Փաշինյանի Հայաստանը՝ պլացդարմ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար
Հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի ընտրությունները, որոնք բերեցին բավական ոչ միանշանակ արդյունքներ: Քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է 49,81%: Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ 23,29 տոկոսով, երրորդը՝ «Հայաստան» դաշինքը՝ 9,94 տոկոսով, չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստանը»՝ 4 տոկոսով:
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են ազատ ընտրությունների անցկացման ժողովրդավարական ընթացակարգերը: Փաշինյանը, հասկանալի է, հերքում է դա։
ԵԱՀԿ-ն Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի նկատմամբ առևտրային սահմանափակումներ կիրառելու մեջ։ Արտասահմանյան իրավապաշտպանների կարծիքով՝ Մոսկվան այս կերպ փորձել է ազդել նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա։ Սակայն ինչո՞ւ պետք է Ռուսաստանը պահպանի Երևանի համար նպաստավոր առևտրային ռեժիմը, եթե հայաստանյան իշխանությունները վարում են բացահայտ հակառուսական կուրս։ ԵԱՀԿ-ն Ռուսաստանին առաջարկում է սեփական միջոցներո՞վ վճարել Փաշինյանի թիմի ռուսատյացության համար։ Չէ՞ որ ռուսական շուկայի բաց լինելու շնորհիվ հայաստանյան բյուջեն կայուն արտարժույթով զգալի գումարներ է վաստակում։
Հայերի համար Փաշինյանի կուսակցության հաղթանակը (իսկ արդյո՞ք այդ հաղթանակն իրականում կար) որևէ լավ բան չի խոստանում։
Ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը գրում է․ «Փաշինյանի հավատարիմ հետևորդները «շարունակում են ծաղրել հայ ժողովրդին։ Եվ զարմանալի է, բայց այս մարդիկ կարծես թե արյունով, անձնագրով և, ի վերջո, դեմքերով հայ են, սակայն նրանք այնքան հեշտությամբ են հանձնում այն, ինչը թանկ է միլիոնավոր հայերի համար, որ հարց է առաջանում. «Իսկ մերոնք արդյո՞ք մերոնք են»։ Այդ գործիչները հայե՞ր են։ Թե՞ դա արդեն մարդկանց այլ ցեղատեսակ է: Ահա վառ օրինակ՝ խորհրդարանի խոսնակը՝ Սիմոնյան ազգանունով․.. Գերմանացիներին տված հարցազրույցում, որոնք խոստացել էին որոշակի գումար (€ գումար) նետել Երևանին՝ որպես ռուսական փակված շուկայի փոխհատուցում, «ամենաիմաստուն քաղաքական գործիչը»՝ Սիմոնյանը, հայտարարել է. «Ղարաբաղյան շարժման էջը փակված է։ Սա ծուղակ է անկախ Հայաստանի համար»։
․..Ոչ պակաս հարցեր կան նաև նրանց ուղղված, ովքեր այդպես էլ չկարողացան միավորել ընդդիմությանը, ովքեր իրենց գործողությամբ և անգործությամբ այդպես էլ թույլ չտվեցին ընդդիմությանն այս ընտրություններում հանդես գալ միասնական ճակատով, հարվածային բռունցքով՝ կենտրոնացնելով ձայները միասնական թեկնածուի և կառույցի շուրջ։ Նրանց, ովքեր մնացին իրենց հարմարավետ, փակ տարածության մեջ՝ որոշելով սպասել և տեսնել, թե ով կհաղթի, և կշեռքի նժարը որ կողմ կթեքվի։ Հարցեր կան նաև հոգևոր հովիվներին, Հայ Եկեղեցու բարձրագույն քահանաներին՝ նույն այն Եկեղեցուն, որի դեմ գործող իշխանության պաշտոնյաներն իսկական որս էին կազմակերպել, քահանաներին օստրակիզմի ենթարկել, ներխուժում են տաճարներ և պատռում Աստծո կողմից ծառայության այս կարգը՝ փոփոխելու համար։ Ավաղ, հովվական ձայնը, որից շատ բան է կախված, այդպես էլ չլսվեց, համենայնդեպս այն չափով, որ նրան լսեն ողջ Հայաստանն ու ողջ հայությունը»:
Լեռնային Ղարաբաղը մերժող Փաշինյանը վերչապետի պաշտոնի համար ձեռնտու է թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին։ Ահա թե ինչ են գրում թուրքական լրատվամիջոցները. «2017 թվականից ի վեր առաջին հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քվեարկությունից հետո վճռական ազդակներ հղեց Թուրքիայի հետ իր հարաբերությունների վերաբերյալ»:
Փաշինյանը Հայաստանը ներդնում է Անկարայի պանթուրանական և պանօսմանյան նախագծերում։ Բաքուն այդ նախագծերի լիարժեք մասնակից է և գործում է թուրքերի հետ զուգահեռ։ Ադրբեջանցիների ներկայիս սերունդն այլևս չի հիշում ռուսների, հայերի, բելառուսների, մոլդովացիների, լիտվացիների, էստոնացիների, ուզբեկների, թուրքմենների հետ միասնական պետությունում կյանքը և իրենց անվանում են ադրբեջանցի թուրքեր: Ժամանակակից Ադրբեջանը թուրքական պետության կրկնօրինակն է, նրա փոքրացված պատճենն ու Անդրկովկասում Անկարայի շահերի դիրիժորը։
Փաշինյանը ձեռնտու է Վաշինգտոնին։ Թրամփն ունի Նախիջևանի ինքնավարությունը մնացած Ադրբեջանի հետ կապող Զանգեզուրի միջանցքի իր տեսլականը։ Այժմ, երբ հայերը հեռացել են Ղարաբաղից, Բաքուն ուժեղացրել է վերահսկողությունը միջանցքի նկատմամբ և պատրաստ է ներդրումներ կատարել դրա լոգիստիկ ենթակառուցվածքում: Փաշինյանին ևս հրավիրում են տնտեսական համագործակցության։
Առաջանում է հռետորական հարց. արդյո՞ք նման համագործակցությունից ստացված միջոցները (եթե անգամ այն լիներ իրավահավասար, ինչը գործնականում չի լինելու, քանի որ պարտվածների հետ հաշվի չեն նստում, իսկ Հայաստանը պարտվել է Ղարաբաղի համար պատերազմում) կծառայեն հօգուտ շարքային հայերի, թե՞ կհայտնվեն Փաշինյանի գրպաններում։ Հայաստանի տարանցիկ հնարավորություններն այժմ կախված են ադրբեջանական իշխանությունների կամքից. Ադրբեջանը հաղթել է պատերազմում և չի նպաստի երեկվա հակառակորդի ուժեղացմանը։
Ռուսաստանի աշխարհաքաղաքական մրցակիցների համար Հայաստանը շահավետ պլացդարմ է Անդրկովկասում սեփական շահերն առաջ մղելու համար։ Հայաստանի տարածքից հարմար է միաժամանակ ճնշում գործադրել Ռուսաստանի և Իրանի վրա, որոնք դաշնակիցներ են։
Այսպես, Իրանի և հակաիրանական արևմտամետ կոալիցիայի անդամ հանդիսացող Ադրբեջանի միջև ընթանում է գաղափարախոսական պատերազմ։ Բաքուն աջակցում է իրանական ադրբեջանցիներին (որոնց թիվն Իրանում երկու անգամ ավելի շատ է, քան բուն Ադրբեջանում), որոնց մի մասն, իրոք, հանդես է գալիս Արաքսից դեպի հյուսիս գտնվող հանրապետության հետ վերամիավորման օգտին։ Ի պատասխան դրան՝ իրանական իշխանությունները հայտարարել են հենց Ադրբեջանում Իրանին միանալու հարցը հանրաքվեի դնելու անհրաժեշտության մասին։
Ադրբեջանի տարածքով անցնում է թյուրք-պարսկական քաղաքակրթական խզվածքի գիծը։ Լեզվի և մշակույթի առումով ադրբեջանցիները, ինչպես թուրքերը, ավելի մոտ են Թուրքիային, որի հետ Բաքուն բարեկամական հարաբերություններ ունի։ Քաղաքական և աշխարհագրական առումով Ադրբեջանը գտնվում է Իրանի՝ պարսկական պետության մոտակայքում, որն իսլամական աշխարհում առաջատարի հավակնորդներից մեկն է: Մուսուլմանական միջավայրում միշտ տեղի է ունեցել պարսիկների և թուրքերի մշակութային և քաղաքական առճակատումը։ Բաքվի կողմնորոշումը դեպի Թուրքիա ավտոմատ կերպով Ադրբեջանը դարձրել է հակառուսական խաղացող։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նկատմամբ Վրաստանի կողմնորոշումը նույնպիսի խաղացողի էր վերածում նաև Թբիլիսիին։ Մնաց Հայաստանը՝ տարածաշրջանում պայմանականորեն ռուսամետ վերջին հենակետը։ Փաշինյանի իշխանության գալով՝ Հայաստանը գնում է արևմտամետ ճամբար։
Արևմուտքը Ռուսաստանի հետ առճակատման մեջ է Անդրկովկասում նույնիսկ իմաստային մակարդակում՝ համառորեն տարածաշրջանին նոր անուն պարտադրելով՝ ծանոթ «Անդրկովկաս»-ը փոխարինելով Հարավային Կովկասով։ Որևէ տարածքի անվանում շնորհելը կախված է այն անվանակոչողի զբաղեցրած դիրքից։ Այն արտացոլում է սուբյեկտի տարածական կապը և իր առջև ընկած աշխարհագրական առանձնահատկությունների ընկալումը։
Ռուսաստանի համար «Անդրկովկաս» տերմինը ներառում է տարածաշրջանի աշխարհագրական և պատմական հարևանության ենթատեքստը, որը գտնվում է ռուսական Կովկասից այն կողմ, այսինքն՝ Ռուսաստանի հարևանը: «Հարավային Կովկաս» տերմինը նման ենթատեքստեր չի պարունակում և ենթադրում է տարածաշրջանի հավասար հեռավորություն բոլոր միջազգային խաղացողներից, այդ թվում՝ նաև ռուս հարևանից։ Ըստ այդմ, եթե այն հավասար է, ուրեմն այստեղ կարող են մտնել ցանկացողները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն և այլն։ Ինչո՞ւ ձևականություններ անել, եթե սա պարզապես Կովկասի հարավն է, այլ ոչ թե այն տարածքը, որը գտնվում է անմիջապես ռուսական Կովկասին կպած։
20-րդ դարի կեսերին բրիտանացի փիլիսոփա, լեզվաբանական փիլիսոփայության հիմնադիր Ջոն Օսթինը «Խոսքը՝ որպես գործողություն» աշխատության մեջ ցույց տվեց, լեզուն ոչ միայն մեզ շրջապատող իրականությունը նկարագրելու միջոց է, այլև դրա վրա անմիջական ազդեցություն ունենալու միջոց։ Նոր տերմիններով և Հայաստանում ռուսատյաց քաղաքական գործիչներին իշխանության բերելով՝ Արևմուտքն ու Թուրքիան փորձում են իրենց շահերից ելնելով՝ վերաձևել տարածաշրջանի քարտեզը։
ՎԼԱԴԻՄԻՐ ԴՐՈՒԺԻՆԻՆ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

