
Ինչպե՞ս հասան Թեհրանի ռմբակոծմանը՝ Արցախի կորուստ, որն Իրանը ողջունեց, հետո՝ Սիրիա. Ռուբեն Մելքոնյան
«Մեծ քաղաքականության մեջ սիրուն աչքեր չկան, չի կարող մի պետություն անմնացորդ սիրել մեկ այլ պետության։ Ինչո՞ւ է Իրանն ասում՝ Սյունիքը պետք է պահել հայկական, և Զանգեզուրի միջանցքը մեզ համար կարմիր գիծ է։ Իրանն անգամ Զանգեզուր չի ասում, այլ Սյունիք է ասում։ Սյունիքի հայկական մնալու մասին էր խոսում 100 տարի առաջ նաև Գարեգին Նժդեհը։ Այստեղ սենտիմենտալ բաներ պետք չէ ասել։ Իրանը հանուն իր շահերի է Սյունիքը որպես կարմիր գիծ ընդունել։ Ինչպե՞ս հասան Թեհրանի ռմբակոծմանը՝ Արցախի կորուստ, որն Իրանը ողջունեց, հետո՝ Սիրիա… Սա կանխելու համար Ռուսաստանն ու Իրանն ունեն միևնույն շահերը։ Այս համատեքստում մենք ունենք չկործանվելու տարատեսակ հնարավորություններ, ու պետք է ընտրություն անենք»,-«Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Մելքոնյանը։
Վերջինս նկատեց՝ ըստ ՀՀ գործող իշխանությունների և նրանց աջակցող շրջանակների՝ «Եթե ռուսամետ ես, ուրեմն Կրեմլի ստրուկ ես, եթե Էրդողանի հետ ես բարեկամություն անում, ինքնիշխան ես»:
«Այդ տրամաբանությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Դուք միգուցե հավատում եք, որ թուրքերի հետ հնարավոր է բարեկամություն անել, բայց ես էլ ձեզ՝ որպես մասնագետ, ասում եմ՝ սխա՛լ է, դուք սխալ եք պատկերացնում Թուրքիան ու նրա քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։
Հայ ժողովուրդը քանի՞ անգամ կարող է խաբվել։ 19-րդ դարում խաբվի, 20-րդ դարում խաբվի, հիմա 21-րդ դարում էլի՞ խաբվի ֆրանսիական պարֆյումին ու անգլերեն գրառումներին։ Պետք է հասկանանք մեր շահը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: