
Ռեկորդային ծավալի գումար է մուտք եղել Հայաստան

Նորություն չէ, որ վերջին տարիներին, առավելապես՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող առևտրային ու տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված, մասնավոր փոխանցումների տեսքով Հայաստան հսկայական ֆինանսական հոսքեր են գալիս։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել անցած տարվա վերջին, աննախադեպ է բոլոր առումներով. Միայն դեկտեմբերին բանկային համակարգով այնքան գումարներ են եկել Հայաստան, որքան նախկինում գալիս էին երբեմն ամբողջ տարվա ընթացքում։
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները վկայում են, որ անցած տարվա վերջին ամսին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կատարած փոխանցումները կազմել են ավելի քան 860 մլն դոլար։
Սա ռեկորդային ցուցանիշ է, որը երբևէ արձանագրվել է մասնավոր փոխանցումների ոլորտում։
Մինչ այդ՝ ամսական կտրվածքով արձանագրված ամենաբարձր ֆինանսական մուտքերը եղել էին 2023թ. փետրվարին։ Ստացվել էր շուրջ 714 մլն դոլար, որը, սակայն, 146 միլիոնով ավելի քիչ է, քան եղել է 2024թ. դեկտեմբերին։
Այն, ինչ կատարվել է անցած տարվա վերջին ամսին, անսպասելի էր։ Այս ռեկորդային ակտիվությունը տեղի է ունեցել արտաքին ֆինանսական հոսքերի տևական ժամանակ արձանագրվող դանդաղումից հետո, ինչի հետևանքով մինչև դեկտեմբեր ունեինք ֆինանսական փոխանցումների կրճատում։ Միջինում ամսական Հայաստան էր գալիս 350-400 մլն դոլարի կարգի գումար։ Դեկտեմբերին մուտքերը կրկնակի ավելացել են։
Ֆինանսական հոսքերի կտրուկ ակտիվացումից հետո, տարեկան մուտքերը կրկին դրական են։ Դրանք նույնիսկ 142 մլն դոլարով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Եթե 2023թ. տրանսֆերտային հոսքերը կազմել էին 5 մլրդ 695 մլն դոլար, անցած տարի հասան 5 մլրդ 837 մլն դոլարի։
Որքան էլ համարենք, որ այս գումարների մեծ մասն ունեն առևտրային նշանակություն և չեն մնում Հայաստանի տնտեսության մեջ, դրանք իրենց ուղղակի ազդեցությունն են թողնում տնտեսության ու հատկապես ֆինանսական կազմակերպությունների գործունեության վրա։ Բանկային համակարգում արձանագրվող բարձր աճերն ու ապահովվող հսկայական շահույթները կապված են նաև այս գումարների շարժերը սպասարկելու հետ։
Շնորհիվ նրա, որ դեկտեմբերին կապիտալի անհավանական մեծ հոսքեր են եղել, անցած տարի էլ մասնավոր փոխանցումների աճ է արձանագրվել։ Երրորդ տարին անընդմեջ արտաքին ֆինանսական հոսքերը Հայաստան ավելանում են՝ ընդհուպ մոտենալով պետական բյուջեի հարկային եկամուտների տարեկան ցուցանիշին։
Դեկտեմբերին գրեթե կրկնակի ավելի շատ գումար է եկել արտերկրից, քան եկել էր 2023թ. նույն ամսին, կրկնակի ավելի շատ, քան 2024թ. նոյեմբերին։
Թե ֆինանսական հոսքերի այս հանկարծակի ակտիվացումն ինչի՞ հետ է կապված, պաշտոնական մեկնաբանություններ չեն հնչել։ Սակայն դատելով հրապարակված տվյալներից, դրանք եղել են գերազանցապես առևտրային փոխանցումների հաշվին. 860 միլիոնից 755 միլիոնն առևտրային բնույթի փոխանցումներն են։
Ոչ առևտրային մուտքերը դեկտեմբերին էական փոփոխություն չեն կրել։ Դրանք համարժեք են եղել 105 մլն դոլարի։ Գրեթե այնքան, որքան նախորդ տարի էր։
Ավելին՝ տարվա կտրվածքով ոչ առևտրային հոսքերը նույնիսկ կրճատվել են։
Անցած տարի դրանք կազմել են 1 մլրդ 13 մլն դոլար։ Մինչդեռ՝ 2023թ. գերազանցել էին 1 մլրդ 315 միլիոնը։
Ստացվում է, որ անցած տարի քաղաքացիները բանկային համակարգի միջոցով դրսից նույնիսկ 302 միլիոնով ավելի քիչ գումար են ստացել։
Կենտրոնական բանկի հրապարակումները վկայում են, որ անցած տարվա վերջին ֆինանսական միջոցների արձանագրված աննախադեպ հոսքերը տեղի են ունեցել Ռուսաստանից։
Դեկտեմբերին Ռուսաստանից Հայաստան շուրջ 648 մլն դոլարին համարժեք գումար է եկել։
Գրեթե 2,5 անգամով ավելի շատ, քան նախորդ ամսին կատարված փոխանցումներն էին։
Նշենք, որ նոյեմբերին Ռուսաստանից ստացվել էր ընդամենը 261 մլն դոլար։
Փոխանցված գումարը մեծամասամբ ունեցել է առևտրային նպատակ՝ 648 միլիոնից՝ ավելի քան 605 միլիոնը։
Գուցե տարօրինակ թվա, բայց այս հսկայական հոսքերը եղել են գերազանցապես ռուսական ռուբլով։ Դեկտեմբերին ռուբլով շուրջ 637 մլն դոլարի տրանսֆերտային փոխանցումներ են կատարվել Հայաստան։ Իսկ տարվա ընթացքում դրանք համարժեք են եղել 3,6 մլրդ դոլարի։ Ռուբլով ստացված մուտքերը կազմել են ընդհանուր փոխանցումների գրեթե 62 տոկոսը։
Զուտ դոլարային փոխանցումները 23 տոկոսի սահմաններում են։ Այդ արժույթով ստացվել է 1 մլրդ 327 մլն դոլար։ Եվրոյով մուտքերը 758 միլիոնի շրջանակներում են։
Նախորդ տարիների նման, գումարները, որոնք բանկային համակարգով մտել են Հայաստան, հիմնականում շարունակել են դուրս հոսել։ Ֆինանսական միջոցների արտահոսքն անցած տարի նույնիսկ ավելացել է։
Տարվա ընթացքում ֆիզիկական անձանց փոխանցումների միջոցով հսկայական գումարներ են դուրս եկել Հայաստանից։ Խոսքն ընդհանուր առմամբ 4 մլրդ 327 մլն դոլարի մասին է։ Նախորդ տարվանից 287 միլիոնով ավելի։
Ի տարբերություն ներհոսքի՝ արտահոսքը տեղի է ունեցել առավելապես դոլարով ու եվրոյով։ Այդ արժույթներով Հայաստանից շուրջ 3,2 միլիարդ է դուրս գնացել։
Գումարները գնացել են տարբեր երկրներ, բայց ամենախոշոր փոխանցումները եղել են Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հայաստանից այդ երկիր անցած տարի 880 մլն դոլարի արտահոսք է արձանագրվել։ Ավելի շատ, քան 2023թ.։
ԱՄԷ գնացած գումարները 309 մլն դոլարով կամ 54 տոկոսով ավելացել են։
Արտահոսքի տեմպերով երկրորդը Ռուսաստանն է, երրորդը՝ Միացյալ Նահանգները։
Երկու երկրների պարագայում էլ Հայաստանից գնացած գումարներն ավելացել են։
Խոշոր արտահոսք է արձանագրվել նաև դեպի Շվեյցարիա՝ շուրջ 456 մլն դոլարի կարգի, ինչը գրեթե կրկնակի գերազանցել է նախորդ տարվա արտահոսքի ծավալը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ