Պաշտպանության նախարարությանն «արգելված կամ պարտադրված» հաղորդագրությունների հետքերով. Ինչ պիտի ասվի, որ չի ասվում

Մարտի 16-21-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ապատեղեկատվություն էր տարածել՝ հայկական զինված ուժերին մեղադրելով սահմանագոտու հարավարևելյան ու արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունն էլ ոչ միայն հերքել էր այդ մեղադրանքները, այլև պատրաստակամություն հայտնել՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը։ Մինչ այսօր, սակայն, ադրբեջանական կողմը ոչ մի փաստ չի ներկայացրել:

Իսկ այս ընթացքում լրատվամիջոցները և սոցիալական ցանցերում օգտատերերն ադրբեջանական կողմից կրակոցների լինել-չլինելու, դրանց բնույթի, ինտենսիվության և ուղղության վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ են շրջանառում:

Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ արձագանքել էր տեղեկատվական աժիոտաժին:

Կարդացեք նաև

«Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»:

Նույն ժամանակ ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշել էր. «Բոլոր վտանգավոր կիրակոցները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ»:

Խոսքը տվյալ դեպքում վերաբերում էր Սոթքի ուղղությամբ կրակոցներին:

Այսինքն, ՀՀ պաշտպանության նախարարությունը չի հերքել ադրբեջանական կրակոցների փաստը՝ հասկացնելով, որ դրանք եղել են անկանոն, ոչ նպատակային կամ թիրախային:

Միաժամանակ Սուրեն Պապիկյանը չէր հաստատել սահմանին կուտակումների և զորքերի շարժերի մասին տեղեկությունները:

Մարտի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարության և նախարար Պապիկյանի նշված հայտարարություններից հետո սահմանամերձ բնակավայրերում տարբեր ուղղություններով շարունակել են ադրբեջանական կրակոցների ձայներ լսվել, և, բնականաբար, նաև սոցիալական ցանցերում և մամուլում շարունակել են համապատասխան տեսանյութեր տարածվել՝ ներառյալ երեկ (երբեմն՝ 2-3 օրվա տեսանյութեր):

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական արձագանք-հաղորդագրությունն է տարածել, որում նշվում է.

«Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։

Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»: Գուցե տողատակում նկատի է ունեցել նաև շեղումով կամ ինչ-որ առումով կանոնավոր կրակոցնե՞րը:

Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունը պաշտոնապես չի հերքել ադրբեջանական կրակոցների փաստը, և ըստ էության հաստատել է, և գուցե տողատակում նկատի է ունեցել նաև մենահատ կրակոցները:

Այլ հարց է, որ պաշտպանական գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ պիտի հստակ արտացոլի եղած և առկա իրավիճակը, ինչպես նախկինում էր արվում:

Օրինակ, պետք է հայտնի, թե վերջին 7-10 օրվա ընթացքում հարավարևելյան և արևելյան ուղղություններով առանձին վերցրած՝ քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել հրադադարի ռեժիմը, քանի՞ կրակոց է արձակվել ընդհանուր առմամբ, ի՞նչ բնույթի կրակոցներ են եղել, ի՞նչ զինատեսակներից են կրակոցներն արձակվել՝ անկանոն, ոչ թիրախային կամ շեղումով։

Կամ՝ պետք է հստակ ասի, թե հայկական դիրքերի ուղղությամբ եղե՞լ են կրակոցներ, թե՞ ոչ, գյուղերի ուղղությամբ եղե՞լ են կրակոցներ, թե՞ ոչ, ինչո՞ւ չէ՝ ցույց տալով նաև կրակոցների նվազման միտումը կամ՝ հակառակը:

Հաղորդագրություններում պետք է նշել, որ հայկական կողմը վերահսկում է իրավիճակը, հետևում է հրադադարի ռեժիմի պահպանմանը և չի պատասխանելու անկանոն կրակոցներին կամ չի տրվելու իրավիճակը սրելու ադրբեջանական սադրանքներին:

Նախկինում, ոչ այս իշխանությունների ժամանակ, հաղորդագրություններում շեշտվում էր նաև, որ հայ զինծառայողներն իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հաղորդագրություններում այդ ամենը պետք է հայտնի կամ արտացոլի, հատկապես, երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի արդյունքում և դրանից հետո տեղի ունեցած զարգացումներից հետո բանակի նկատմամբ հանրության վստահությունն անկում է ապրել, իսկ եթե ժողովուրդը չի վստահում բանակին, բանակի սպային և հրամանատարին, շատ վտանգավոր է: Պակաս վտանգավոր չէ, երբ ՀՀ իշխանությունները շարունակում են կաշկանդել զորքին:

Այսինքն, կարելի է Ֆեյսբուքում ՀՀ զինված ուժերին հրահանգել՝ «հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի», հնարավորություն տալով ադրբեջանական կողմին՝ մտածելու, թե նախքան այդ խախտե՞լ է, բայց չի կարելի, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հստակ նշի՝ ցանկացած կրակոց արձանագրում են, բայց անկանոն կրակոցներին ՀՀ զինված ուժերը չի պատասխանում:

Կամ՝ կարելի է Ադրբեջանին առաջարկել երկկողմ հետաքննության մեխանիզմներ ձևավորել, բայց չի կարելի հրապարակավ հայտնել ադրբեջանական հրադադարի խախտումների, կրակոցների թիվը և այլն:

Կամ՝ սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկություններից կարելի է դժգոհել (իհարկե, նաև՝ օբյեկտիվորեն), բայց չի կարելի հանրությանը հստակ տեղեկություն տալ և անել այնպես, որ հասարակությունը հնարավորինս վստահի բանակին:

Իհարկե, ցանկացած ժամանակ առիթից օգտվողներ, «պղտոր ջրում ձուկ որսացողներ» լինելու են, բայց խոսքը գլոբալ առումով բանակի վստահությունը և հասարակության շրջանում հեղինակությունը բարձրացնելու մասին է, եթե, իհարկե, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը դա հետաքրքրում է, մտահոգում է:

Ի դեպ, գուցե Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանն առաջարկվող քայլերից ազդված՝ դադարի թույլ տալ հրադադարի խախտում, որով փորձ է արվում ոչ միայն սադրել հայկական զինուժին, այլ նաև հոգեբանական ճնշում գործադրել հայկական գյուղերի բնակչության վրա, կամ էլ սկսեն իրենք էլ նման մի վիճակագրություն տալ, ինչպես նախկինում:

Եվ գուցե ականատեսը լինենք հրադադարի խախտումների այս տարբերակով հետաքննության մեխանիզմների հրապարակային կիրառմանը:

Ի դեպ, Ադրբեջանին հետաքննության երկկողմ մեխանիզմներ առաջարկող և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն անտեսած Նիկոլ Փաշինյանին հարկ է հիշեցնել, որ ժամանակին, հատկապես լարված օրերին և հրադադարի ադրբեջանական խախտումների ակտիվ փուլում, Ադրբեջանն իրենց կողմից մասնակցող մոնիտորինգներին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի դաշտային օգնականներին առաջնագիծ հրաժարվում էր տանել, երբեմն նաև պահանջում էին նախապես ընտրված վայրը փոխել, ինչո՞ւ չէ՝ հենց Կասպրչիկի ներկայությամբ խախտում էին հրադադարի ռեժիմը, որ չկայանա մոնիտորինգը:

Եվ հենց նման դեպքերը և միակողմանի մոնիտորինգները բացառելու համար էր, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների արդյունքում տեխնիկական որոշակի խնդիրներ պիտի կարգավորվեին, ինչը պիտի արդյունավետ դարձներ մոնիտորինգները՝ որպես զսպող գործոն նաև: Ի դեպ, ըստ էության, ԵՄ դիտորդներն իրենց արձանագրումներն ունեն ադրբեջանական կրակոցների վերաբերյալ: Բացի այս, ամենայն հավանականությամբ, ՀՀ ՊՆ-ն իր արձանագրումներն է փոխանցում տարբեր երկրներին, այդ թվում՝ ԵՄ դիտորդական առաքելության մաս կազմող:

168.amմանրամասն վերլուծություն է ներկայացրել տարբեր ժամանակահատվածներում և իշխանությունների օրոք հրադադարի ռեժիմի պահպանման մեթոդների և հետաքննության մեխանիզմների մասին:

Վերադառնանք ՀՀ պաշտպանության նախարարության մարտի 25-ի հաղորդագրությանը, և ուշադրություն հրավիրենք «Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը» ձևակերպման վրա:

Այստեղ, իհարկե, կարելի է հասկանալ, որ ադրբեջանական կրակոցները շեղումներ են ունեցել, ՀՀ դիրքերի ուղղությամբ չեն եղել, օդ են կրակել:

Մյուս կողմից, Փաշինյանի իշխանության դեպքում «ՀՀ տարածքի» շեշտադրումը վտանգավոր է, քանի որ այս տարիներին տեսել ենք, որ տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականության տարբեր քառակուսի կիլոմետրեր է նշել, և այն տարածքը, որ ժառանգել էին իշխանափոխությունից հետո, անընդհատ փոքրացել է և դեռ կարող է փոքրանալ:

Այսինքն, այն դիրքային, գյուղական հատվածը, որ, օրինակ, 2, 3, 4, 5 տարի առաջ համարվել է ՀՀ տարածք, հետո այն կամ հստակ չի դիտարկվել ՀՀ տարածք, կամ՝ առնվազն վիճարկվել է դրա հայաստանապատկան լինելը:

Չմոռանանք նաև, որ ՀՀ-ն ավելի քան 200 քկմ տարածք ունի օկուպացված, որ 2021-2022 թվականներին ադրբեջանական զինուժը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ամրապնդվել, ապա չի բացառվում, որ այդ անկանոն կամ ոչ վտանգավոր կրակոցները հենց մեր այդ օկուպացված տարածքից են արձակվել:

Եվ եթե ընդունենք, որ ադրբեջանական զինծառայողներն արբած վիճակում իրենց իսկ դիրքերի ուղղությամբ են կրակել, որոնք գտնվում են ՀՀ օկուպացված տարածքում, ճի՞շտ է լինում Պաշտպանության նախարարության վերևում հիշատակված ձևակերպումը, որը, չի բացառվում, հենց Փաշինյանն է պարտադրել, ով ՀՀ զինված ուժերին անօրինական հրաման է տվել՝  բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք:

Ի դեպ, այս պարագայում հետաքրքիր է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (մասնագիտությամբ պատմաբան), ով 2022 թվականին համարում էր, որ միայն 2021-2022 թվականներին «թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացվել է մոտ 139.24 քկմ տարածք», ի՞նչ է կարծում այսօր, արդյո՞ք հետ է կանգնել իր ավելի քան 2 տարի առաջվա դիրքորոշումից:

Տեսանյութեր

Լրահոս