
Ինչպես հայկական բիզնեսը նաև աստղերի միջոցով հայտնի դարձրեց աշխարհին. Վրույր Փենեսյանի պատմությունը
168TV-ի «Կապիտալի ՈՒԺԸ» հաղորդաշարի հյուրն է գործարար, «Business Partners of Armenia» ընկերության ղեկավար Վրույր Փենեսյանը։
Հարցազրույցի կարևոր թեզերը՝ ստորև.
– Գործարարությամբ սկսեցի զբաղվել շատ վաղ տարիքում. որոշել էի, որ ծնողներիցս այլևս գումար չեմ վերցնելու։ Նման որոշման եկա, թեև եղել եմ ապահովված ընտանիքի զավակ։ Դեռ այն ժամանակ որոշել էի՝ պետք է դառնամ մեծահարուստ։
– Հիշում եմ՝ Պրոսպեկտում մի խանութ կար, ձու էի գնում, տանում՝ Նորքի խանութներից մեկում վերավաճառում։ Դրանից հետո, հիշում եմ, սկսեցի մեծահասակների հետ գնալ Վրաստան. ապրանք էի բերում և վաճառում։
– Շատերն ինձ ասում էին՝ հասել ես ինչ-որ բանի, բավարարվի՛ր։ Գիտե՛ք, զարմանում եմ, երբ մարդիկ այդպես են ասում, որովհետև, եթե ես ինչ-որ բանի եմ հասնում, դրանից հետո շարժվում եմ առաջ։ Ինձ համար կարևոր է, որ միշտ լինի աճելու տեղ։
– Հետո իմ կյանքում եկավ մի շրջան, երբ սկսեցի Հայաստանի մշակույթը ներկայացնել աշխարհին, ապա հասկացա, որ մշակույթից զատ, մենք ունենք նաև աշխարհին ներկայացնելու տարբեր արտադրանքներ։
– 2018 թվականից սկսեցի Հայաստանը տարբեր ձևաչափերով ներկայացնել աշխարհին՝ տնտեսական, մշակութային և այլն։
– Երբ տեսա, որ Հայաստանում անշարժ գույքի շուկան է բում ապրում, տեսա, որ արժեքավոր նախագծեր ունենք, որոշեցի, որ դրանք ևս կարելի է Հայաստանից դուրս հանել։ Օրինակ՝ այս տարի Մոսկվայում կազմակերպեցի մեծ՝ Հայաստանում գտնվող նորակառույցների վաճառք-ցուցահանդես, այդ եղանակով ներդրումներ բերելով Հայաստան. որովհետև, պարզ է, չէ՞, երբ մարդը Հայաստանում տուն է գնում, դրա հետևից հետո կգա և կապրի Հայաստանում։
– Որոշել էի, որ նման մասշտաբի ցուցահանդեսի համար պետք է աշխատեմ հայ և ռուս հայտնի աստղերի և բլոգերների հետ։ Որոշեցի հրավիրել, օրինակ, դերասան Միխայիլ Գալուստյանին. նա 20 րոպեով ներկա գտնվելու համար 50.000 եվրո ուզեց, 30.000 դոլար՝ սոցիալական ցանցի իր էջում մեկ սթորի տեղադրելու համար։ Զարմացել էի այդ թվերից։ Բանակցեցի նաև հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակիի հետ. ամեն մի սթորիի համար 20.000 դոլար ուզեց։ Ինձ խորհուրդ տվեցին հրավիրել հեռուստահաղորդավար Քսենիա Սոբչակին։
Նա ինձ շատ տպավորեց, այնքան պատրաստակամ էր, անգամ Հայաստանին նվիրված սթորիներ տեղադրելիս իր օգնություն առաջարկեց. սովորաբար մեկ օրում 10 սթորի է դնում, բայց իր կողմից առաջարկեց Հայաստանի մասին մեկ օրում միայն մեկ սթորի դնել, որ ավելի շատ տեսանելիություն ունենա։ Նրան շնորհակալ եմ դրա համար։
– Ցանկացած գործի, որ կպնում եմ, ամենաբարձր նշաձողն եմ իմ համար սահմանում։ Եթե ինձ ասում են՝ անհնար է, ասում եմ՝ ուրեմն դա կանեմ։ Օրինակ՝ Հայաստանին նվիրված բարեգործական համերգ էի ցանկանում կազմակերպել Մոնակոյի Օպերայում. բոլորն ասում էին՝ Օպերայում համերգ կազմակերպելն անհնար է, որովհետև մինչև 2025 թվականի սեպտեմբերն ազատ օր չկա։ 6 ամիս մերժումներ ստանալուց հետո, ի վերջո, կազմակերպեցի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։