Սարսափելի էր. ՊՆ-ից մեզ արգելեցին մեր տղաների դագաղների վրա Արցախի դրոշը դնել. ի՞նչ էր քարոզում Աննա Հակոբյանը պատերազմի օրերին Արցախում

«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը և 44-օրյա պատերազմի մասնակից, 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի մեկօրյա պատերազմում նահատակված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանն են։

Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Ադելինա Ավետիսյան.- 2020թ․Տիգրանը 18 տարեկան էր։ Նա ու ավագ որդիս Ջաբրայիլում էին ծառայում։ Պատերազմը սկսվելուն պես որդիներս իրարից բաժանված են եղել՝ տարբեր ուղղություններով են նրանց տեղափոխել, ամուսինս էլ էր Ջաբրայիլում։ Ես մնացել էի նկուղում 2 շաբաթ։ Տիգրանից 2 շաբաթ բացարձակ տեղեկություն չունեինք։ Ինքն իր սպայի հետ է եղել, ում կյանքը փրկելու համար վիրավորվել էր։ Իրենք փրկել էին Ջրականի մատուռի խաչն ու պետական խորհրդանիշը։ Ու դրանք 2 շաբաթ եղել են Տիգրանի ուսապարկում։ Հոկտեմբերի 8-ին զանգել է ամուսնուս, ով 35 տարվա զինվորական է, ասել է, որ մոլորվել են, հայրն էլ հեռախոսով ուղղություն է ցույց տվել, ասել է՝ ոնց դուրս գան ու գնան Հադրութ… Այնտեղ էլ հենց որդիներս հանդիպում են միմյանց։ Հետո բաժանվել են, գնացել տարբեր ուղղություններով։ Հետո վիրավորվում է, շարք վերադառնում, ու երբ ծառայության ավարտին մնացել էր 115 օր, առանց մեզ ասելու, պայմանագիր է կնքում զինվորական ծառայությունը շարունակելու համար։ Ես ինքս բնիկ արցախցի չեմ, ծնվել եմ Երևանում, ապրել Սանկտ Պետերբուրգում, ամուսնացել, ապրել եմ Մոսկվայում։ Իսկ Տիգրանն արդեն ծնվել է Ստեփանակերտում, բայց ես իմ զավակների մեջ միշտ սերմանել եմ հայրենասիրություն Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Տիգրանը երակների բաց վիրահատություն էր տարել, առողջական խնդիրներ ուներ, բայց դա էլ նրան հետ չպահեց։ Նրան հնարավոր չէր կանգնեցնել… Ես բլոկադայի ժամանակ Երևանում էի, սրտիս հետ կապված խնդիրներ ունեի ու մնացի այդպես Երևանում ողջ շրջափակման ընթացքում։ Ես մուտք չունեի Արցախ, Ադրբեջանն ինձ արգելել էր մտնել Արցախ (ցուցակներ էին տվել, թե ովքեր չեն կարող մուտք գործել), որովհետև բարձրաստիճան սպայի կին էի։ Վերջին անգամ որ Տիգրանս ինձ զանգեց, ասաց. «Մամ, ես ոնց նայում եմ, մենք էլ իրար չենք տեսնի․ քեզ չեն թողնում՝ գաս Արցախ, ես էլ չեմ կարող գալ»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի՝ հայրենիք՝ Արցախ, վերադառնալու հնարավորության մասին հարցին ի պատասխան՝ լկտիաբար ասել էր՝ «մնայիք, կռվեիք…»։

Ադելինա Ավետիսյան.- Եռաբլուրի բոլոր տղաներն իմ տղաներն են։ Մեր երեխեքին Նիկոլ Փաշինյանն ու իր ամբոխի անդամները հավի ճտի նման պլյուս-մինուսով են հաշվում. 50՝ էս կողմ, 50՝ էն կողմ։ Ալեն Սիմոնյանի դեմքը հայտնի ճեպազրույցի ժամանակ, երբ նա ասում էր՝ «կռվեիք…», միայն ցինիզմ չէր արտահայտում, դա ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆ ԷՐ։ Հարց ունեմ էդ մարդուն՝ որտեղի՞ց էդքան ատելություն արցախցիների նկատմամբ։

Նախկինների կառավարման տարիներին, ճիշտ է, երբևէ ոչ մի նախագահի չեմ ընտրել, բայց ես առաջնագծում ապրել եմ անվտանգ։

Սրանք 2 բառ գիտեն՝ նախկիններ ու թալանչիներ։ Հիմա էլ 2 նոր խոսք են ավելացրել իրենց այդ բառապաշարին, որն անընդհատ կրկնում են՝ չեք կռվել, փախել եք… 6 անգամ կրկնեց՝ մնայիք, կռվեիք մինչև վերջ։ Այսինքն՝ մնայինք, ցեղասպանվեի՞նք։ Իսկ ի՞նչ են արել իրենք՝  Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ից մյուսները…

Ալեն Սիմոնյանի այդ ճեպազրույցի օրը մի շնչով հասել եմ Եռաբլուր՝ Տիգրանիս մոտ։

Գիտե՞ք՝ ինչեր եմ ես կուլ տվել 44-օրյա և սեպտեմբերի 23-ի պատերազմից, Տիգրանիս կորստից, Արցախի կորստից հետո…  երբ արգելել են մեր տղաների դագաղի վրա Արցախի դրոշը դնել։ Հենց մորգում ասացին մեզ, ՊՆ ներկայացուցիչը։ Իմ տղան հավերժ 21 տարեկան մնաց։ Ու էդ 21 տարեկան երեխեն գիտակցում էր՝ ինչ է կատարվում։ Ինձ ասաց՝ մամ, մի բան է լինելու, 1-2 օր, որ էդ 100.000-ը փրկվի, շատ վատ է պետության վիճակը։ Էդ երեխեքը մի կտոր հողի համար գնացին, ինչի՞, որ Աննա Հակոբյանի պես մեկն ասի՝ զոհվել են հանուն ոչնչի՞։

Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանը Տիգրանիս կողքին է հուղարկավորված, օրական տասնյակ մարտունեցիներ, տարբեր քաղաքացիներ են գալիս այցի նրա շիրիմին։

Մետաքսե Հակոբյան.- Մի երկու տասնամյակ առաջ էլի գեներացվել էր արցախցի-հայաստանցի պառակտում սերմանող բաժանարար այդ թեզը, բայց դա արդեն մոռացվել էր, ու վերջին տարիներին մենք կատակով էինք դա հիշում։ 2018թ․2018-ի հեղափոխություն կոչվածից հետո իրավիճակը կտրուկ փոխվեց։ Ես երևանցի եմ, 2007թ.-ին եմ տեղափոխվել Արցախ։ Էդ ժամանակ գալիս էի Երևան, ասում էին՝ արցախցի, գնում էի Արցախ՝ երևանցի էի։ Բայց դա կատակով էինք հիշում։ 2018թ․ առաջին անգամ ես սառնություն զգացի։ Նիկոլիզմը 2018-ին սողոսկեց Արցախ, ու ինձ արդեն սկսեցին որոշները թարս նայել։ Դա ինձ ստիպեց մտնել ակտիվ քաղաքականություն։ Նպատակս էր՝ թույլ չտալ, որ նիկոլիզմն արմատներ գցի։

Մենք սրանց խոսույթից ու վարվելակերպից էինք հասկանում, որ Արցախի հանձնումը սկսվում է. հիշում եք՝ Աննա Հակոբյանի կոչը՝ փամփուշտները հալենք, զարդ սարքենք, Մեհրիբանին հրավիրենք Ղարաբաղում մուղամ լսելու, զոհվել են հանուն ոչնչի… Ամեն ինչի արժեզրկում էր տեղի ունենում, ամեն ինչ վարկաբեկվում էր, բոլորին վարկաբեկում-հեղինակազրկում էին… Առ այսօր ինձ համար ընկալելի չէ այն, որ այդ «Էրատո» ջոկատում կային նաև արցախցի կանայք։ Ու երբ մենք սկսեցինք քննադատել այդ կանանց, մեզ ասում էին՝ դուք պատերազմ եք ուզում։ 

Արցախում, երբ տղան 18 տարեկան էր դառնում ու որևէ հիվանդություն ուներ, և, ըստ օրենքի, չպետք է ծառայեր, արցախցիներն անպայման ծանոթ բժիշկ էին գտնում, որ դա թաքցնեին, չգրվեր, որ առողջական խնդիր կա, որ տղան գնա ծառայելու։ Որովհետև ամոթ էր չծառայելը: 17 տարի այդ երևույթն ինձ զարմացրել է։

Մենք ալեններին համոզելու ոչ մի խնդիր չունենք։ Ալենը չէ, որ պիտի գնահատական տա Տիգրանին ու նրա նման հերոս տղաներին։ 

Ալեն Սիմոնյանի ասածի վտանգն այն է, որ ըստ նրա՝ Սյունիքը պահելու խնդիրը սյունեցունն է, Գյումրին պահելու խնդիրը՝ գյումրեցունը… Եվ նա դա այդ օրը կոնկրետ ակնարկեց… Այս պառակտումն է սարսափելի, այս ծրագիրն Արցախի ու Հայաստանի դեմ։

Ադելինա Ավետիսյան.- Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հիշեցնել, որ ես 2 շաբաթ սարսափելի վիճակում եղել եմ նկուղում, ոչ թե բունկերում։ Ես տեսել եմ՝ ոնց էր իր կինը 20 թիկնապահներ հետևից գցած՝ սելֆիներ անում Արցախում, թե իբր առաջնագծում է, նկուղում է կամ այլուր… Նկուղ էլ գնում էր ընտրովի, դարձյալ 20 հոգի հետևը գցած։ Հարց եմ տալիս. Աննա Հակոբյանն ընդհանրապես ի՞նչ գործ ուներ բունկերներում զինվորական տղամարդկանց հետ այդ ժամանակ։ Ո՞վ էր ինքը։

Մետաքսե Հակոբյան.- 2020թ․ սեպտեմբերի 30-ին Արցախի այն ժամանակվա նախագահը խնդրեց ինձ ու այլ կին պատգամավորների հանդիպել Աննա Հակոբյանի հետ։ Մինչ այդ նա ցանկացել էր հանդիպել Արցախի ԱԺ-ի հետ, բայց իրեն բացատրել էին, որ ինքը չի կարող հանդիպել ԱԺ-ի հետ, քանի որ կարգավիճակի հարց կար։ Այդ հանդիպման ժամանակ պետք էր տեսնել Աննա Հակոբյանի պահվածքը։ Ես դեռ սպասում եմ, որ այդ տեսանյութերը գոնե իրենց չլինելուց հետո մենք կտեսնենք, կհրապարակեն ու չմոնտաժված տարբերակով։ Տեսեք՝ ինչ էր ասում Աննա Հակոբյանը. ասում էր, որ դարերով բարեկամ ձևացած պետության պատճառով է հիմա Արցախում պատերազմը սկսվել։ Ռուսաստանին նկատի ուներ։ Հետո սկսեց պատմել, իբրև թե՝ իր որդուն (Աշոտիկին,- հեղ.) ասել է՝ գնա՛, եթե պետք է, զոհվի՛ր։ Ես չեմ պատկերացնում, որ որևէ մայր ի վիճակի է նման բան ասել։

Ադելինա Ավետիսյան.- Ես որդիներիս չեմ ասել՝ գնացե՛ք, զոհվե՛ք։ Ասել եմ՝ գնացե՛ք, փրկե՛ք։ Բայց ասել եմ՝ եթե հայտնվեք գերության մեջ, գիտեք՝ ինչ անել… Երկուսի մոտ  էլ նռնակ կար…

Այս իշխանություններն են ստիպում, որ զոհվածի ծնողն իրենց անեծքի տակ դնի… 1 օրվա մեջ 265 արցախցի է զոհվել, մինչ օրս 22-ն անհայտ կորած են։

Անգամներ ավելի ադրբեջանցիներն են կորցրել։ Ի դեպ, 3 օր իրենք իրենց դիակներն էին հավաքում, դրա համար էլ մեզ թույլ չէին տալիս մոտենալ էդ տարածքներին։

Ես ինչքան ապրեմ, մեծարելու եմ տղաներին, թույլ էլ չեմ տալու, որ Ալենն ու իր նմանները նսեմացնեն մեր տղաների վաստակը։

Ալենը գիտի՞, որ 19 տարեկան Գարեգին անունով արցախցի երիտասարդը մի ամբողջ գյուղ է փրկել, կամ Վարդանին Աթաջանյան գիտի՞, որ մի ամբողջ սպեցնազ է ոչնչացրել… Ես ամեն ինչ շատ ճիշտ եմ հասկացել, թող իզուր չասեն, թե մենք սխալ ենք հասկացել Ալենի խոսքերը:  Եթե զոհվածների ծնողներն այսօր չեն գնացել, իր աչքերը հանել, դա նրանից է, որ զզվում են նրանից ու չեն ուզում ո՛չ ձայնը լսել, ո՛չ տեսնել։

Մետաքսե Հակոբյան.- Ողջ կյանքում կրթության ոլորտում լինելով՝ ուզում էի հասկանալ՝ ինչն է «Կրթելը նորաձև է», այսպես կոչված, արշավի իմաստը, ու հասկացա, որ իրենք ուզում են կրթել հասարակության այն հատվածին, ովքեր չեն ընդունում իրենց ու իրենց կերպարը։ Հայաստան ասելիս՝ այս մարդիկ նիկոլիզմ են հասկանում։ Սա նոր գաղափարախոսություն է, որտեղ պիտի քարկոծվի սգացող մայրը, որտեղ Եռաբլուրում զոհված զինծառայողների մայրերին կարող են քարշ տալ, ու դա նորմալ ընկալվի… Դա հատուկ է արվում:

Հիշում եք, ես սեպտեմբերին միջադեպ ունեցա Եռաբլուրում Ալեն Սիմոնյանի հետ։ Ես երբեք ինձ թույլ չէի տա Եռաբլուրում ձայն բարձրացնել։ Բայց երբ տեսա՝ ինչպես են ուրախ-ուրախ իջնում ավտոմեքենաներից, գրկում իրար, ժպտում, տպավորություն էր, որ կարմիր գորգի վրայով ինչ-որ հանդիսավոր միջոցառման են գնում։ Ես չդիմացա, գոռացի նրա ուղղությամբ՝ արյան մեջ թաթախված եք, ի՞նչ գործ ունեք այստեղ։

Ադելինա Ավետիսյան.- Ես պարտավոր եմ եղել որդուս պատշաճ ձևով ընդունել ու հանձնել հողին, սթափ եմ եղել, գիտակցել եմ, որ Արցախի Վանք գյուղի 812 դիրքում միայնակ զոհվել է Արցախի համար, Արցախի 120.000 բնակչության անվտանգության համար։

Այսօր բոլոր արցախցիները հենց որ ստանում են ՀՀ քաղաքացիություն, անմիջապես ուղարկվում են սահման, առաջնագիծ՝ մարտական հերթապահության։ Իմ ավագ որդին էլ, դեռ անձնագիր չստացած, ծանուցագիրն ուղարկել են։ Գնացել, Վարդենիսում այնպես է հերթապահել, որ ԳՇ պետից պատվոգիր էր ստացել։

Մետաքսե Հակոբյան.- Ժողովուրդը չի՛ բերել սրանց 2018-ին, որ ժողովուրդն էլ տանի։ Հորդորս է՝ չհայտնվել իրենց օրակարգում, որ չերկարացնենք իրենց կյանքը, իրենց իշխանությունը։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս