Տո Ալեն, տո այ լրբի լակոտ, տո դու ինչ գիտես` բանակը ինչ ա, պատերազմը ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա. արցախցի զոհված զինծառայող Տիգրան Ավետիսյանի մայրը` Ալեն Սիմոնյանին

«Ընկերներ ջան, առավոտից չեմ կարողանում զայրույթիցս ինքս ինձ հանգստացնեմ, բայց մի երկու բառ պիտի ասեմ… Պատկերացրեք` մի շնչի վրա հասել եմ Եռաբլուր:

Տղուս աթոռին նստած, գժված, գանգատված… տո Ալեն, տո այ լրբի լակոտ, տո դու ինչ գիտես` բանակը ինչ ա, պատերազմը ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա, կիսասոված զինվորը կանգնի մինչև վերջ իր հայրենիքը պաշտպանի, 120.000-ի համար հոգ տանի, որ ցեղասպանության առաջ չկանգնի, դու ի՞նչ գիտես դրա մասին, որ ասում ես` կռվեիք մինչև վերջ… Բա սրանք ինչ են… Ինձ հազար անգամ կներեք, թող Աստված ինձ ների, թող էդ պոռնիկի վաստակը, սաղ իրանց խունտան, սաղ կառավարությունը որ էսօր կա… »,- սոցցանցերում Ալեն Սիմոնյանին և ՔՊ-ին, կառավարությանն ուղղված տեսանյութ է հրապարակել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած պատերազմի հետևանքով զոհված զինծառայող Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի՝ հայրենիք վերադառնալու հնարավորության մասին հարցին ի պատասխան լկտիաբար ասել էր՝ «մնայիք, կռվեիք…»։

Կարդացեք նաև

Արցախյան 44-օրյա պատերազմում տիկին Ադելինայի երկու որդիները և ամուսինը առաջնագծում էին։

Ավետիսյանների ընտանիքը Ստեփանակերտից էր, հայրը՝ Արսեն Ավետիսյանը, կադրային սպա էր՝ գնդապետ, 2018թ.-ից աշխատում էր Հայաստանում։ 2020 թ.-ին Արսեն Ավետիսյանի երկու որդիները ժամկետային զինծառայող էին Ջրականի զորամասում. Առնոլդը՝ երկրորդ, Տիգրանը՝ հինգերորդ գումարտակում։ Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ամենաթեժ ուղղություններից մեկը հարավն էր՝ Ջրականը։

Մինչև հոկտեմբերի 6-ը որդիներից Տիգրանի հետ կապ հաստատել հնարավոր չէր եղել։

Այդ օրը Տիգրանի հորը, որը նույնպես առաջնագծում էր, հաջողվել էր հեռախոսով խոսել Հադրութի մոտակայքում գտնվող որդու հետ։ Հոկտեմբերի 10-ին Տիգրանը վիրավորում էր ստացել և տեղափոխվել Գորիսի հոսպիտալ։ 44-օրյա պատերազմից հետո Տիգրանը վերադարձել էր ժամկետային զինծառայության, իսկ հետո շարունակել ծառայությունը որպես պայմանագրային։

Վերջին անգամ Տիգրանը մոր հետ խոսել է սեպտեմբերի 19-ի առավոտյան, այդ դիրքից։
Սեպտեմբերի 19-ին, ժամը 12։30-ին հրետակոծություն էր սկսվել սահմանի ամբողջ երկայնքով։ Թշնամին փորձել էր գրավել 812 դիրքը։ Տիգրանի ծնողները հետագայում պատմել էին, որ մարտական գործողությունների սկսվելուց կարճ ժամանակ անց արկի պայթյունից վիրավորվել էր դիրքի ավագը՝ ավագ լեյտենանտը, անձնակազմը որոշել էր լքել դիրքը։ Տիգրանը հրաժարվել էր, և, չնայած ստացած բեկորային վիրավորմանը, շարունակել էր մնալ դիրքում և մարտ վարել գնդացրով։

Նրա հեռախոսի հավելվածը ցույց էր տվել, որ սրտի աշխատանքը դադարել է այդ օրը, ժամը 17:42-ին։

Տիգրանի մարմինը գտել էին սեպտեմբերի 24-ին՝ 812 դիրքում, մինչև վերջին փամփուշտը կրակված, գնդացիրը՝ կողքին։ Նրա հեռախոսում հարազատները գտել էին իր արած լուսանկարները՝ Արցախի բնությունը, արևածագերն ու մայրամուտները։

Տեսանյութեր

Լրահոս