Ում կամ ինչ մեսիջ ուղարկեց Արշակ Կարապետյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է քաղաքական պայքարի մեջ մտած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին, նրա ազատմանը և դրան նախորդած իրադարձություններին:

Ավելի ուշ Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի՝ իր հասցեին հնչած մեղադրանքներին:

Բայց նախ՝ Փաշինյանի պնդումների մասին: Նա նախ կադրային էքսկուրս է անցկացրել՝ նշելով, որ Արշակ Կարապետյանն ամենակարճ պաշտոնավարած Պաշտպանության նախարարն է:

«Այդ ընթացքում եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ եղել են 2021-ի մայիսի իրադարձությունները, հետո եղել է Պաշտպանության նախարար՝ եղել են 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Ես նրան որոշում եմ կայացրել հանել աշխատանքից, որովհետև 2021 թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան նա ինձ զեկուցել է, որ սահմանի երկայնքով ամեն ինչ հանդարտ է, մինչդեռ իր զեկուցման պահին մեր սահմանի մի շարք տեղամասերում ադրբեջանական զորքերը ներխուժած են եղել մեր տարածք և նույնիսկ դիրքեր են վերցրած եղել: Եվ Արշակ Կարապետյանը, լինելով Պաշտպանության նախարար, կամ դրա մասին տեղյակ չի եղել, կամ տեղյակ լինելով՝ չի զեկուցել։ Նման իրավիճակներում ես որևէ մեկին կես ժամ նույնիսկ չեմ հանդուրժի այդ պաշտոնում»,- ասել է Փաշինյանը:

Կարդացեք նաև

Իր արձագանքում Արշակ Կարապետյանը բացահայտել է Փաշինյանի ստերը:

Առաջին, նոյեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարարը եղել է Դուբայում:

«Այնտեղ պլանավորված էր շատ կարևոր հանդիպում, և այդ հանդիպման նպատակով ես մեկնել էի: Բացի դրանից, մենք ունեինք խնդիր զենքի գնման, որոշ տեսակների ներկրման դեպի Հայաստան, հիմնականում խոսքը հարվածային անօդաչու սարքերի մասին է: Եվ ես ֆիզիկապես հնարավորություն չունեի զեկուցելու մեր ղեկավարին սահմանում իրադրության մասին: Այդ զեկույցը պետք է աներ այն անձը, որը մնացել էր Պաշտպանության նախարարի տեղը՝ որպես այդ օրը նախարարի ֆունկցիաներ կատարող»,- նշել է Կարապետյանը:

Նշենք, որ այդ ժամանակ պաշտպանության փոխնախարար էր արդեն Արման Սարգսյանը, և գուցե Կարապետյանը նրա՞ն նկատի ուներ այս պարագայում։

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում անցկացվել էր «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդես: Ավելի ուշ ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում «Ռոստեխ» պետական կորպորացիայի «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտնել էր, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական Ка-52М и Ми-28НЭ հարվածային ուղղաթիռների նկատմամբ:

Երկրորդ, ինչ վերաբերում է 2021 թվականի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ներթափանցմանը, Արշակ Կարապետյանն ասել է, որ, այո, այդ ժամանակ եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ, բայց իր իրավասության շրջանակում հրաման տալու և միջամտելու իրավունք չի ունեցել այն գործողություններին, որոնք տեղի են ունեցել սահմանին այդ ժամանակ: Միաժամանակ, Արշակ Կարապետյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրի ղեկավարն արգելել էր կրակ բացել հակառակորդի վրա:

«Երբ ինձ ընդգրկեցին իր հրամանով, ես հրաման տվեցի կրակ բացել, և դրա արդյունքում ադրբեջանցիները, այդ թվում՝ ռուսների ճնշման տակ, մի քանի կիլոմետր այդ ուղղությունով նահանջեցին և դիրքավորվեցին այնպես, ինչպես մինչև այսօր կար: Եթե ես մեղավորություն ունեի՝ որպես ԳՇ պետի առաջին տեղակալ, ապա ինչո՞ւ էիր ինձ նշանակում Պաշտպանության նախարար»,- մանրամասնել է պաշտպանության նախկին նախարարը:

Հավելենք, որ 2023 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ինքնախոստովանական ձևակերպումներ էր թույլ տվել, այն է՝ 2021թ. մայիսին բանակին չկռվելու քաղաքական հրաման է տրվել:

«Ընդ որում, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել էլի Սոթք-Խոզնավարի դեպքերի վրա։ Ես այդ ժամանակ հրաժարական եմ տվել, Ազգային ժողովը լուծարվել է, և հունիսի 20-ին նշանակվել են ընտրություններ, այսինքն` իմ հրաժարականը, եթե չեմ սխալվում, ուժի մեջ է մտել մայիսի 10-ին կամ 11-ին։ Դրանից հետո կամ այդ օրերին Հայաստան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, Երևանից մեկնել է Բաքու, Բաքվից մեկնել է Մոսկվա։ Ուղղակի ժամանակագրությունն եմ ասում` ոչ մի բան նկատի չունենալով։ Եվ տեղի է ունեցել Սոթք-Խոզնավարը։ Մեծ էր հավանականությունը, որ Հայաստանի կառավարությունը, ասենք, այլ ռեակցիա կտար, ինչի բերումով Հայաստանում ընտրություններ տեղի չէին ունենա, ինչը փաստացի կնշանակեր Հայաստանի Հանրապետության լուծարում։ Մենք հասկանում ենք, չէ՞, դրա քաղաքական հետևանքները։ Այն ժամանակ մեզ շատ մեղադրեցին, թե մենք այն չենք անում, այն չենք անում, բայց մենք հասկանում էինք, որ Հայաստանի Հանրապետության լուծարման խնդիր է դրված։ Զրո արձագանք՝ ՀԱՊԿ-ից, և զրո արձագանք՝ Ռուսաստանից։ Ընդ որում, այն ժամանակ էլ մեր ընդդիմությունն ասում էր` լավ չեք դիմել, այս հոդվածի փոխարեն՝ դիմել են ուրիշ հոդվածով, դրա համար էլ ռեակցիա չի եղել։ Եվ կա ուրիշ մեղադրանք, թե Հայաստանի բանակը չի կռվել, ինչի՞ պիտի ՀԱՊԿ-ը կռվի։ Դրանից հետո տեղի ունեցան 2021 թվականի նոյեմբերի իրադարձությունները։ Այդ ժամանակ Հայաստանի բանակը կռվեց»,- ասել էր նա:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ 2021 թվականի մայիսյան ադրբեջանական առաջխաղացումների ժամանակ բանակը չի դիմադրել, չի կռվել: Իսկ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը՝ Արտակ Դավթյանը: Նոյեմբերյան մարտերի օրերին ևս ԳՇ պետն Արտակ Դավթյանն էր:

Բայց Փաշինյանն ավելի հեռուն էր գնացել և, ըստ էության, տվել հիմնավորումը՝ ինչու այդ ժամանակ բանակը չի կռվել, որովհետև եթե այլ ռեակցիա լիներ՝ Աժ ընտրությունները տեղի չէին ունենա, և կդրվեր ՀՀ լուծարման հարցը: Մենք հիշում ենք, որ 2021 թվականի փետրվարին Թուրքիայի ղեկավարությունը զգուշացրել էր, որ որևէ ռազմական հեղաշրջում չպետք է լինի, և պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրությունները:

Այսօր, սակայն, 2021 թվականի մայիսին տեղի ունեցած ադրբեջանական առաջխաղացումների գործով կա քրեական գործ, որով անցնում է գեներալ Արայիկ Հարությունյանը, ով այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանն էլ տարբեր առիթներով հայտարարել է, որ այդ ժամանակահատվածում բանակը հակառակորդի վրա կրակ չի բացել:

Իսկ Արշակ Կարապետյանն իր տեսաարձագանքում հայտնում է, որ 2021 թվականի հոկտեմբերի վերջին Մոսկվայում ՌԴ միջնորդությամբ հանդիպել է ադրբեջանական կողմի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրենց կողմից ներխուժած ուղղություններով նրանք պարտավոր են նահանջել:

«Պայմանավորվել էինք 2 շաբաթից նորից անցկացնել հանդիպում և վերջնականորեն այդ հարցը լուծենք: Բայց նոյեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանն ինձ առաջարկեց դիմում գրել, ես հրաժարվեցի, և ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնից հեռացնել»,- հայտնել է Արշակ Կարապետյանը:

Գուցե սա՞ նկատի ուներ Արշակ Կարապետյանը, երբ անցած տարի հոկտեմբերին հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանն իրեն պաշտոնից ազատել է թուրքական պահանջը չկատարելու համար նաև: Այսինքն, գուցե նման քաղաքականությանը Փաշինյանը դեմ է եղել:

Ավելին, 168.amը գրել էր, որ Արշակ Կարապետյան-Նիկոլ Փաշինյան տարաձայնությունների պատճառ կարող էր լինել այն, որ Արշակ Կարապետյանն անմիջական լավ շփումներ ունի ռուսական կողմի հետ, իր քայլերը նրանց հետ էր համաձայնեցնում, ինչը գուցե դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին:

Այսինքն, Փաշինյանը հայտնվել է ինչ-ինչ դեպքերում խաղից դուրս վիճակում, ինչը, բնականաբար, չի հանդուրժել, Կարապետյանն էլ իր հերթին՝ չի հանդուրժել դիրքերի շուրջ սեփական որոշմանը հակադրվելը ոչ ռազմական գործչի կողմից:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել էր, որ Արշակ Կարապետյանին ՊՆ են նշանակել՝ չանտեսելով նրա մոտ հարաբերությունները ՌԴ-ի մի շարք շրջանակների հետ, ինչը հաստատել է նաև Կարապետյանն իր արձագանքում:

Կարապետյանի նշանակումը կարող էր նաև սկզբում քաղաքական այլ պատճառ ունենալ, օրինակ, որ նա զինվորականությանն իր «ձեռքում» կհավաքեր՝ հօգուտ իր խաղաղության օրակարգի, սակայն, գուցե հակառակ էֆեկտն է ունեցել:

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի օգոստոսի 3-ին ՊՆ անձնակազմին ներկայացրել էր Արշակ Կարապետյանին, հայտարարել էր, որ «ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից», այնուհետ շարունակել.

«Այստեղ Պաշտպանության նախարարի դերը դժվար է գերագնահատել: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:

Իսկ օրակարգը դելիմիտացված, դեմարկացված սահմաններ ունենալն է և ապաշրջափակումը: Վերջինը, ըստ Փաշինյանի, ոչ թե ադրբեջանական, այլ հայկական օրակարգ է:

Իր հերթին՝ Կարապետյանը նշել էր.

«Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

Այսինքն, Արշակ Կարապետյանը մի կողմից՝ ակներև համաձայնել էր առաջ տանել Փաշինյանի օրակարգը, մյուս կողմից՝ ակնարկել, որ Կորպուսի հրամանատարները, ՊԲ հրամանատարն իրեն են լսում:

Ինչ վերաբերում է նոյեմբերյան իրադարձություններին, որի մասին ասուլիսի ժամանակ խոսել է Փաշինյանը, նախ նշենք, որ Արշակ Կարապետյանը 2021-ի նոյեմբերի 7-ին այցելել էր նաև Սյունիքի մարզ, մասնավորապես` Սև լճի տարածք:

Կարապետյանը շրջել էր լճի ափամերձ հատվածով, հանդիպել դիրքապահ զինծառայողներին, շնորհակալություն հայտնել իրականացվող շուրջօրյա մարտական հերթապահության համար։

Իսկ նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և, որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ են նրանք ազատ արձակվել։

ՊՆ-ն սա որակել էր ապատեղեկատվություն և պնդել՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

168.am-ին հայտնի էր դարձել, որ Սև լճի տարածքում հայկական կողմը, ադրբեջանական դիրքի հարևանությամբ, նոր դիրք է դրել: Սա հետո հաստատել էին նաև ադրբեջանական տելեգրամյան ալիքները:

«Արշակ Կարապետյանը «դոստուպ» է ստացել Սև լճի մոտ հասնելու՝ այն բանից հետո, երբ հայկական կողմը նոր դիրքեր է դրել այդտեղ»,- գրել էին ադրբեջանական օգտատերերը:

Իսկ Կարապետյանը նոյեմբերի 8-ին մեկնել էր Արցախ, որն առաջացրել էր Ադրբեջանի դժգոհությունը: Նոյեմբերի 9-ին էլ նախկին նախարարը մեկնել էր Մոսկվա, իսկ դրանից առաջ, 168.am-ի տեղեկություններով, ՊՆ-ում բարձրաստիճան ռուս զինվորականներ են եղել:

Իսկ նոյեմբերի 15-ին Հայաստանի անվտանգության խորհրդի (ԱԽ) գրասենյակը հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի հիշատակած 2021-ի նոյեմբերի 14-ի դեպքերի վերաբերյալ:

 «Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:
Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:
ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ: Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն»:

2023 թվականի հոկտեմբերի ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել էր 2021 թվականի նոյեմբերի 14-16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանասարի և Ջերմուկի ադրբեջանական ագրեսիայի և ՀՀ սուվերեն տարածք մխրճվելու և օկուպացնելու դեպքերին:

«Պարզվել են 2021 թվականի նոյեմբերի 14-ին Զինված ուժերի` Իշխանասար լեռան ուղղությամբ գործող բանակային կորպուսի և զորամասի հրամանատարների, այլ սպաների կողմից մարտական հերթապահության կրման կանոնների խախտման, ինչպես նաև՝ նոյեմբերի 16-ին նույն ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող մարտական 3 դիրքերի անձնակազմի կողմից մարտական հերթապահությունը ոչ ճիշտ կազմակերպելու և իրականացնելու հանգամանքները, որի հետևանքով հակառակորդը գերեվարել է 21 զինծառայողների, սպանել 3-ին»,-հայտնել էին ՔԿ-ից:

Նոյեմբերյան մարտերի գործով անցնում է 2-րդ կորպուսի նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանն Արշակ Կարապետյանին ազատելուց հետո նոյեմբերի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր.

 «Ի բնե հնարավոր չի այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման, դա կլինի ուղիղ պետական դավաճանություն»:

Ստացվում է՝ Արշակ Կարապետյանը կրակել-չկրակելու հրաման չի տվել, այդ ժամանակ ԳՇ պետ Արտակ Դավթյանը՝ նույնպես, ինչպես վերջերս պնդել էր մեզ հետ հարցազրույցում։ 

«Եթե նոյեմբերյան մարտերի ժամանակ չենք կրակել, 20-ից ավելի դիակ ինչպե՞ս է հակառակորդը թողել, 5-6 խփված տեխնիկա: Չկրակելու հրաման զորքերին չի եղել իմ կողմից»,- ընդգծել էր նա:

Ստացվում է՝ պետական ուղիղ դավաճանություն Նիկոլ Փաշինյա՞նն է թույլ տվել:

Փաստ է՝ նոյեմբերյան մարտերում դեռ բացահայտման ենթակա փաստեր կան, և պատասխանատու պաշտոն զբաղեցնողները պետք է խոսեն, հատկապես՝ Արշակ Կարապետյանի բացահայտումներից և մեսիջներից հետո, այդ թվում, թերևս, Արտակ Դավթյանի ուղղությամբ:

Ի դեպ, «Պաշտպանության մասին» մասին օրենքի 15-րդ հոդվածում էլ նշվում է.

«Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ: Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով:

Անմիջական պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության, զինված հարձակումը կասեցնելու և (կամ) դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարը` նախապես համաձայնեցնելով այդպիսի որոշումներն ըստ վերադասության, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ սեղմ ժամկետում զեկուցելով վերադաս ղեկավարությանը կայացրած որոշման մասին: Բոլոր նման դեպքերում ձեռնարկվող քայլերը պետք է լինեն համաչափ և սահմանափակվեն անմիջական վերահաս վտանգը կանխելու նպատակով»:

Տեսանյութեր

Լրահոս