Ցավ եմ ապրում՝ լսելով այս կլկլոցները․ թուրքական ելևէջներով երգողներ, թուրքերը հայավարի երգո՞ւմ են․ Աշուղ

Աշուղական արվեստը ժողովրդապրոֆեսիոնալ ստեղծագործական և կատարողական արվեստ է, որը հատուկ է աշուղներին։ Աշուղ են համարվում ժողովրդական այն ստեղծագործողները, որոնք երգի խոսքն ու երաժշտությունը կատարում են որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ (քամանչա, սազ, թառ և այլն)։ Աշուղական արվեստի մասին զրուցել ենք Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի աշուղ Րաֆֆի Հակոբյանի հետ։

1992 թվականից աշխատում եք «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլում։ Ձեր մուտքը երգարվեստ այստեղի՞ց է սկսվել։

– Սովորել և ավարտել եմ Երաժշտամանկավարժական ուսումնարանը, որը հիմա կոչվում է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ։ Փոքրուց սիրել եմ երգելը, միշտ մասնակցել եմ դպրոցական միջոցառումներին։ Աշխատել եմ Հայհամերգում։ Աշուղական, ժողովրդական երգերին ծանոթ եմ մանկուց։ Ժամանակին ձայներիզներ կային, լսում էինք մեր հին երգիչների՝ Շարա Տալյանի, Լուսիկ Քոշյանի, Վաղարշակ Սահակյանի, Արաքսյա Գյուլզադյանի երգերը։ Եվ, քանի որ երգում էի գուսանական անսամբլներում, Թովմաս Պողոսյանն ինձ նկատել էր ու, երբ հանդիպում էինք, ասում էր, որ ցանկանում է վերականգնել Վաղարշակ Սահակյանի ղեկավարած աշուղական անսամբլը, որը շուրջ 20 տարի չէր գործում։ Բավականին արհեստավարժ մարդիկ հավաքվեցին և 1992թ․ ստեղծվեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը։

Կարդացեք նաև

Մեծանուն աշուղ Ջիվանիի դեպքում տաղանդը բացահայտում է ուսուցիչը։ Նա հորթարած էր, դաշտում միշտ երգել է, նվագել, և նկատել են ունակությունները։ Ձեր դեպքում բացահայտումն ինչպե՞ս եղավ։

Տանը փոքրուց երգում էինք թե՛ ես, թե՛ եղբայրներս, ու ես ընտրեցի հենց այս ոլորտը։ Աշուղական երգարվեստը շատ սիրված էր հատկապես սովետական շրջանում։ Իսկ հիմա ժողովուրդն այս երգերի «համը պետք է առնի»։

Կա՞ն աշուղական արվեստով հետաքրքրվող երիտասարդներ։

– Աշուղը կոչում է։ Աշուղը կոչվում է սիրահար։ Աշուղները մի քանի գործողություն են կատարել՝ մեղեդի են գրել, երգել, նվագել։ Հիմա գործում է Ջիվանու անվան աշուղական դպրոցը, որտեղ սովորում են աշուղական արվեստ։ Կա մոտ 150 աշակերտ։

Եղե՞լ է աշուղ, ում ցանկացել եք նմանվել։

– Ավելի շատ ասում են, որ իմ երգերը «ջիվանիական» են։ Երգեր ունեմ նվիրված Սայաթ-Նովային, Ջիվանուն։ Սայաթ-Նովան էլ է նվագել քամանչա, ու երբ նայեցի «Սայաթ-Նովա» ֆիլմը, գործիքը դուրս եկավ։

Աշուղները երգում են, նվագում, ստեղծագործում։ Եթե, օրինակ, մեկը երգել կամ նվագել չգիտի՝ կրկին աշուղ համարվո՞ւմ է։

Բոլոր գործողությունները կատարողները կոչվում են բանիբուն աշուղներ։ Կան աշուղներ, որ մեղեդի չեն հնարել և հիմնականում օգտագործել են դասական աշուղական մեղեդիները։ Կան նաև ուղղակի երգերը կատարողներ։

Ձեր երգերից մեկում հետևյալ տողը կա «Ով շնորհք չունի, ասպարեզ չելնի»։ Այդպես ինչպե՞ս կլինի։ Կարող է ասպարեզ է դուրս գալիս, փորձ է ձեռք բերում ու շնորհքով է դառնում։

– Եթե մեկը երաժշտական լողություն չունի, ինչպե՞ս կարող է երգել։ Շատերը երգում են՝ ձայն չունեն, բայց երաժշտական լսողություն ունեն։ Մենք առաջ առանց բարձրախոսի ենք երգել։ Աստված ամեն մեկին շնորհք տվել է, ուղղակի պետք է ճիշտ մասնագիտություն ընտրի։

Աշուղներն անդրադառնում են նաև հասարակությանը հուզող խնդիրներին։ Կա՞ն թեմաներ, որոնց մասին ուզում եք գրել, սակայն համարձակություն ձեռք չեք բերում։

– Չէ, համարձակ եմ։ Անգամ ինձ խորհուրդ են տալիս գրվածքներս չհրատարակել։ Կարդամ դրանցից մեկը, որը կոչվում է «Հայ երգը»։

– Փոքր հասակից մեր մեջ

Սերմանվել է անընդմեջ

Երգ, նվագը մեր անգին

Հիասքանչ թանկագին։

․․․Երգել ենք մենք մշտական

Երգը ժողովրդական,

Ոչ կառուցվածքն ենք փոխել

Եվ ոչ էլ աղավաղել։

Քանդվեց Սովետ երկիրը

Շատ փոխվեց մեր երկիրը

Մտանք օտար հեղեղներ

Ջնջվեցին շատ արժեքներ։

․․․Հայ երգը արժեզրկվեց

Փոխարենը ներդրվեց

Էժան, ռաբիս, անմշակ

Փողոցային անճաշակ

Երգ նվագը անճոռնի,

Որ մարդու սիրտ կխառնի։

Կան տգետներ չափազանց,

Որ մտնում են համացանց

Լսում թուրքի լաց ու կոծ,

Վայնասուն ու մղկտոց,

Բերում, խառնում հայ երգին՝

Երկրպագելով թուրքին։

Էս ի՞նչ օրի ենք հասել․․․

Կարծես Սովետական միության երկրպագո՞ւ եք, հա՞։

– Չէ, այն ժամանակ ուղղակի շատ ասպարեզներում ծաղկունք էր։ Մենք այն ժամանակ ունեինք նախանձախնդիր ղեկավարներ։ Կարեն Դեմիրճյանը շատ հայասեր էր։

Ունեք նաև «Հայության հատուկ տեսակ» երգը, որտեղ քննադատում եք քաղքենիներին՝ նրանց, ովքեր նախընտրում են անգլերեն, ռուսերեն խոսել՝ մոռանալով հայերենը։ Խնդիրը լուծելու տարբերակ գտե՞լ եք։

– Եթե մարդն իր վրա չի առնելու, ոչ մեկը չի կարող ստիպել։ Մահուբի Գևորգն ասում է․ «Սրտիս մեջը պահեմ խնամ, մամոնային չստրկանամ։ Հազար միլիոն փող ունենամ՝ մահս եկավ, թողնեմ կերթամ»։ Մենք երգում ենք սա, լսում են ու ոչ մեկն իր վրա չի վերցնում, ասում են՝ ինչ լավ է գրված։ Վերադառնանք քաղքենիներին։ Նախադասության կեսը հայերեն են ասում, կեսը՝ ռուսերեն, ինչո՞ւ։ Կամ՝ խոսենք երգի մասին։ Թուրքական ելևէջներով երգողներին հարց տանք՝ թուրքերը հայավարի երգո՞ւմ են։ Ցավ եմ ապրում, երբ լսում եմ այդ կլկլոցները։

Աշուղներն իրենց երգերով խրատում են հասարակությանը։ Օրինակ, Ջիվանին իր օրինակով խրատում է մյուսներին։ Երգերից մեկում ասում է՝ «Ջիվանի, չլինի, որ օձերին լավություն անես»։ Իր խրատներից ո՞րը կհիշեք։

– Ջիվանին բարոյախոս է։ Նրա երգերը խրատական, խոհափիլիսոփակայան են։ Նա ապրել է առաքինի կյանքով։ Երգերից մեկում ասում է․

«Ես, Ջիվանս ամենին աղաչել եմ, պաղատել եմ,

Որ լինին սիրով, միաբան, մեջս այսպես դատել եմ.

Ինչ տեղում ատելության հոգու ծնունդ նկատել եմ,

Պատճառին առանց վախի՝ հանդիմանել, նախատել եմ,

Ինչքան իմ ուժս պատել է, այնքանով աշխատել եմ,

Ժողովրդին մի օգուտ տալ՝ եղել է նպատակս»։

– Դուք Ձեզ ի՞նչ խրատ կտայիք։

– Սխալներից դասեր առնել ու աշխատել չկրկնել։

Տեսանյութեր

Լրահոս