
Երևանն ու Բաքուն փոխանակվում են առաջարկներով, սակայն գործընթացում չկա առաջընթաց՝ հատկապես կոմունիկացիաների հարցում․ վերլուծաբան

Երեքուկես ամսվա դադարից հետո Ադրբեջանն արձագանքել է, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի հետ կապված ՀՀ իշխանությունների առաջարկներին։
Նախօրեին ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաղորդել էր, որ ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը։
«Իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»,- հստակեցրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Ավելի ուշ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի արձագանքին՝ ասելով, թե Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու կետերը դեռ մնում են։
Ըստ նրա, դա խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունն է, որում Ադրբեջանի արձագանքն է ՀՀ նախորդ արձագանքների, առաջարկների վերաբերյալ, որը հիմա իրենք վերլուծում են, որ պատասխան առաջարկներ ձևակերպեն:
Հարցին, թե Ադրբեջանն ընդունե՞լ է Երևանի արած առաջարկները երկու չհամաձայնեցված կետերի շուրջ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է.
«Փաստաթղթի չհամաձայնեցված երկու կետերը շարունակում են մնալ նույն չհամաձայնեցված երկու կետերը, այսինքն՝ քանի դեռ քննարկումը գնում է, այսինքն՝ քանի դեռ համաձայնեցված չէ, ուրեմն համաձայնեցված չէ»:
Նա նաև ուղիղ չասաց՝ Բաքուն դրանք ընդունե՞լ է, մերժե՞լ, թե՞ ոչ: Փաշինյանը պարզապես տեղեկացրել է, որ այս պահին չի հաջողվել համաձայնության գալ օտարերկրյա դիտորդներին հեռացնելու վերաբերյալ կետի շուրջ, իսկ Երևանն առաջարկել էր դիտորդներին հեռացնել միայն սահմանազատված հատվածներից:
Փաշինյանն անդրադարձել է նաև ապաշրջափակման շուրջ հայկական կողմի առաջարկներին, որոնք, ըստ հայկական կողմի, առանձնացված են, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրից։ Այդ առաջարկներին Ադրբեջանը չի արձագանքել։
«Մենք առաջարկել ենք լուծել և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի: Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը այդ թվում՝ կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, Հայաստանի ինքնիշխան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի, և երկու երկրները հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նաև նկատել է, որ Ադրբեջանն Իրանի տարածքով կապ ունի Ադրբեջանի արևմտյան շրջանների կամ Նախիջևանի միջև, և այդ հաղորդակցությունը խոչընդոտված չէ.
«Մենք ասում ենք՝ նույն պայմաններն Իրանի կողմից առաջարկվող մենք նույնպես առաջարկում ենք և դեռ պարզեցումների էլ պատրաստ ենք գնալ»,- ասել է նա։
«Ազատության» հարցին, թե Ադրբեջանի համար ընդունելի՞ է փոխադարձության սկզբունքը, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, թե սպասում են պաշտոնական պատասխանի.
«Մենք այս ընթացքում մեր ձեռք բերած բանակցային գիտելիքը և բանակցային պատմությունը վերլուծել ենք և ասել ենք՝ լավ, կարո՞ղ է ինչ-որ մի մոտեցում կա, որ լուծում է մեր բոլորի բարձրացրած հարցերը, և գիտել ենք այդպիսի բանաձև»:
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար առաջարկվող լուծումը կլինի 100 տոկոսով ընդունելի։
Վերջերս էլ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը նշել էր, թե մինչ օրս 17 կետից համաձայնեցված է 15-ը:
«Չհամաձայնեցված կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքի» բացումն է։ Հայաստանն այս գործընթացի խաթարման պատասխանատվությունը սկզբում գցեց Իրանի, հետո՝ Ֆրանսիայի, ապա՝ ԱՄՆ-ի վրա։ Երկրորդ կետը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջներն են: Նրանց Անկախության հռչակագրում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, սակայն Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են նոր սահմանադրության մշակման մասին։ Նիկոլ Փաշինյանը նաև ընդունել է, որ սահմանադրության նախորդ փոփոխությունները չեն կարող լեգիտիմ համարվել: Իսկ մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել ոչ թե վարչապետի, այլ Հայաստան պետության հետ»,- ասել էր ադրբեջանցի պաշտոնյան։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի ղեկավարների մանիպուլյատիվ և վերջնագրային հայտարարություններին զուգահեռ, որոնցով վերջիններս Հայաստանից պահանջում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը վերջին շաբաթների ընթացքում այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն, Իսրայել, ապա օրերս էլ՝ Թուրքիա, որտեղ նրա քննարկումները վերաբերում էին՝ ինչպես երկկողմ օրակարգերին, այնպես էլ՝ Հայաստան-Ադրբեջան հարթությունում չկարգավորված խնդիրներին։
168.am-ի հետ զրույցում ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ դատելով առաջարկների ու դրանց արձագանքների միջև դադարի տևողությունից, այդ ընթացքում ռազմատենչ հռետորաբանությունից, ինչպես նաև այդ առաջարկների բովանդակությունից ու հանրային տիրույթում արվող շեշտադրումներից, կարելի է ասել, որ գուցե կողմերն առաջարկներով փոխանակվում են, սակայն առաջընթաց, փոխըմբռնում չկա։
Ըստ նրա, ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի շուրջ ՀՀ առաջարկներին Ադրբեջանը չի արձագանքում, թեև ասվում էր, որ բանավոր առաջարկներն ամիսներ առաջ արվել են Կազանում և դրանք ընդունելի են եղել։
«Վերջին բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ կողմերը փորձում են ժամանակ շահել, աշխարհաքաղաքական ինչ-որ դասավորությունների են սպասում, քանի որ գործընթացը հանգել է ամենակարևոր մի քանի հարցերի, որոնց շուրջ անհրաժեշտ է փոխզիջում, իսկ Ադրբեջանը դնում է մաքսիմալիստական, միակողմանի պահանջներ ու պատրաստ չէ հետ կանգնել իր դիրքորոշումներից։
Ադրբեջանից այցերը ռեգիոնալ երկրներ՝ տարածաշրջանային հարցերի շուրջ բանակցություններով, ցույց են տալիս, որ Ադրբեջանը բանակցում է իր գործընկերների՝ Իսրայելի ու Թուրքիայի, ինչպես նաև Իրանի հետ, որը ռեգիոնում որոշակի զսպող դերակատարություն ունի։ Այստեղ պետք է նշել, որ Իրանի դեմ լուրջ ռեգիոնալ կոալիցիա կա, այն փորձում են ամրապնդել, և այդ տիրույթում Ադրբեջանը փորձում է իր հնարավոր շահերը հասկանալ։ Աշխարհաքաղաքական և ռեգիոնալ բարդ գործընթացներ, շարժեր են տեղի ունենում։ Իրանում ևս հասկանում են, որ ԱՄՆ նոր վարչակազմի ավելի սուր դիրքավորումը նոր մարտահրավերներ է ստեղծում Իրանի համար, հետևաբար՝ նաև Հայաստանի համար»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։
Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ Իրանը փորձում է գործի գցել կանխարգելիչ դիվանագիտությունը։
«Ռուսաստանն արդեն փորձում է հանդես գալ դաշինքով և աջակցել Իրանին։ Սակայն Ռուսաստանը դեռ նոր է գործընթացը սկսում ԱՄՆ-ի հետ։ Թվում է, որ այն հեշտ է լինելու, սակայն առաջին բարդ տարաձայնություններն արդեն տեսանելի են, որոնք վերաբերում են անվտանգության երաշխիքներին և մի շարք այլ հարցերի։
Ուստի այս ամենը պետք է վերլուծել փաթեթով, այս թեմաները փոխկապակցված են, ինչը շատ կարևոր է հետագա զարգացումները վերլուծելու համար»,- ասաց նա։