Փաշինյանի վախերը Բաքվի դատավարությունից. իրականում ի՞նչ հետախուզական տվյալներ է ստացել, ինչո՞ւ Ալիևի դեմ չի օգտագործում իր կոնֆիդենցիալ տեղեկությունները
Հունվարի 20-ին 168.am-ը Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահի ցուցմունքի համատեքստում անդրադարձել էր Արայիկ Հարությունյանի և Նիկոլ Փաշինյանի՝ «Գյանջայի դեպքերին» առնչվող պատասխանատվության չափին՝ ի՞նչ է զեկուցվել Փաշինյանին «Գյանջայի դեպքերի» մասին, ո՞վ է որոշում կայացրել:
Իսկ հունվարի 24-ին էլ «Փաշինյանն «էմոցիոնալ հայտարարություն» չանելով՝ ո՞ւմ է պաշտպանում. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությա՞նը, թե՞ իրեն, և ինչի՞ց. իրականում ինչ պետք է նա անի» վերտառությամբ հոդված էինք հրապարակել, որտեղ, մասնավորապես, հիշեցրել էինք հունվարի 22-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Բաքվում բանտում ապօրինի պահվող հայ գերիների հետ կատարվողի առնչությամբ պաշտոնական Երևանի լռել-չլռելու մասին Նիկոլ Փաշինյանը պնդումը.
«Այն տեսարանները, որոնք մենք տեսանք, մտահոգիչ են, բայց պետք է արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական շփումներում և օրակարգում այդ հարցը մշտապես առկա է, և մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք արդյունքի: Ես հիմա կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց դրա ազդեցությունն ու հետևանքներն այդ մարդիկ բանտում իրենց մաշկի վրա զգալու են: Կրկնում եմ, ես հիմա կարող եմ էնպիսի հայտարարություններ անել, որ ընդհանրապես պրետենզիա չունենաք, բայց էդ հայտարարության հետևանքն էդ մարդիկ են զգալու: Է՞ս եք ուզում, ես չեմ ուզում»,- ասել էր Փաշինյանը:
Եվ ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», նույն ժամանակում հոդված է հրապարակում՝ «ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման «մութ պատմությունը»․ «գործա՞րք», թե՞ «մատնություն»» վերտառությամբ:
2024 թվականի օգոստոսին էլ լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հարցադրումներ էր արել Ռուբեն Վարդանյանի հետ կապված՝ ինչպե՞ս ստացվեց, որ ՌԴ քաղաքացիությունից Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց, ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը, ո՞վ նրան գործուղեց ՀՀ, գործուղեց ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ինչ խոստումներով:
Իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մոռանալով իր՝ օրեր առաջ արված հայտարարությունը, թե իրավիճակին մոտենում է չվնասելու տրամաբանությամբ և չի ցանկանում «էմոցիոնալ» հայտարարություններ անել, որի բացասական հետևանքները Բաքվի բանտում պահվող հայերն ու Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է իր մաշկի վրա զգալու, հունվարի 25-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում որոշում է «գաղտնազերծում անել».
«Ես այնտեղ գտնվող որևէ մեկին իմ քաղաքական հակառակորդը չեմ համարում, և ընդհակառակը, ավելին՝ մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ այն, ինչ տեղի է ունենում, ոչ միայն լրջորեն մտահոգիչ է, այլև օգտագործվելու է և օգտագործվում է տարածաշրջանում նոր էսկալացիաներ հրահրելու համար: Ավելին՝ մենք հետախուզական տեղեկություններ ունենք, որ այդ մարդկանց նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն նրանցից: Մենք շատ մտահոգված ենք այդ պրոցեսով:
…Այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ, այդ մարդկանցից հոգեներգործուն արգելված միջոցներով շատ հնարավոր է, որ այնպիսի ցուցմունքներ կորզեն, որ ամենատարբեր ձևերով օգտագործեն Հայաստանի Հանրապետության դեմ:
Եվ մենք այս հարցը շատ լավ և շատ խորությամբ հասկանում ենք և մեզ հաշիվ ենք տալիս: …Սպառնալիք է գեներացվում Հայաստանի Հանրապետության դեմ: Ասում եմ, մենք գիտենք, հետախուզական տվյալներ ունենք, որ արգելված հոգեներգործության միջոցներով Հայաստանի Հանրապետության դեմ են օգտագործելու, ցուցմունքներ են կորզելու»:
Ընդ որում, Փաշինյանն այս հայտարարություն արել է Բաքվում պահվող հայերի և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով հունվարի 27-ի դատական հերթական նիստի նախօրեին, որտեղ նախատեսված է նրանց խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության քննարկումը:
Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում արած հայտարարությունը հաստատում է վերոհիշյալ մեր հոդվածում առկա պնդումները, որ Գյանջայի դեպքերի հետ կապված Արցախի նախկին նախագահի ցուցմունքները վախեր են առաջացրել Փաշինյանի մոտ՝ անկախ նրանից, թե ինչպես են դրանք ստացվել, կամ արդյո՞ք Արայիկ Հարությունյանը նման բան ասել է, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցներն Ալիևի հրահանգով:
Ի վերջո, այն, թե ֆիզիկական և հոգեբանական ճնշումներ են գործադրվում Բաքվում հայ գերիների, Արցախի քաղաքական և ռազմական նախկին ղեկավարության նկատմամբ, մոտ 1 տարի է և նույնիսկ ավելի, բարձրաձայնում են հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպանները, Ռուբեն Վարդանյանի հարազատները և այլք, բայց ՀՀ իշխանությունները հրապարակավ չեն խոսել այս մասին, ոչ էլ գործուն քայլեր են կատարել, թերևս, ապահովելու միջազգային ատյանների ներգրավվածությունը, հայ փաստաբանների մասնակցությունը, ոչ էլ ռազմագերիների հարցը դիտարկել են՝ որպես բանակցային գործընթացի պարտադիր բաղադրիչ:
Այսինքն, իրավիճակը պատկերացնելու, հայ գերիների հետ ադրբեջանական վարվելակերպը պատկերացնելու համար հատուկ հետախուզական տվյալներ պետք չեն, բաց բավարար փաստեր կան՝ պատկերացումներ կազմելու համար:
Իսկ գուցե Փաշինյանին հասած կամ փոխանցված հետախուզական տվյալները բոլորովին ա՞յլ բանի մասին են, ինչը կրկնապատկել է նրա վախերը և այն դիտարկում է իրական սպառնալիք՝ նախ իր դեմ, և դրա համատեքստում՝ նաև Հայաստանի Հանրապետության, քանի որ պետությունն է վճարելու փաշինյանական քայլերի և նաև որոշումների գինը, բացի այն, որ հնարավոր է ինչ-որ պահի Փաշինյանին Ալիևը նստեցնի մեղադրյալի աթոռին:
Թե ինչո՞ւ անգամ այս դեպքում Նիկոլ Փաշինյանը «ջրի երես» չի հանում Ադրբեջանի դեմ նախքան 44-օրյա պատերազմն ունեցած կոնֆիդենցիալ տեղեկությունները, որոնք հնարավոր է նաև ավելացած լինեն 44-օրյայի ընթացքում, կարող ենք միայն ենթադրել:
Կարո՞ղ ենք մտածել, որ Ալիևի ձեռքի տակ առկա փաստերն իր դեմ կամ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից կորզվելիք ցուցմունքներն առավել ծանրակշիռ են:
Ուստի Նիկոլ Փաշինյանին այլ բան չի մնում, քան հանրությանը, ըստ էության, հորդորել չհավատալ դրանց, դրանք ներկայացնելով նաև՝ որպես պատերազմի հնարավոր հրձիգ, իսկ իր կողմից ապացույց-«կոնտրքայլի» հնարավոր բացակայությունն արդարացնել պատերազմ թույլ չտալու տրամաբանության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն արդեն արձագանքել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը հոգեներգործուն նյութեր տալու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ դրանք համարելով ծիծաղելի:
Ռազմական հանցագործ Ադրբեջանն ամեն ինչի ընդունակ է, խոսքը բոլորովին այլ բանի մասին է, ինչպես արդեն նշեցինք:
Իսկ Փաշինյանն արդյո՞ք չի մտածել, որ իր այս հայտարարության բացասական ազդեցությունը կարող են Բաքվի բանտերում պահվող հայերը զգալ իրենց մաշկի վրա, ինչպես օրեր առաջ ինքն էր ասում, քանի որ Բաքուն կարող է նաև նրանց միջոցով փորձի հերքել փաշինյանական պնդումները: Փաշինյանը դա ցանկանո՞ւմ է: Իսկ կարո՞ղ է ինչ-որ պահի նա վտանգ զգա իր համար և որոշի վերադարձնել Բաքվում դատապարտվող Արցախի նախկին ղեկավարությանը: Ժամանակը ցույց կտա, թե այս վտանգի չեզոքացման կամ մեղմացման ինչ ճանապարհ կընտրի Փաշինյանը:
Ի դեպ, ադրբեջանական կողմը ևս Փաշինյանի վախերը կապում է Արայիկ Հարությունյանի ցուցմունքի և հնարավոր այլ ցուցմունքների հետ:
Նշենք, որ Բաքվում պահվող Արցախի ռազմական նախկին ղեկավարությանը մեղադրում են նաև, ըստ էության, որ «Ադրբեջանի տարածքում մասնակցություն են ունեցել զինյալ խմբավորումների կազմավորման գործում»:
Չմոռանանք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից մոտ 1 ամիս առաջ՝ օգոստոսի 25-31-ը, Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Արցախի զորամասերից մեկում անցկացվել էր հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Այսինքն, ռազմական դասընթաց էր կազմակերպվել:
Հավաքի մասնակիցները կրակային պատրաստության դասերի ընթացքում ծանոթացել էին Կալաշնիկովի ավտոմատի հիմնական մասերին ու մեխանիզմներին, օպտիկական նշանոցներին և գիշերային տեսանելիության սարքերին, դրանց դերին ու նշանակությանը, անցել ավտոմատից, ԿԳ գնդացիրներից, ԳԴՀ-ից ստուգողական հրաձգության վարժություններ զորատեսակների համար, բաց դաշտում իրականացրել նռնակի նետումը թաքստոցից ծնկած կամ կանգնած դրությունից։
Հիմա ի՞նչ՝ Աննա Հակոբյանը 44-օրյա պատերազմից առաջ «զինյալնե՞ր է պատրաստել Ադրբեջանի տարածքում»:
Իհարկե, նա պատերազմի ժամանակ իր «Էռատո» ջոկատով մարտական առաջադրանք չի կատարել Արցախում:
ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնել էին, որ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին հանդերձավորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայության տակ, իսկ ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում:
Մենք զուտ բաց փաստեր ենք արձանագրում, և ոչ թե կոնֆիդենցիալ տեղեկություններ…