
ՄԵՐ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԻԳՄԱԼԻՈՆՆԵՐԸ

Հայկական քաղաքական դաշտը դարձել է ցուցք և դրա գլխավոր հերոսն իր մերձավոր շրջապատի հետ շարունակաբար փորձում է տպավորություն թողնել հանրության զգայուն հատվածի վրա՝ ներկայանալով իբրև լուսավորիչ ու կարծիքի առաջնորդ (ինֆլյուենսեր)։ Լսարանի վրա ազդելու նրա հիմնական գործիքն ամենևին էլ գիտելիքն ու համոզմունքը չեն, այլ դատարկ խոսակցությունը և անգամ շուկայում չօգտագործվող գռեհկաբանությունները։
Ըստ ամենայնի, վերջին սոցիոլոգիական հարցումների արդյունքներից և հանրային հուժկու հակազդեցությունից սթափված նրա իմիջմեյքերները հուշել են, որ անհրաժեշտ է շտապ փոխել խաղաոճը և մտնել նոր կերպարի մեջ, որը գուցե ընդունելի կլինի ոչ միայն իր նվազող ադեպտների, այլև ավելի լայն շրջանակների համար։ Ուստի, նա ստիպված եղավ հայհոյախոսության զինադադար առաջարկել «հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում», թեև տեղին կլիներ ստանձնել այդ խայտառակ երևույթի ամբողջ պատասխանատվությունը, որն իսկ իր ջանքերով դարձավ մեր իրականության ատրիբուտը։
Այս ցուցքը հիշեցնում է Ջորջ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսը։
Դրանում պրոֆեսոր Հիգինսը, իր գործընկերների հետ գրազ գալով, ստանձնում է մի առաջադրանք՝ հասարակ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին վերածել բարձրաշխարհիկ տիկնոջ։ Եվ, օ՜ հրաշք, խոսքի ու վարքագծի մի շարք դասընթացների արդյունքում Էլիզան իսկապես կարողանում է պատշաճ ներկայանալ բարձր հասարակությանը։ Ճիշտ է, դրանից հետո խեղճ աղջիկը հայտնվում է ինքնության խորը ճգնաժամի մեջ. արդյո՞ք ինքը փոխվել է իր էությամբ, թե ռեֆլեքտիվ կատարում է ստանձնած դերը։ Այս հարցն առավել սրվել է մեր օրերում, երբ քաղտեխնոլոգների մի ամբողջ բանակ հին և նորելուկ գործիչներից փորձում է կերտել քաղաքական «էլիզաներ»։ Բեռնարդ Շոուն հաջողությամբ բացահայտում է ինքնության հետ այսպիսի խաղերի որոգայթները. որքան էլ մարդը ձևանա, վաղ թե ուշ դիմակը պատռվում է՝ բացահայտելով նրա էությունը։
Իրավիճակը, անշուշտ, բարդացնում են սոցիալական ցանցերը, որոնց շնորհիվ հանրությունը դառնում է այդ դեմքերի մասնակցությամբ չդադարող ռեալիթի-շոուների ականատես։ Թվիթներ, սթորիներ ու լայքեր. ահա՜ այն հիմնական չուցիչները, որոնցով նրանք այսօր առաջնորդվում են, ասես գեղեցկության գավառական մրցույթի մասնակիցներ լինեն։ Արդյունքում, գործ ունենք ոչ թե քաղաքական գործիչների, այլ հոլոգրամների հետ, որոնք իրենց մոգական գրավչությունը կորցնում են առաջին իսկ ճգնաժամային պահին, երբ պահանջվում են ոչ թե վիրտուալ, այլ կոմպետենտ լուծումներ։
Ժամանակն է, որ բոլոր կարգի պիգմալիոնները գիտակցեն, որ հայ հասարակությունը վաղուց կուշտ է իրենց պատկերներից և ցուցքերից, որոնք վաղ թե ուշ ավարտվում են ֆարսով՝ բացահայտելով դիմակի տակ թաքնված ողջ կեղծիքը։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի (1990-95թթ.) և Ազգային Ժողովի պատգամավոր (1995-99թթ.)
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան