Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջեյսոն Միքսին, որպեսզի պաշտոնական բողոք հայտնի Օմանի ափերի մոտ առևտրային նավերի վրա հարձակումների կապակցությամբ։ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի կառավարության մի աղբյուր։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարություն կանչելու առիթ է դարձել հերթական հարձակումն անձնակազմի 20 հնդկաստանցի անդամով նավի վրա։ Ինչպես հիշեցրել է աղբյուրը, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ ամերիկացի դիվանագետը կանչվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն այդ հարցի կապակցությամբ։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հորմուզի նեղուցի շրջանում հարձակման է ենթարկվել երեք նավ Հնդկաստանի քաղաքացիներով։ Հունիսի 8-ին հանրապետության ափամերձ պահպանության ծառայությունը հայտնել է Օմանի ափերի մոտ հրթիռային հարձակման ենթարկված, Պալաուի դրոշի ներքո նավարկող լցանավի անձնակազմի 24 հնդկաստանցի անդամի փրկելու մասին։ Հունիսի 9-ին Settebello լցանավը, որը նույնպես նավարկում է Պալաուի դրոշի ներքո՝ 24 հնդկաստանցի նավաստիներով, Օմանի ծոցում հարձակման է ենթարկվել ԱՄՆ զինված ուժերի կողմից։ Անձնակազմի 21 անդամի հաջողվել է փրկել, 3-ը զոհվել են։

Հունիսի 11-ին հայտնի է դարձել Գվինեայի դրոշի ներքո նավարկող MT Jalveer առևտրային նավի վրա հարձակման մասին։ Նավի վրա հրդեհ է բռնկվել։ Անձնակազմի բոլոր 20 հնդկաստանցի անդամները փրկվել են։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել վերջ դնել Մերձավոր Արևելքում առևտրային նավերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին, ինչպես նաև հնարավորինս արագ վերականգնել ազատ և անարգել նավարկությունը միջազգային ջրային ուղիներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930