Վարդան Ղուկասյանին ընտրողները նրան մանդատ չեն տվել Միութենական պետությանը կողմնակից լինելու մասին հայտարարություն անելու համար։ Ողջ քարոզարշավի ընթացքում Վարդան Ղուկասյանը քննադատել է Հայաստանի 1-ին և 3-րդ նախագահներին, նրանք էլ պատասխանատու չեն Վարդան Ղուկասյանի քաղաքական հայտարարությունների և նրա քայլերի համար։ Գյումրիի ավագանու մյուս 3 խմբակցություններն էլ նախապես են ասել՝ ոչ մի պատասխանատվություն չեն կրելու նրա հայտարարությունների ու գործողությունների համար։ 

Կոմկուսի հետ Վարդան Ղուկասյանն անձնական կապեր ունի․ զուտ այստեղ-այնտեղ չընկնելու համար՝ Կոմկուսով է առաջադրվել։ Վարդան Ղուկասյանի շտաբ «Հայաստան» խմբակցության 2 պատգամավորներ (ըստ ամենայնի՝ Սեյրան Օհանյանն ու Իշխան Սաղաթելյանը,- հեղ.) պարբերաբար այցելել են, քննարկումներ են ունեցել։ Դա ես եմ տեսել։ Ինքը՝ Վարդան Ղուկասյանը, հրապարակայնորեն գովերգում է Ռոբերտ Քոչարյանին, մյուս երկու նախագահների նկատմամբ տարածում է ամենաանհնարին ստերը։ Հետևաբար՝ այդ շրջանակները պիտի Վարդան Ղուկասյանի բերանը փակեն, որ նա զերծ մնա նման էպատաժային հայտարարություններ անելուց։ Նրան իրենց մանդատով աջակցած ընդդիմադիր ավագանու անդամները նույնպես պիտի խոսեն Վարդան Ղուկասյանի հետ, որ նա իր հայտարարություններով չվնասի ողջ ընդդիմությանը։

  • Վարդան Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի լավագույն այլընտրանքը չէ, և ՔՊ-ն սա քարոզչական նպատակներով օգտագործելու է։ Ճիշտ տարբերակը կոալիցիան էր ու որպես այլընտրանք՝ կարող էին համաձայնության գալ, օրինակ, Ռուբեն Մխիթարյանի անձի շուրջ՝ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի և Մարդուն Գրիգորյանի միջև եղած խնդիրները։
  • Թող ինձ ների Միքայել սրբազանը, բայց Ռուբեն Մխիթարյանին քարոզարշավի ընթացքում կեղծ ընդդիմադիր անվանելը Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնելու ծրագրի մաս էր, որպեսզի հետո Ռուբեն Մխիթարյանն արագ հայտարարի, որ կողմ է քվեարկելու Վարդան Ղուկասյանի թեկնածությանը։
  • Ես մի քանի մարդ եմ ճանաչում, ովքեր հեղափոխության հենց արշալույսից դուրս են եկել ՔՊ-ի դեմ․ մեկը Ռուբեն Մխիթարյանն է, այն դեպքում, երբ Միքայել սրբազանը 2018-ին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին և հեղափոխություն կոչվածին։ Պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Բոլորս ամեն ինչ գիտենք, շատ փոքր երկիր է։ Որոշակի քաղաքական կամ հասարակական խմբեր պաթոլոգիկ անհանդուրժողականություն ունեն Սերժ Սարգսյանի հանդեպ։
  • 2018-ի պսևդոհեղափոխությունը ներքին և արտաքին մի շարք գործոնների համակցություն էր։ ՀՀ 3-րդ նախագահն ու իր թիմը մազոխիստ չէին, որ իրենց դեմ այդքան ժողովուրդ հանեին, դագաղներով ու պսակներով… Ի վերջո, եթե նպատակը լիներ իշխանություն պահելը, կար Մարտի 1-ի օրինակը, որ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջում…  Հիմա որոշ շրջանակներ ասում են՝ թող Սերժ Սարգսյանը կրակեր 2018-ին, մի քանի մարդ էլ թող մեռներ… Ինչի՞ կրակեր Սերժ Սարգսյանը, որ հետո պատմության անեծքի՞ն արժանանար, քաղաքացիական պատերա՞զմ լիներ։ Երկու մարդու անկեղծությանը ես հավատում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի։ Երկուսին էլ հարցրել եմ՝ ինչո՞ւ են հրաժարական տվել, երկուսն էլ ասել են՝ քաղաքացիական պատերազմի վտանգ կար։ Սերժ Սարգսյանին այսօր մեղադրողների զգալի մասը 2018թ․ ապրիլ-մայիսին եղել են հասարակության շարքերում։ Ուղղակի այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանին չէին ճանաչում, չգիտեին, որ նրան անուն-ազգանուններ պետք չեն, որ նրան պետք  են ուսապարկեր։ Այդ մարդիկ հույս ունեին պաշտոն ստանալ ու տաքուկ տեղավորվել նրա ստվերում…

  • Ո՞նց կարող էին միջուկային 3 գերտերություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, միակ տարբերակի կոնսոլիդացված կողմ լինել, ու հակամարտության կողմերից փոքր Արցախը կարողանար ի դերև հանել նրանց նպատակները։ Նման բան հնարավոր չէ։ Վերջերս, երբ «Ազատություն» ռադիոկայանը Մեղրիի տարբերակի մասին ռեպորտաժ պատրաստեց, ես մի բան հասկացա՝ Ռուսաստանը 1998-ին կողմ չի եղել Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին։ Ելցինն անգամ աջակցություն է առաջարկել, ինչից 1-ին նախագահը հրաժարվել է։ 

Իմ կարծիքով՝ 1998թ․ԱՄՆ-ը ունեցել է Պլան Բ՝ ի դեմս Մեղրիի տարբերակի, ու կարծում եմ, դա կարող էին առաջարկել Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա արցախցի էր, ու ԱՄՆ-ը մտածել է, որ կարող էր Ռոբերտ Քոչարյանը համաձայնել փոխանակման տարբերակին։ Կգա ժամանակը, և Հայաստանի շատ դերակատարներ այդ մասին կխոսեն։

Ի դեպ, ընթերցողին հիշեցնենք, որ 2014թ. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական (1994-97թթ.), դիվանագետ, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը «168 Ժամին» 2 մասից բաղկացած հարցազրույցում (մաս 1 և մաս 2) պատմել էր՝ ինչպես ԱՄՆ-ը նախապատրաստեց Տեր-Պետրոսյանի հրաժարականը, և ինչպես աջակցեցին Ռոբերտ Քոչարյանին: Ներկայացնենք որոշ հատվածներ Ժիրայր Լիպարիտյանի այդ հարցազրույցից:

«Նուլանդը հին դեմք է: Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան: Վիկտորյա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում: Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ: ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին: Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց` օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն, և երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի:

 – Իսկ ո՞րն էր ԱՄՆ-ի շահը:

 – ԱՄՆ-ի շա՞հը: Սա իմ մեկնաբանությունն է. այն ժամանակ Ղարաբաղի, Իրանի, Թուրքիայի հարցերով ես բանակցում էի նաև ամերիկացիների հետ, քանի որ նրանք խառնվում էին ամեն հարցի: Եվ ուրեմն Հայաստանում իրենց անհրաժեշտ էր մարդ, ով անկախ չէր մտածում և իրենց պարտք էր, իսկ Տեր-Պետրոսյանն իրենց պարտք չէր:

 – Ենթադրում եմ, որ նույնն ուզում էր նաև Ռուսաստանը:

 – Դե, ընդհանրապես, դա այդպես էր, բայց ասեմ անկեղծորեն` այն ժամանակ Ռուսաստանն ավելի շատ հարգանք էր ցույց տալիս Հայաստանի Հանրապետության և պետական որոշումների նկատմամբ, քան` ԱՄՆ-ը: Ամերիկացիները նյարդայնանում էին, երբ Հայաստանն ինքնուրույն որոշումներ էր կայացնում` ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի նախագահների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի: Հայաստանում այդ ժամանակվա ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսոնը շատ մեծ աշխատանք տարավ տկարացնելու համար Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև պետականությունն ու ներքին քաղաքական կայունությունը:

 Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Վիկտորյա Նուլանդը եկավ Հարվարդի համալսարան ելույթ ունենալու, ուր ինձ էլ էին հրավիրել, վերջում Նուլանդը մոտեցավ, ասաց. «Դու բան չասացիր»: «Մանրամասները չգիտեմ, չեմ կարող կարծիք հայտնել,- պատասխանեցի, բայց հավելեցի,- տպավորություն ստացա, որ շատ ուրախ եք այս փոփոխությամբ»: «Այո»,- ասաց նա: Հարցրեցի`«Կարո՞ղ եք բացատրել»: Ասաց` «Դե, Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ մարդ չէ, նա չի կարող խաղաղություն հաստատել: Բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է և պիտի խաղաղություն հաստատի, խոստացել է»: Ես ասացի. «Եկեք պայմանավորվենք հետևյալը` Ռոբերտ Քոչարյանն առնվազն 10 տարի պետք է լինի նախագահ, բանակցություններում ոչ մի գործնական քայլ առաջ չենք գնալու, որովհետև նա դա չի ուզում: Եթե սխալ եմ, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ, իսկ եթե ոչ, Դուք ինձ կզանգեք և կասեք, որ ամերիկյան քաղաքականությունը սխալ էր»:

  • Նրբություններ կան, որոնք Հայաստանի ցանկացած ղեկավարի ստիպում են դողալ հայ-վրացական հարաբերությունների վրա։ Ժամանակին Միխայիլ Սահակաշվիլուն Սերժ Սարգսյանը մեդալ տվեց, զենք բերեց։ Այո, շատերը դա շահարկեցին և օգտագործեցին Սերժ Սարգսյանի դեմ: Բայց կասկած չունեմ, որ եթե իր շահերը պահանջեին, Ռուսաստանն էլ մեդալ կտար նրան։
  • Մեր հասարակությունը 35 տարվա հասարակություն է, բայց դեռ խոցելի է։ Մինչև այժմ անպաշտպան ենք արտաքին և ներքին տեղեկատվական դիվերսիաների դեմ։

  • Ես կարծում եմ, որ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները կոճակ սեղմելով և ուղղակիորեն «դեմ» քվեարկելով՝ պետք է ցույց տային, որ Հայաստանում լայն կոնսենսուս չկա «Եվրաքվեի» նախագծի հետ կապված։ Այս նախաձեռնությունը CEPA-ն թաղելու համար էր. ԵՄ 27-ից ավելի երկրների խորհրդարաններ հաստատել էին CEPA-ն, ինչը նշանակում էր պատասխանատվություն կրել Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար։ Ինձ համար անհասկանալի էր, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց ԵՄ անդամակցության այդ նախագծի քվեարկությանը։ Եվրամիությունից հիմա ստանալու ենք CEPA-ի կարգի, ոչ ավելի լավ մի փաստաթուղթ, բայց առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի։ Ստացվեց՝ դեմ չքվեարկողներն օգնեցին, որ ԵՄ-ն խուսափի պատասխանատվությունից։ 

Հիշեցնենք, 2017թ. նոյեմբերին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը: Համաձայնագիրը վավերացվել է Հայաստանի Հանրապետության, բոլոր ԵՄ անդամ պետությունների և Եվրոպական խորհրդարանի կողմից՝ սահմանելով կարևոր նշաձող ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ 

  • Զանգեզուրի միջանցքի թեման շատ շուտով ակտիվորեն ներառվելու է հայ-ադրբեջանական բանակցություններում։
  • Ցանկացած պարտված երկիր բանակցությունների օրակարգում դնում է երկու շատ կարևոր բաղադրիչ՝ նախ, որ կարգավորման պայմանագրում բոլոր խնդիրներին անդրադարձ լինի, անգամ, եթե կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրվում, և, որ ուժեղ միջազգային միջնորդների ներկայություն ապահովվի կարգավորման հարաբերություններում։ Նիկոլ Փաշինյանն այս երկուսի ճիշտ հակառակն է արել։ Դրանից հետո հասկանալի էր, որ շարունակական կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզ է սոսկ քննարկվելու։
  • Ալեն Սիմոնյանը վերջերս ելույթ ունեցավ «Սիվիլնեթով», ու ինձ թվաց՝ վերջում ասելու է՝ Ադրբեջանը Սյունիքում կրակում է հումանիստական նպատակներով։
  • Սյունիքը դատարկվում է, որովհետև մարդիկ չեն կարող անընդհատ կրակոցների տակ ապրել։ Նույնիսկ բնակիչները հստակ ժամ գիտեն, ասում են՝ ամեն երեկո՝ բուդիլնիկի պես, ժամը 22:30-ից սկսում են կրակել։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է ասում, ինչի՞ն է համաձայն Սյունիքի, մասնավորապես՝ Մեղրիի բնակչությունը։
  • Երբեք ռուսաստանցի որևէ պաշտոնյա «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չի գործածել, եթե ստիպված ասել են, ապա միայն, «այսպես կոչված, Զանգեզուրի միջանցք» ձևակերպմամբ։
  • «Խաղաղության պայմանագիր» կեղծ թուղթը, որը խաղաղության մասին չէ, Նիկոլ Փաշինյանին երկու նպատակով է պետք։ Մեկը, որ էն ժեշտի, չագուչի փոխարեն, երգելով, լացելով, պարելով ընկնի դռնեդուռ, ասի՝ ձեզ խաղաղություն եմ բերել, մեկ էլ, որ Ռուսաստանին վերջնականապես հանի էս տարածաշրջանից, որովհետև միայն էդ թղթով կարող է հրաժարվել Նոյեմբերի 9-ի պայմանագրից։ Բայց Նիկոլ Փաշինյանն արկածախնդիր չէր լինի, եթե մի արկածախնդրությունը մյուսով չփոխարիներ։ Փաշինյանին միայն մի բան կխանգարի՝ ռուս-ամերիկյան համաձայնությունը։ Միայն այդ դեպքում մենք կկարողանանք պահպանել մեր պետությունը և չդառնալ ադրբեջանական ենթապետություն։
  • Ժամանակին ես գրել եմ՝ պետք է ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի սխալի սինդրոմից։ «Ես կրելու եմ» սինդրոմը սխալ է, որովհետև դա նշանակում է արժեզրկել ընդդիմադիր մյուս քաղաքական սեգմենտներին։ Եթե չլիներ «կրելու եմ»-ը, 2021թ․ կարող էր ձևավորվել իդեալական ստատուս-քվո։ Բայց մարդն ասաց՝ մարդ ունեմ Հյուսիսում, բայց պարզվեց, որ Հյուսիսի համար Նիկոլ Փաշինյանն ավելի լավ թեկնածու էր, քան Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանն ավելի լավ մարդ ուներ Հյուսիսում։ 
  • 2026 թվականը 2021 թվականի կրկնությունը չի կարող լինել։ Հաղթելու է այն թեկնածուն, ով կհամագործակցի բոլորի հետ, բայց հույսը չի դնի նախկին նախագահներից որևէ մեկի կերպարի վրա։ 
  • Եկեք իմփիչմենթի գործընթացը որպես թրիգեր օգտագործենք։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս