Միանգամից 7 միլիոն դիտող իմացավ 44-օրյա պատերազմի, Հայաստանում կատարվողի մասին, երբ հայերեն երգեցի․ Անահիտ Բոյաջյան

«Սփյուռքում հայ մնալն ամենօրյա պայքար է»,- ասում է ֆրանսահայ երգուչի Անահիտ Բոյաջյանը։

Իսկ, թե ինչպե՞ս է ընթանում նրա «պայքարը»՝ պարզել ենք հարցազրույցի ընթացքում։

Անահիտ, հասարակության լայն շրջանակներին հայտնի դարձաք, երբ 2021թ մասնակցեցիք ֆրանսիական The Voice նախագծին։ Երիտասարդները նման նախագծերի հիմնականում մասնակցում են հայտնիություն ձեռք բերելու համար, բայց մինչ այդ Դուք արդեն համերգներով էիք հանդես գալիս, անգամ ձայնասկավառակ էիք թողարկել։ Ի՞նչը տարավ Ձեզ այդ մրցույթ։

– Միշտ ցանկացել եմ մասնակցել The Voice-ին, բայց թե ի՞նչ պետք է երգեի, չգիտեի։ Սա՝ 18 տարեկանում։ Բայց 10 տարի անց, երբ մեծացա, արդեն մտածեցի, թե ինչ կարող եմ անել։ 2021թ․  սկզբին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ոչ ոք Ֆրանսիայում չգիտեր, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոշեցի մասնակցել մրցույթին ու երգել հայերեն, որովհետև շատ զայրացած էի։ Մի քանի երգ ուղարկեցի, ու միանգամից համաձայնեցին։ Մրցույթի մասնակցելու արդյունքում միանգամից 7 միլիոն դիտող իմացավ Հայաստանի ու այնտեղ կատարվողի մասին։ Շատ էին գրում, հարցնում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ու ես հորդորում էի այցելել ու սեփական աչքերով տեսնել։

Կարդացեք նաև

– Սկզբում մի քանի երգ եք ներկայացրել, որոնցից միայն մեկն է եղել հայերեն, ու ռեժիսորն ընտրել է հայկական երգը։ Ինչո՞վ էին բացատրում սա։

– 5 երգ եմ ուղարկել, 3-ը ֆրանսիացի բանաստեղծների խոսքերի հիման վրա գրված երգեր էին, իսկ 2-ը՝ հայերեն, բայց չկար այն երգը, որն ընտրել էին։ Ասացին, որ շատ սիրուն է, երբ հայերեն եմ երգում, հատկապես, որ միքս եմ անում, կատարում եմ և՛ հայերեն, և՛ ֆրանսերեն։ Երգը ձայնագրելու ժամանակ ասացի, որ չեմ ուզում իրենց նվագախմբի հետ կատարել, քանի որ հայրս ու եղբայրս երաժիշտներ էին, նվագում էին դհոլ և դուդուկ։ Ընտանիքով հանդես եկանք։

– Քանի՞ փուլ հաղթահարեցիք։

– Մինչև մրցույթի կեսն եմ հասել։ Շատ լավ է, հերիք էր։ Առաջին փուլի ժամանակ այնքան մեծ բում եղավ։ Հայկական բոլոր համայնքներում լսել էին, ճանաչում էին։

– Հրավերներ եղա՞ն։ Օրինակ, Հայաստանում նման մրցույթներից հետո լավագույն կատարողները միանգամից կարողանում են մտնել շոու-բիզնես։ Ֆրանսիայում ինչպե՞ս է։

– Շատ դժվար է, եթե ուզում ես Ֆրանսիայում երգչուհի դառնալ։ Լիքն են երգիչները ու, եթե չունես մենեջեր ու մեծ թիմ, բարդ է։ Ես ամեն ինչ մենակ եմ անում մինչ օրս, այո, հրավիրում են փառատոների, համերգների։ Հիմա հաճախ եմ գալիս Հայաստան, որովհետև համերգ ունեմ, կանչում են։ Չեմ դժգոհում։ Իմ քրտինքով առաջ եմ գնում։ Ստացվում է այնպես, ինչպես երազել եմ։ Ուզում եմ լինել ճանաչված, բայց չթաքցնել, թե ով եմ։ Ֆրանսահայ աղջիկ եմ, հպարտ եմ իմ արմատներով։ Երբ Ֆրանսիայում համերգ եմ տալիս ու հանդիսատեսի մեծ մասն էլ ֆրանսիացի է, ես հայերեն եմ երգում, հետո թարգմանում եմ։ Ուղեկցում եմ հանդիսատեսին Փարիզից մինչև Երևան։

–  Տուրիզմն եք «զարգացնում»։

– Այո։ Ուղղակի չեմ երգում, ես պատմություն եմ պատմում։

– Դուք նաև խումբ ունեք, որը կոչվում է «Նոր աշուղ»։ Որքանո՞վ է հայկական ժողովրդական, աշուղական երգը հասկանալի ֆրանսահայերին, որովհետև երիտասարդներից շատերը, որոնք ծնվել ու ապրել են Ֆրանսիայում, հեռու են հայկական մշակույթից, անգամ հայերեն են վատ խոսում։

– Այո, վեց հոգի ենք, կատարում ենք հայկական աշուղական երգեր։ Ինչ վերաբերում է հասկանալուն, ապա դժվար է, եթե տանը հայերեն չեն խոսում։ Կան հին ընտանիքներ, որտեղ թաքցնում են պատմությունը, բայց երբ մեծանում են երիտասարդները, հիշում են, որ տատիկը հայ էր։ Մեծանալով՝ հասկանում են, ինքնուրույն գալիս են Հայաստան, որ հասկանան, թե ով են։ Եթե չեն շփվում հայ համայնքի հետ, չեն նվագում, երգում որևէ խմբում, դժվար է։ Մենք մի ընտանիք ենք, քանի որ հայ ենք։ Եթե խնդիրներ, դժվարություններ ունենք, պետք է օգնենք իրար։

Ես Ֆրանսիայում եմ ծնվել, ծնողներս՝ նույնպես, բայց գիտեմ, որ տատիկիս կողմը մշեցի է, պապիկիս կողմը՝ պոլսեցի։ Իսկ թե ինչպե՞ս է պատահել, որ եկել են Ֆրանսիա, հետաքրքրվել եմ ընտանիքիս պատմությամբ, դրա համար պետք է խոսենք ծնողների հետ։ Այս կապը միշտ պետք է ունենանք, որովհետև, երբ հեռանում են կյանքից, արդեն ուշ է։ Ես բախտավոր եմ, քանի որ խոսել եմ տատիկ-պապիկներիս հետ, իմացել ամեն ինչ։ Եվ հիմա իմ ազգի դրոշը պետք է բարձր պահեմ ու մեր պատմությունը, հետո, երբ երեխա ունենամ, կպատմեմ, և այդպես սերնդեսերունդ կգնա։

Երեխա ունենալուց խոսեցիք։ Ձեր ապագա ամուսնուն կընտրեք հայ երիտասարդների շարքերի՞ց, թե՞ ֆրանսիացի։

– Եթե ինձ նման ֆրանսահայ կլինի, շատ լավ կլինի։ Կարևոր է մտածելակերպը․ պետք է նույնը լինի։ Եթե այստեղի հայ լինի, շատ լավ կլինի, բայց կարող է նույն լեզվով խոսենք, սակայն չհասկանանք իրար։ Ասեմ՝ պապիկս իտալացի էր, բայց իր նման հայի ոգի ունեցողի չեմ ճանաչում։ Ամեն Ապրիլի 24-ին առաջիններից մեկն էր, որ քայլում էր Լիոնից դեպի Փարիզ։ Չգիտեմ՝ ճակատագիրն ի՞նչ է պատրաստել ինձ համար։

– Շատ լավ եք հայերեն խոսումպատճառն այն է, որ տանը միշտ հայերե՞ն եք խոսել, թե՞ հայկական դպրոց եք հաճախել։

– Լիոնում ունենք եկեղեցի, դպրոց։ Մինչև 10 տարեկանը հայկական դպրոց եմ հաճախել, իսկ հետո՝ ֆրանսիական քոլեջ։ Միշտ կապ եմ ունեցել Հայաստանի հետ, քանի որ այստեղ են ապրում մեր բարեկամները։ Ինձ պաշտպանում է նաև հայկական երաժշտությունը, որը միշտ լսում եմ։ Նաև կարդում և գրում եմ հայերեն, շփվում եմ հայերի հետ։

– Սկսել եք երգել 7 տարեկանից, նվագում եք ջութակ, բայց չեք սովորել Կոնսերվատորիայում, ինչո՞ւ։

– 2 տարեկանից, այո, ջութակ եմ նվագել, միշտ երգել եմ, բայց մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ եմ։ The Voice-ից հետո որոշեցի ավելի պրոֆեսիոնալ մոտենալ երգին։ Մասնավոր դասերի եմ հաճախում Հայաստանում «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի քյամանչահար և երգիչ Մխիթար Քեթցյանի մոտ։

– Ինչպե՞ս բացահայտեցիք, որ Ձեր ճակատագիրը երգն է։

– Մայրս միշտ ասում էր, թե՝ Անահի՛տ, դու խոսելուց առաջ երգում էիր (ծիծաղում է։- Ա․Կ.)։ Տատիկս էր միշտ երգում, ու այդպես սկսվեց իմ պատմությունը։ Տանը միշտ երաժշտություն էր հնչում։ Ավելին, Հայաստանից Ֆրանսիա եկող երաժիտները մեկ հասցե ունեին, դա մեր տունն էր։ Հաճախ էր մեզ այցելում կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանը։ Մտածեցի, որ ես էլ կարող եմ երգել։

7 տարեկանից մրցույթների էի մասնակցում ու զգացել էի, որ բեմում ինձ շատ լավ եմ զգում։ Ամեն ինչ մոռանում էի։ Այսպիսի դաստիարակություն եմ ստացել, որ պետք է նախ ունենաս իսկական գործ, որովհետև, եթե հանկարծ ինչ-որ բան պատահի քո կյանքում, դա կօգնի։ 5 տարի աշխատել եմ մասնագիտությամբ, բայց կողքից միշտ երգել եմ։ Ռոբոտի պես չեմ գնում աշխատանքի, ապա՝ տուն։ Առավոտները արթնանում եմ, համակարգչիս առջև նստում կամ ստուդիա եմ գնում, երգ եմ ձայնագրում։

– Հետաքրքիր է, որ գրաֆիկ-դիզայներ աշխատում եք Հայաստանում։ Եզակի դեպք է, սովորաբար այստեղից են այլ երկիր գնում՝ աշխատելու։

– Միշտ ասում են՝ Դուք տարօրինակ եք։ Այո, գիտեմ։ Ֆրանսիան սիրուն երկիր է, պապիկներիս բաց ձեռքերով են ընդունել, բայց մեկ-մեկ դատարկություն եմ զգում, որովհետև փողոցներում հայերեն չենք լսում, դրոշակները չկան։ Հայություն ենք փնտրում Ֆրանսիայում։ Հայաստանի հետ շատ կապված եմ։

– Գուցե վերադառնաք վերջնական ապրելո՞ւ։

– Ինչո՞ւ ոչ։ Երաժշտի կյանքը Հայաստանում ավելի շուտ է ստացվում։ Կարող ես շատ արագ համերգ կազմակերպել, դահլիճ վերցնել, իսկ Ֆրանսիայում երկար է տևում։

Ցանկանում եք մասնակցել «Եվրատեսիլին» և ներկայացնել Հայաստանը։ Մինչ օրս ՀՀ-ն ներկայացրած երգիչներից ո՞ւմ կատարոււմն եք հավանել։

– Ամեն տարի նայում եմ «Եվրատեսիլ» ու իմ ամենամեծ երազանքն այս մրցույթին մասնակցելն է։ Հավատում եմ, որ կստացվի։ Բոլոր երգիչներն էլ լավ են ներկայացրել Հայաստանը։ Սիրում եմ «Լադանիվա» խմբին, Ինգա և Անուշ Արշակյաններին։ Եվ եթե մեկ օր ներկայացնեմ Հայաստանը, ուզում եմ երգել հայերեն և ֆրանսերեն լեզվով, բայց ոչ անգլերեն, որ հետաքրքիր լինի մարդկանց։

– Հիմնականում երգում եք ֆրանսերեն, իսկ երաժշտությունը հայկական է։ Ֆրանսերե՞նն է ավելի հոգեհարազատ։

– Ֆրանսիայում՝ այո, ստիպված եմ։ Ծրագրում 50 տոկոսը հայերեն երգեր են, 50-ը՝ ֆրանսերեն։ Հայաստանում հանդիսատեսը շատ է սիրում Շառլ Ազնավուր, Էդիթ Պիաֆ, իսկ Ֆրանսիայում կորցնում են նման երգերը։ Մրցույթների ժամանակ, երբ ասում ես՝ Էդիթ Պիաֆի այս երգը երգեմ, ասում են՝ չէ, նա այս երգը երգելով՝ մեռավ բեմում։ Ֆրանսիայում ավելի շատ սիրում են երաժշտությունը, քան տեքստը, Հայաստանում հակառակն է։

Ձեր երգերը հիմնականում ինչի՞ մասին են։

– Սկզբում իմ մասին էի երգում, թե ինչ է անում 20-ամյա աղջիկը՝ խնդիրներ, սիրահարվածություն, հետո ուզեցի երգել նրանց մասին, որոնց մասին չենք խոսում․ օրինակ՝ փողոցում հայտնվածների։ Հետո սկսեցի երգել արմատներիս մասին։ Երգ ունեմ, որը կոչվում է «Նռան գույնը»։ Այս երգն արդեն իմ հիմնն է դարձել։ Ես 7 տարեկանից մինչև հիմա օրագիր ունեմ, որտեղ գրում եմ ամեն օրվա զգացածս, սրտիս ծանրությունը։

– Ձեր սիրտն ինչի՞ց է «ցավում»։

Նայած, թե ի՞նչ է կատարվում։ Կարող է լինել մոտ մարդու կորուստ․․․ շատ եմ գրել ընտանիքիս, տատիկիս մասին։ Տատիկիս շնորհիվ ես այստեղ եմ, երգում եմ։ Ցավոք, տատիկս ողջ չէ, բայց միշտ հետս է, իր համար եմ երգում։ Բեմում ժպտում եմ, բայց դրա հետևում մեծ ցավ կա։ Մեր մեծ բանաստեղծներին մեզ մոտ ասում են՝ մեռած բանաստեղծ։ Հա, որովհետև իր մեջ ամեն ինչ կոտրված էր, բայց շատ սիրուն էին գրում։

Շուտով հանդիսատեսի դատին կհանձնեմ իմ նոր երգը, կոչվում է «Անուշիկ յար ջան»։ Այս երգը տատիկիս երգն էր։ Մի օր ասացի՝ տատի՛կ, մեկ ժամ կմնաս տեսախցիկի առջև, ինչ ուզում ես՝ երգիր։ Այդպես էլ արեց։ Մի օր գտա այդ տեսանյութը, լսեցի «Անուշիկ յար ջան»-ը։ Ոչ մի գրքում չգտա, զանգեցի տարբեր ուսուցիչների, ոչ ոք չգիտեր այս երգի մասին։ Երգի հիման վրա նկարելու ենք նաև տեսահոլովակ։ Բառերն այսպիսին են․

Դու կանգնել ես ճամփիս վրա,

Աչքերիդ լույսը սրտիս վրա,

Մազիդ կապը ոտքիս վրա

Ինչպե՞ս երթամ գործիս վրա։

Անուշիկ յար ջան, սիրունիկ յար ջան

Հոնքերդ բարակ, հոնքերդ կամար,

Կեցել եմ մոլոր՝ արևիս բոլոր։

Էլ ինչպե՞ս երթամ, աշխատիմ այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս