Մինչ Փաշինյանը հրաժարվում է Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատմական փաստերից, Ադրբեջանը Հայաստանի վրա «պատմական հանցագործության» փաստեր է «կարում»
Նիկոլ Փաշինյանն իր ամերիկյան շրջագայության շրջանակում այցելել էր Ատլանտյան խորհուրդ, որտեղ կայացած հարցուպատասխանի ժամանակ խոսել է Ադրբեջանին արած իր առաջարկների, մասնավորապես, Ադրբեջանի դեմ միջպետական հայցերը հետ վերցնելու պատրաստակամության մասին:
«Գաղափարն այն է, որ բոլոր այդ բողոքները չեղարկվեն։ Ընդհանուր առմամբ, մենք այս գաղափարին ևս դեմ չենք, բայց մեր առաջարկը կայանում է ոչ միայն այդ բողոքները չեղարկելու մեջ, այլ նաև երկկողմ հարաբերություններում այդ հարցերը ևս չբարձրացնելու մեջ։ Հակառակ դեպքում տարօրինակ իրավիճակ կարող է ստեղծվել, երբ, օրինակ` ինչ-որ հարց չեղարկվում է միջազգային կառույցի դատից, բայց կողմերից մեկը փորձում է այդ հարցը սեղանին դնել երկկողմ հարաբերություններում և կողմերից մեկը կարող է այդ հարցն օգտագործել սրումներ հրահրելու համար։ Այդ դեպքում արդեն հնարավոր չի լինի այդ հայցը փոխանցել միջազգային կառույցներին։ Մենք այդ գաղափարին էլ դեմ չենք։ Մենք առաջարկում ենք վերջ դնել կոնֆլիկտային հարցերի շուրջ հետագա քննարկումներին և բացել երկկողմ հարաբերությունների նոր դարաշրջան՝ սկսելով նոր ու մաքուր էջից»,- ասել է Փաշինյանը:
Նշենք, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, առաջինը վերաբերում է 44-օրյա պատերազմին և դրանից անմիջապես հետո եղած խախտումներին, երկրորդը՝ տարբեր փուլերում գերեվարված մարդկանց դատավարություններին և ապօրինի բանտարկության հարցերին, երրորդը՝ Հայաստանի սուվերեն տարածքում ադրբեջանցիների զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների խախտումներին, իսկ չորրորդը՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղի ունեցած բոլոր խախտումներին, այն ներառում է նաև 2023 թվականի սեպտեմբերի արցախահայերի բռնի տեղահանության փուլը:
Հայաստանի այս առաջարկը, ըստ էության, օրինականացնելու է Հայաստանի և Արցախի դեմ իրականացված Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, ավելին՝ այն լեգիտիմացնելու է Հայաստանի դեմ հնարավոր սադրանքները, ինչի մասին Փաշինյանն ինքն է ժամանակ առ ժամանակ խոսում:
Արդյոք Նիկոլ Փաշինյանը հաշվի առնո՞ւմ է, որ Բաքվում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շինծու մեղադրանքներով դատավարությունը, որն աշխատեցվում է Հայաստանի դեմ, և ամեն րոպե ճնշման գործիք է օգտագործվելու հենց իր դեմ բանակցային գործընթացում, ինչի ականատեսն արդեն եղել ենք «Գյանջայի դեպքերի» համատեքստում, իսկ Հայաստանի ձեռքերը «դատարկ» են լինելու:
Այսինքն, մինչև Նիկոլ Փաշինյանը փորձում է վերջնականապես փակել Արցախի էջը ու Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սկսել նոր մաքուր էջից, Ադրբեջանը Բաքվի դատավարությունը համարում է «պատմական արդարության» վերականգնման քայլ:
Մասնավորապես, ադրբեջանական պետական մեղադրողը դատարանում հայտարարել է, թե դատավարությունը պատմական նշանակություն ունի իրենց համար:
«Գործով «ապացույցները» (չակերտները՝ Մ.Պ.) հիմնված են «պատմական» փաստերի վրա, ինչը ցույց է տալիս, որ կատարված «հանցագործությունները» պատահական էպիզոդներ չեն եղել, այլ մանրակրկիտ ծրագրված ամենաբարձր մակարդակով, և իրականացվել է ամենայն «դաժանությամբ»: Այս դատական պրոցեսն իրականացվում է հանուն «արդարության վերականգնման»: Դատական գործընթացն ապացուցելու է, որ քննվող «հանցագործություններն» իրականացվել են Հայաստանի կողմից քաղաքական, ռազմական, նյութական և այլ աջակցության շնորհիվ: Այս դատական գործընթացը նաև պատմական նշանակություն ունի նաև հետագայում նման «հանցագործությունների» կանխարգելման առումով»,- նշել է նա:
Բնականաբար, այս համատեքստում հիշատակվել են Հայաստանի և Արցախի նախկին քաղաքական և ռազմական ղեկավարները:
Կրկնում ենք, Ադրբեջանի դեմ միջպետական հայցերից հրաժարվելով՝ Փաշինյանը «հաղորդում է» տալու Հայաստանի դեմ, այդ թվում՝ ինքն իր դեմ: Առանց այն էլ նա արդեն սկսել է 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության «արդարացման» գործընթացը՝ ասելով. «Դեռ պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»:
Մինչդեռ նախքան 2018 թվականի հեղափոխությունը Հայոց ցեղասպանությունը ներկայացվել է որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն, և շեշտվել, որ դրա ճանաչումն ու դատապարտումը կանխում է հետագա ցեղասպանությունները: Այսինքն, Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Թուրքիայի նկատմամբ, բայցև չի փորձել ջնջել 1915 թվականի ցեղասպանության էջը՝ այն համարելով և՛ հայկական հարց, և՛ համամարդկային:
Այսինքն, եթե Նիկոլ Փաշինյանը որոշում է փակել Արցախի, Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, Հայոց ցեղասպանության էջերը, դա չի նշանակում, որ նույնն անելու է Ադրբեջանը, ընդ որում՝ ադրբեջանական կողմի դեպքում փաստերն ու ապացույցները շինծու են:
Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է՝ Հայաստանի ինքնիշխանությունից խոսող Փաշինյանն արդյոք հստակ քայլեր կանի՞ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը վերադարձնելու ուղղությամբ, թե՞ ոչ, և ո՞րը կլինի նրա համար ձեռնտու՝ նրանց Բաքվում մնա՞լը, թե՞ վերադարձը Հայաստան: