
Վեհարանի վրա գրոհը ծայրահեղ մի ակտ էր, որն իր արձագանքն է ունենալու դեռևս երկար ժամանակ․ Վարդան Խաչատրյան
Վեհարանի վրա գրոհը նմանը չունեցող դեպք է, առավել ևս՝ հայկական պետականության պայմաններում։ Դա իրերի բնությունից դուրս ընկնող երևույթ էր, ծայրահեղ մի ակտ, որն իր արձագանքն ունենալու է դեռևս երկար։ Այն ամենը, ինչը երբևէ չի եղել, և մեկ անգամ տեղի է ունենում, դրա արձագանքը և բացասական հետևանքներն անհրաժեշտ է լինում վերացնել տասնամյակների ընթացքում։ Իհարկե, կարելի է խոսել, թե ինչ արմատներ կարող էր ունենալ այն, որ հայկական ինքնության գլխավոր առանցքներից մեկը հանկարծ հայտնվել է իշխանությունների կրակի տակ։ Իհարկե, այս ամենը համեմված է նաև ինչ-որ կրիմինալով, այսինքն՝ իշխանությունը փոխելու կոչերով, հեղաշրջման ծրագրի ստեղծմամբ, բայց այս ամենը դեռևս պիտի պարզվի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
«Մեզ անհրաժեշտ է հասկանալ, թե որքանով է սա ներքին խոհանոցի, և որքանով՝ արտաքին թելադրանքի դրսևորում։ Պատահականություն չէ, որ Մոլդովայում տեսնում ենք մոտավորապես նույն վիճակը, Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու դեմ դաժանագույն հալածանքներ են։ Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում ևս հանկարծակի, հարթ տեղում առաջացավ այս հակասությունը, այն ժամանակ, երբ մեր գլխին կախվածը սպառնալիքներ են։ Դրանք մարտահրավերներ կամ վտանգներ չեն, ինչպես փորձում են ներկայացնել ԶԼՄ-ներում, այլ սպառնալիքներ։
Ելքի միակ ճանապարհը միացյալ հայ ժողովուրդն է, և հիմա մեզ փորձում են տրոհել այն առանցքով, որը եկեղեցին է, որն ընթանում է ոչ միայն ներկայիս հասարակության, այլև պատմության միջով՝ սկսած 4-րդ դարասկզբից։ Մենք կարող ենք հասարակության այնպիսի պառակտում ստանալ, որը հնարավորություն չի տա մոբիլիզացնելու ուժերը, քանի որ կենսական և ծայրահեղ վտանգների առաջ ենք կանգնած։ Մեր շուրջը փոթորկվում է, պատերազմը չի ավարտվել»,- ասաց ընդդիմադիր գործիչը:
«Մենք ենթարկվել ենք շատ լուրջ վայրիվերումների, որոնց մասին աշխատում ենք չխոսել, քանի որ դրանք իրենց մեջ ծանրագույն ողբերգություններ են կրում։ Օրինակ, մենք համարում ենք, թե հոկտեմբերի 27-ի ահաբեկչական ակտն ընդամենը տեղի է ունեցել, և վերջ։ Դա աշխարհի լավագույն ահաբեկչական ակտն էր՝ կիրառված մեր դեմ։ Կտրվեց բուրգի գագաթը, և նրա փլուզումն անկասելի էր։ Կարո՞ղ ենք ասել, որ այդ փլուզումն այսօր կանգ է առել, կամ արդյո՞ք հանրային հոգեբանության միջից դուրս է եկել աներևակայելի ծանր և ցավագար այդ սպին, որը մնաց ժողովրդի ենթագիտակցության մեջ։ Մի՞թե վերջին արցախյան պատերազմը և Արցախի բռնազավթումը՝ որպես ցեղասպանական ակտ, ևս մեկ այդպիսի սպի չավելացրին»,- նշեց նախկին պատգամավորը:
Հանրային գործչի պնդմամբ՝ մեզանում տեղի է ունեցել նեգատիվ սելեկցիա՝ բացասական ընտրություն, այն պահպանվում է առայսօր և շատ ավելի ծանր դինամիկա կարող է ունենալ.
«Սովորաբար այդ դեպքերում հասարակությունը շատ երկար ժամանակ խելքի չի գալիս։ Երբ տեղի ունեցավ պատերազմը, որում այդ վայրիվերումները պարտություն էին հիշեցնում, և հայտարարվեցին նոր ընտրություններ, դրանցում նորից հաղթեց Նիկոլ Փաշինյանը։ Մի անձնավորություն, որն ուներ մի ռենոմե և հանրային համարում պատերազմից առաջ, և բացարձակ այլ համարում՝ պատերազմից հետո։ Դա արդեն անկման, իջնելու համարում էր, քանի որ մենք պատերազմական պարտություն էինք կրել»:
«Փաշինյանի մրցակիցները, փաստորեն, նախորդ իշխանություններն էին, որոնց ժողովուրդը դարձյալ չէր սիրում։ Տեղի ունեցավ նեգատիվ ընտրություն։ Դրա ծայրահեղ ծանր հետևանքն այն է, որ ոչ թե հանուն պայծառ ապագայի, վերելքի ու պետականության զարգացման ես քվեարկում, այլ ընդդեմ ինչ-որ մարդկանց, ում դու չես սիրում, որոնք խախտել են հասարակական արդարացիությունը»,- ամփոփեց Վարդան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում