
«Նիկոլ Փաշինյանը ոչ թե իշխանությունը վերցրել, այլ խլել է ժողովրդից». Դավիթ Շահնազարյան

«Միասնական Վարդենիս» դաշինքի ղեկավար Դավիթ Շահնազարյանի բնորոշմամբ՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե՝ «եթե ժողովուրդը կամենա, ապա ես իշխանությունը կտամ նրան, քանի որ նրանից եմ վերցրել», այդպես չի անի մեկ պարզ պատճառով։
«Նիկոլ Փաշինյանը ոչ թե իշխանությունը վերցրել, այլ խլել է ժողովրդից։ Եթե հավատանք նրա նախկինում արված մի հայտարարության, ապա Հայաստանում կան 3 մլն վարչապետներ, ու հիմա մենք չգիտենք՝ այդ 3 մլն վարչապետներից ում հավատանք։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մանիպուլյատիվ են, հիշենք, թե 2024 թվականի մայիսի 9-ին քանի հազար հայ էր պահանջում Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչո՞ւ չհեռացավ։ Նա ժամանակին ասում էր՝ երբ հրապարակը լցվի ու պահանջի հրաժարականս, ես կհեռանամ։ Հիմա հարց, եթե պատճառը հրապարակի լցնելն էր, ինչո՞ւ չեղավ հրաժարական։
Եթե ինքը ժողովրդին հարգում է, ապա նույն այդ ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս էր կիրառում հատուկ միջոցներ։ Ինքս այդ ժամանակ մարդկանց մեջ էի, մարդիկ ոչինչ չէին անում, պարզապես պահանջում էին իր հեռանալը, սակայն բերեց ու այդ պահանջին պատասխանեց հատուկ միջոցներով»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Դավիթ Շահնազարյանը։
Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ուղղված են ժողովրդին հանդարտեցնելուն, որպեսզի որևէ բունտ տեղի չունենա։
«Մեր հասարակությունն այժմ գտնվում է մի տեսակ ապատիկ վիճակում, նրա իմունիտետը շատ են ցածրացրել, նույնիսկ սոցիալական խնդրիներին ի վիճակի չէ բուռն արձագանքելու։
Անձամբ ինձ համար ամենացավալի երևույթն Արցախի կորուստն էր, դրանից հետո մեծ հասարակական բունտ տեղի չունեցավ։ Բազմաթիվ լուրջ խնդիրներ կան կուտակված՝ սոցիալական, հոգեբանական, գաղափարախոսական, որոնք մեր ժողովուրդը պետք է հաղթահարի։ Հայ ազգի լավագույն մարմնացումը՝ մարտական ոգուց սկսած, պետք է վերականգնվի, միայն այդ դեպքում, կարծում եմ՝ կունենանք արժանապատիվ ու արժանավայել ղեկավարություն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝ «եթե ժողովուրդը ցանկանա, ապա իրեն կհեռացնի, ավելին՝ ինքը ժողովրդից է վերցրել իշխանությունը, և եթե ժողովուրդը պահանջի, ապա ինքը կվերադարձնի»։
Զվարթ Խաչատրյան