Ժիրայր Լիպարիտյան. «Արևմուտքն, այնուամենայնիվ, ունի Ռուսաստանի կարիքը»

Հարցազրույց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդական (1994-97թթ.), դիվանագետ, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ

– Պարոն Լիպարիտյան, կարելի է ասել, որ ուկրաինական ճգնաժամն այն կետն էր, որը ցայտուն կերպով ցույց տվեց Արևմուտք-Ռուսաստան բախումը, և շատերի կարծիքով` վերածնեց Սառը պատերազմը: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը: Արդյո՞ք այլևս չեն գործում հին աշխարհակարգի կանոնները, կարիք կա՞ նոր սկզբունքներ սահմանելու:

– ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի հակադրությունն` ընդդեմ ԽՍՀՄ-ի, հետո` Ռուսաստանի, չի դադարել տարբեր պատճառներով: Դա շատ հստակ էր հատկապես մեր տարածաշրջանում, ուր այն արտահայտվում էր տարբեր ձևերով: Ակնհայտ էր, որ Վրաստանն ուզում է մտնել ՆԱՏՕ, մենք չենք ուզում, իսկ Ադրբեջանն ավելի չեզոք դիրք էր բռնել. ԱՄՆ-ը ցանկանում էր Ադրբեջանից Թուրքիա նավթամուղ կառուցել, Ռուսաստանը դեմ էր: Եվ երկուսն էլ Մինսկի խմբի անդամ լինելով` խուլ կոնֆլիկտի մեջ էին` ԼՂ հարցի լուծումը յուրաքանչյուրն իր շահերին ծառայեցնելով: Սրանք մանր հարցեր են թվում, բայց ակնհայտ է, որ մրցակցությունը շարունակվել է, փոխվել է միայն այն, որ Սառը պատերազմին հատուկ գաղափարական պայքարի դերն է նվազել:

Ուրեմն` պայքարը երկու բևեռների միջև մշտապես շարունակվել է:
1991-ին հայր Բուշը հռչակեց նոր աշխարհակարգ («The New World Order»), և դրա առաջին ու վերջին արտահայտության արտացոլումը Պարսից ծոցի առաջին պատերազմն էր, երբ Իրաքը ներխուժեց Քուվեյթ: Կոալիցիոն դաշինքը` ԱՄՆ-ի գլխավորությամբ և Ռուսաստանի համաձայնությամբ, հետ քշեց Սադամին: Բայց դրանից հետո երկու ճամբարներում էլ եղել են ուժեր, որոնք դեմ գնացին այդ նոր աշխարհակարգին: Ռուսաստանում կային ուժեր, որոնք կարծում էին, թե ԽՍՀՄ փլուզումը մեծ սխալ էր և նվաստացուցիչ կորուստ, իսկ մյուս ճամբարում` ԱՄՆ-ում, կային մարդիկ, ովքեր ասում էին` սա առիթ է Ռուսաստանին նսեմացնելու և տկարացնելու համար: Այդ պատճառով էլ շատ հարցեր լուծեցին այնպես, որ այն խնդիրներ առաջացրեց Ռուսաստանի համար:

Կարդացեք նաև

Օրինակ, ԽՍՀՄ-ը խոստացել էր դուրս բերել խորհրդային զորքերն արևելյան Եվրոպայից և չընդդիմանալ Գերմանիաների միավորմանը` պայմանով, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի իր կողմը:

ZbigԻմ կարծիքով` ԱՄՆ-ի հռետորաբանությունը, թե` մենք կաշխատենք Ռուսաստանի հետ և այլն, անկեղծ չէր, որովհետև այնպիսի քայլեր էին անում, որ Ռուսաստանը տկարանա: Եվ այդ գործում մեծ դեր էր խաղում, օրինակ, ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաքաղաքական մտածողը` Զբիգնև Բժեզինսկին, ով մի փոքր տարբեր է Քիսինջերից:

Նա 1996-ին մի գիրք գրեց` «Մեծ խաղը» վերնագրով, որի թեզը հետևյալն էր. այսօր ԱՄՆ-ը միակ գերպետությունն է և պետք է մնա այդպիսին 15-30 տարի, դրանից հետո միակը չի լինի, մյուսներն էլ կուժեղանան և խնդիրներ կառաջացնեն ԱՄՆ-ի համար: Իր պատկերացմամբ` 15-30 տարվա այդ պատուհանը Միացյալ Նահանգներն օգտագործելու էր կարևոր հակամարտությունները լուծելու և, ընդհանրապես, որտեղ հնարավոր է` ստեղծելու համար այնպիսի համակարգ, որպեսզի այդ պետություններն ամերիկամետ դառնան, երբ արդեն ԱՄՆ-ը միահեծան չի լինի:

– Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանի վերջին գործողություններն ԱՄՆ-ի այս քաղաքականության ռեակցիան էր:

– Բավականին չափով` այո: Այսինքն` մինչև Սիրիայի կռիվներն էլ Ռուսաստանին դուր չէր գալիս այն, ինչ ԱՄՆ-ը և Արևմուտքն անում էին (ՆԱՏՕ, հրթիռային համակարգ, Կասպից ծովի նավթային ու գազային մթերքների շուկայացման հարց, Կոսովո), բայց նա տակավին անհրաժեշտ կազմակերպվածություն ու լծակներ չուներ: Ռուսաստանը նաև փորձում էր «մոդուս վիվենդին» պահել: Այդուհանդերձ, հակադրությունը կար: Ամերիկյան քաղաքականությունը խնդիրներ ստեղծեց Ռուսաստանի համար, իսկ Ռուսաստանը հարցեր լուծելու մի քանի ձև գիտի:

– Ռազմական…

– Իհարկե, ռազմականն ամենադյուրինն է, և Ռուսաստանում կա այդ տրամադրությունը. որքան հնարավոր է` պիտի հետ քշենք, որովհետև այսօր Եվրոպայի տնտեսությունը բավական թուլացած է, և ԱՄՆ-ը այնքան ուժեղ չէ: Այս հարցում, իհարկե, շատերը մեղադրում են Օբամային, բայց ԱՄՆ-ը Օբաման չի տկարացրել: ԱՄՆ-ը տկարացավ Իրաքում, նույնիսկ Աֆղանստանում` սխալ քաղաքականության, ինչպես նաև` վայրենի կապիտալիզմի հետևանքով:

PD*66584855

– Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչ է այժմ ուզում Արևմուտքը, մեկուսացնե՞լ Ռուսաստանին, վերջնականապես թուլացնել նրան կամ գուցե պայմանավորվե՞լ նրա հետ:

– Նախ` ճշտեմ հետևյալը, որ վերլուծաբաններն իրենց վերլուծություններում հաճախ են խոսում այս կամ այն միջազգային սկզբունքի մասին: Պետք է դա մոռանալ: Որևէ մեծ պետություն սկզբունքով չի առաջնորդվում: Երբ իրեն պետք է, շահագործում է այս սկզբունքը, երբ պետք չէ, մյուսն է շահագործում: Ռուսաստանը Ղրիմում ասում է` ինքնորոշման իրավունք, իսկ Չեչնիա՞ն, մոռացա՞վ Չեչնիան:

Մեկ ուրիշ դեպքում ԱՄՆ-ը ճանաչել է Կոսովոյի ինքնորոշման իրավունքը, իսկ ինչո՞ւ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը կամ Ղրիմը: Իհարկե, Ղրիմի պարագայում այդ գործընթացը մի փոքր արագ եղավ, և վստահ չեմ, թե ինչպես եղավ հանրաքվեն, բայց մեծ հիմքեր էլ չունեմ մտածելու, որ մեծամասնությունը կարող էր դեմ լինել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:

Շատ կարևոր է հասկանալ, որ ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի փլուզումից հետո և այդ ընթացքում կար ընդհանուր մոտեցում, որը «նոր աշխարհակարգի» կարևոր սկզբունքներից մեկն էր. միջազգային հանրությունը չի ճանաչելու ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի որևէ քաղաքական միավորի անկախությունը, որը դաշնային միավորից ցածր է:

Այսինքն` ԽՍՀՄ-ում միայն 15 պետություն կարող էր լինել, Հարավսլավիայում` 6, դրանցից ներքև` ինքնավար հանրապետություն, ինքնավար մարզ և այլն, չեն ստանալու ճանաչում` որպես միջազգային իրավունքի սուբյեկտ: Սա այն քիչ սկզբունքներից էր, որը, ճիշտ կամ սխալ, բայց ընդհանուր էր մեծ երկրների համար, որովհետև գերտերությունների մեծ մասն ուներ այդպիսի խնդիրներ: Բայց ինչո՞ւ ամերիկացիները ճանաչեցին Կոսովոն: Ռուսաստանը նախազգուշացրեց` եթե ճանաչեք Կոսովոն, ես կճանաչեմ Հարավային Օսիան և Աբխազիան:

Ես գիտեմ, որ այդ շրջանում Սահակաշվիլին Վաշինգտոնում էր և հանդիպել էր պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, թե` խնդրում եմ, մի ճանաչեք Կոսովոն, Ռուսաստանն առիթի է սպասում, որ պոկի Աբխազիան և Հարավային Օսիան: Կոնդոլիզա Ռայսը պատասխանել էր, թե` այդ մասին մի խոսեք այլևս, որոշված, վերջացած հարց է: Ուրեմն` երբ դա արեցին, մտածեցի՞ն ապագայի, Վրաստանի մասին:

Ո՛չ: Ռուսաստանը Չեչնիային խփեց, և այդ պարագայում պետություններն ընդունեցին տարածքային ամբողջականության սկզբունքը:

Հետևաբար, սկզբունքների հիման վրա քաղաքականություն ակնկալելը սխալ է: Սրա հետևանքն այն է, որ սկսում ենք ուրախանալ, թե ինքնորոշման իրավունքն է տիրապետողը: Եվ դա մեզ դուր է գալիս, քանի որ Ղարաբաղի հարց ունենք, բայց մեծ պետություններն այդ սկզբունքով չեն առաջնորդվում: Սկզբունքներն իրենց համար չեն: Դրանք մեզ` փոքր ժողովուրդներիս համար են:

Ինչ վերաբերում է Արևմուտքի մտադրություններին, եթե հետխորհրդային համակարգը պայմանավորվածության հարց էր, յուրաքանչյուրը պիտի վստահեր մյուսի հետ պայմանավորվածությանը: Ո՛չ Ռուսաստանն է վստահում Արևմուտքին, ո՛չ էլ Արևմուտքը` Ռուսաստանին: Ուրեմն` պայմանավորվածությունը խորապես պայմանական է: Թերևս, կողմերից որևէ մեկի նպատակն առճակատումը չէր, սակայն իրենց քայլերի տրամաբանությունն անխուսափելիորեն տարավ առճակատման շարունակության ու հանգեցրեց ներկա փուլին: Այսինքն` կողմերից որևէ մեկը խորքային փոփոխություն չի մտցրել իր մտածելակերպի մեջ:

Արևմուտքը, համենայնդեպս, մտածում է, թե ինքն ավելի մեծ արժեքների համակարգ ունի, ժողովրդավարության դրոշակակիրն է, և հավատում է, որ ինչ անում է, չի կարող վատ լինել:

Նա ասում է` Ուկրաինայի ժողովուրդն ինքն է որոշել, որ ուզում է Եվրամիության հետ գործ ունենալ, բայց այդ բոլորը, ըստ իս, հաստատում է, որ ԱՄՆ-ը միայն ինքն իր հետ է բանակցում: ԱՄՆ-ը յուրահատուկ մոտեցումներ ունի: Լավագույն դեպքում Եվրոպայի հետ է խորհրդակցում, բայց պարզվեց, որ Եվրոպան էլ իր հոգը չէ: Ի՞նչ ասաց այդ պետքարտուղարի տեղակալը` Վիկտորյա Նուլանդը, ի՞նչ բառ գործածեց եվրոպացիների մասին:

– «Եվրամիության հերն էլ անիծած»:

– Հերը կամ մերը, չգիտեմ: Իրականում դա շատ ահավոր բան է: Նուլանդը հին դեմք է: Մեր ժամանակ բանակցությունների էր եկել Հայաստան: Վիկտորյա Նուլանդն այն մարդկանցից է, ով 1997-1998 թվականներին մեծ աշխատանք է կատարել Հայաստանի ներքին հարցերում: Նա մեծ ներդրում ուներ Տեր-Պետրոսյանի հրաժարականի մեջ: ԱՄՆ-ը դեմ էր Տեր-Պետրոսյանին: Այն ժամանակ ԱՄՆ-ի դեսպան Փիթեր Թոմսոնն ամեն ինչ արեց` օժանդակելու համար ընդդիմությանը, նրան հրելու համար դեպի ծայրահեղություն, և երկար ժամանակ աշխատում էր, որ Տեր-Պետրոսյանը փոխարինվի:

t1larg-nuland

– Իսկ ո՞րն էր ԱՄՆ-ի շահը:

– ԱՄՆ-ի շա՞հը: Սա իմ մեկնաբանությունն է. այն ժամանակ Ղարաբաղի, Իրանի, Թուրքիայի հարցերով ես բանակցում էի նաև ամերիկացիների հետ, քանի որ նրանք խառնվում էին ամեն հարցի: Եվ ուրեմն Հայաստանում իրենց անհրաժեշտ էր մարդ, ով անկախ չէր մտածում և իրենց պարտք էր, իսկ Տեր-Պետրոսյանն իրենց պարտք չէր:

– Ենթադրում եմ, որ նույնն ուզում էր նաև Ռուսաստանը:

– Դե, ընդհանրապես, դա այդպես էր, բայց ասեմ անկեղծորեն` այն ժամանակ Ռուսաստանն ավելի շատ հարգանք էր ցույց տալիս Հայաստանի Հանրապետության և պետական որոշումների նկատմամբ, քան` ԱՄՆ-ը: Ամերիկացիները նյարդայնանում էին, երբ Հայաստանն ինքնուրույն որոշումներ էր կայացնում` ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի նախագահների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի: Հայաստանում այդ ժամանակվա ԱՄՆ դեսպան Փիթեր Թոմսոնը շատ մեծ աշխատանք տարավ տկարացնելու համար Հայաստանի իշխանություններին, ինչպես նաև պետականությունն ու ներքին քաղաքական կայունությունը:

Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, երբ Վիկտորյա Նուլանդը եկավ Հարվարդի համալսարան ելույթ ունենալու, ուր ինձ էլ էին հրավիրել, վերջում Նուլանդը մոտեցավ, ասաց. «Դու բան չասացիր»: «Մանրամասները չգիտեմ, չեմ կարող կարծիք հայտնել,- պատասխանեցի, բայց հավելեցի,- տպավորություն ստացա, որ շատ ուրախ եք այս փոփոխությամբ»: «Այո»,- ասաց նա: Հարցրեցի`«Կարո՞ղ եք բացատրել»: Ասաց` «Դե, Տեր-Պետրոսյանը խելացի մարդ է, բայց ուժեղ մարդ չէ, նա չի կարող խաղաղություն հաստատել: Բայց Քոչարյանն ուժեղ մարդ է, նա պատերազմը հաղթող մարդ է և պիտի խաղաղություն հաստատի, խոստացել է»: Ես ասացի. «Եկեք պայմանավորվենք հետևյալը` Ռոբերտ Քոչարյանն առնվազն 10 տարի պետք է լինի նախագահ, բանակցություններում ոչ մի գործնական քայլ առաջ չենք գնալու, որովհետև նա դա չի ուզում: Եթե սխալ եմ, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ, իսկ եթե ոչ, Դուք ինձ կզանգեք և կասեք, որ ամերիկյան քաղաքականությունը սխալ էր»:

– Փաստորեն, մարգարեության հարցում Դուք հաղթեցիք:

– Դա մարգարեություն չէ: Շատ պարզ է` ես ճանաչում եմ և՛ Տեր-Պետրոսյանին, և՛ Քոչարյանին, և այդ ճանաչումն ավելի առարկայական է: Իսկ ամերիկացիների համար այնքան էլ կարևոր չէ, թե Ղարաբաղի հարցը լուծվել է կամ ոչ: Իրենց պետք է մարդ, ով իրենց պարտք է ու դրանով իսկ` խոցելի:

Եվ կարող եմ հավելել հետևյալը: Երբ Տեր-Պետրոսյանն արդեն նախագահ չէր, իսկ Քոչարյանը դեռևս վարչապետ էր և պատրաստվում էր իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում, իր մոտ է հրավիրել ԱՄՆ-ի վերոհիշյալ դեսպանին և ասել, թե ծրագրում է իր թեկնածությունը դնել, արդյո՞ք դեսպանը կամ ԱՄՆ-ը հարց ունեն այս կապակցությամբ:

Levon-QocharyanՍահմանադրությամբ Քոչարյանը դրա իրավունքը չուներ, և Թոմսոնը դա շատ լավ գիտեր: Քոչարյանն իր համար ապահովում էր մեծ տերությունների օժանդակությունը, որ առարկություն չանեն իր` նախագահ դառնալուն: Այդ պետություններից մեկն էլ Ամերիկան էր: Փիթեր Թոմսոնը, ով խառնվում էր ցանկացած ներքին հարցի, պատասխանել է, թե ԱՄՆ-ը այլ երկրների ներքին գործերին չի խառնվում, բայց անմիջապես խնդրել է իր օգնականին, որ մնացյալ խոսակցությունն այլևս գրի չառնի:

– Հետաքրքիր էր:

– Այո՛: Ինչ վերաբերում է Արևմուտքի ցանկություններին, նա ուզում է սահմանափակել Ռուսաստանի արտաքին քաղաքականության ազդեցությունը: Ինչո՞ւ հիշեցի Բժեզինսկուն: Նա ասում էր` տարածենք մեր ազդեցությունը, և դրա մեջ կար և՛ ՆԱՏՕ-ն, և՛ ԵՄ-ն, և՛ ընդհանրապես արևմտասիրությունը` որպես գործիքներ: Ի դեպ, նրա գաղափարը հետագայում սխալ մեկնաբանեցին: Նա չէր խոսում ռազմական ընդլայնման կամ պատերազմների մասին: Այսինքն, ամերիկացիներն ասում են` եթե մենք տարածում ենք մեր համակարգը և արժեքները, նշանակում է` կա՛մ Ռուսաստանի նման պետության ամբողջական ներգրավումն այդ համակարգի մեջ, կա՛մ նրա առանձնացումը և տկարացումը, որն ավելի հավանական է:

– Ըստ Ձեզ` երկու բևեռներն առաջնորդվում են, այսպես ասած, «zero-sum game» (զրոյական ելքով խաղ) սկզբունքո՞վ:

– Դե, լրիվ «zero-sum game» չէ, բայց մեծ հաշվով` այո: Այսինքն` կարող ենք քեզ մի բան թողնել: Բայց տեսեք, թե ինչպես են աշխատում Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի հետ, սրան գումարած` ՆԱՏՕ-ի տարածումը, հրթիռային համակարգերը և այլ բնագավառներ: Սակայն Արևմուտքն, այնուամենայնիվ, նաև Ռուսաստանի կարիքն ունի Անվտանգության խորհրդում` որոշ հարցերով, ինչպես նաև Սիրիայի և Իրանի խնդիրներով:

Ուրեմն` լրիվ «zero-sum game»-ի չեն գնում: Այն շեշտադրումը, որ կար Ձեր առաջին հարցադրման մեջ, որ կարծեք թե Ուկրաինայի, Ղրիմի հարցերը ստեղծեցին այնպիսի մթնոլորտ, որ բախումն անխուսափելի դարձավ, ճիշտ է, սակայն հակադրությունը դրանից առաջ էլ կար, միայն թե փորձում էին խաղալ: Այս պարագայում խաղն արդեն շատ ավելի լուրջ է, քան պարզապես Ուկրաինան: Օրինակ` ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը կորցրել է Կովկասը: Մինսկի խումբն արդեն անիմաստ է, և ես սա ասել եմ ամերիկացի որոշ դիվանագետների:

Շարունակությունը՝ հաջորդ համարում:

Տեսանյութեր

Լրահոս