
Մերկ մարմնով տղամարդիկ ու կանայք աջ ու ձախ են գնում, չես հասկանում՝ ի՞նչ են ուզում․ Պետք է ճաշակով և չափի մեջ արվի․ Մագդա Մկրտչյան
«Մութ ու ցուրտ տարիներին, երբ ո՛չ լույս կար, ո՛չ վառելիք, ո՛չ նորմալ սնունդ, ո՛չ հագուստ՝ մենք սովորում էինք, նպատակներին հասնելու ձգտում ունեինք: Մասնակցում էինք տարբեր մրցույթների, հաղթում և հայ անունը բարձր պահած վերադառնում հայրենիք»,- ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը:
Նրա հետ զրուցել ենք օպերային արվեստի, այլ երկրներում չաշխատելու որոշման, ներկայացումների, երիտասարդ երգիչների և այլ հարցերի շուրջ։
– Երբ ծանոթանում էի Ձեր կենսագրությանը, հասկացա, որ երաժշտական աշխարհ մուտք եք գործել մանկուց։ Բակի երեխաների հետ փոքրիկ նվագախումբ եք հիմնել և հատկապես Ամանորին գնացել, շնորհավորել եք հարևաններին՝ նրանց համար երգելով և նվագելով։ Ի՞նչն էր ոգևորում․ ծափահարություննե՞րը, թե՞ մարդկանց ուրախություն պարգևելը։
– Այո, դեռ մանկուց երաժշտություն շատ եմ սիրել։ Ջութակ էի նվագում և շատ սիրում էի կազմակերպչական աշխատանքներ ու բակի երեխաների հետ ստեղծեցի փոքրիկ նվագախումբ, և որոշեցինք այդպես ուրախացնել հարևաններին։
– Ներքուստ ուրախանո՞ւմ էիք, որ ձեզ ծափահարում են, թե՞ ուրախանում էիք, որ իրենք են ուրախանում։
– Առաջնահերթ ուրախանում էի, որ իրենք են ուրախ։ Զարմանում էին, թե ինչպե՞ս ենք նվագում այս կամ այն երաժշտությունը։ Դա ինձ շատ էր ոգևորում։ Իսկ ծափահարությունների ուղղությամբ չեմ մտածել։ Չնայած, իհարկե, ուրախացնում էր։
– Ժամանակի ընթացքում «խեղճ ջութակին» դավաճանել եք։ Երբևէ չե՞ք մտածել կրկին վերադառնալ դեպի այդ երաժշտական գործիքը։
– Առ այսօր էլ ջութակ նվագում եմ։ Նրա շնորհիվ երաժշտությունը դու ուրիշ ձև ես ընկալում, լսում։ Նույնիսկ ստեղծագործությունները ջութակի օգնությամբ եմ սովորում։ Այն ինձ միայն օգնել է։
– Բոլորս էլ ունենում ենք հիասթափության պահեր․ երբևէ չե՞ք մտածել՝ եթե ջութակ նվագեի, ավելի առաջ կգնայի։
– Նման բաներ մտքովս չեն անցել, բայց չեմ փոշմանում, որ երգում եմ։ Երգելը պատահական է եղել։ Մեկ ամիս էր մնացել, որ որպես ջութակահարուհի արդեն՝ պետք է ընդունվեի Կոնսերվատորիա, և դասերից մեկը ճակատագրական եղավ ինձ համար։ Սխալ նոտա նվագեցի, ծիծաղեցի ու ջութակի ուսուցիչն ասաց․ «Մագդա ջան, գիտես, ծիծաղեցիր, լսում եմ, ու կարծես թե օպերային գեղեցիկ ձայն ունես։ Արի միասին գնանք Տաթևիկ Սազանդարյանի մոտ, թող լսի։
Ինձ հետաքրքրեց այդ առաջարկը։ Գնացինք, ձայնային տարբեր վարժություններ տվեց Սազանդարյանը, ստուգեց դիապազոնը, ապա երբ հարցրեց տարիքս, ասացի, որ 17 տարեկան եմ, նշեց, որ երգելու համար, իհարկե, փոքր եմ, բայց որպես բացառություն՝ պետք է ընդունեն Կոնսերվատորիա, որովհետև բնությունից տրված ձայն է։
Ես գաղափար չունեի, չէի պատկերացնում, որ իսկապես նման ձայն, գեղեցիկ տեմբր ունեմ։ Մեկ ամիս անց՝ որպես վոկալիստ ընդունվեցի Կոնսերվատորիա և սովորեցի ժողովրդական արտիստ Գոհար Գալաչյանի դասարանում։ Այնքան հեշտ էր ինձ մոտ ստացվում երգը, բայց պետք էր նաև վոկալ դպրոցը, և իմ ուսուցչուհին ինձ շատ հզոր դպրոց փոխանցեց։ Մասնակցում էի տարբեր մրցույթների, ունենում մենահամերգներ։ Օպերային երգչուհին պետք է կարողանա 4 ժամ երգել, և համերգներին մասնակցելով՝ ես կարծես թե դիմադրողականություն էի ձեռք բերում։
– Մարդիկ կան՝ դժվարությամբ են խորհուրդներ ընդունում։ Ձեր դեպքում կարծես այդպես չէ։
– Եթե նույնիսկ իմ սխալի վերաբերյալ էլ ասեն՝ կընդունեմ։ Բոլորը կգան, կասեն, թե ինչ լավ է, բայց մի բան կա, որ կարելի է ասել, օգնել ուղղել։ Ես սա ավելի եմ ընդունում ու սպասում։ Միայն այս ձևով կարող ես առաջ գնալ։
– Հիշո՞ւմ եք առաջին դերերգը։
– Այո։ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ընդունվեցի 1999թ., փորձաշրջան անցա, առաջին անգամ այնտեղ հանդիպեցի Օհան Դուրյանին և միասին աշխատեցինք Վերդիի «Տրուբադուր» օպերայի ներկայացման ուղղությամբ։ Ապա կատարեցի այդ բարդ օպերան, հանդես եկա Լեոնորայի դերերգով։ Այս առաջին օպերային ներկայացումից հետո որպես մենակատար աշխատանքի ընդունվեցի։
Դժվարություններ միշտ կհանդիպեն, բայց մի գաղտնիք կա՝ դու պետք է միշտ աշխատես և որակով բարձր լինես։ Իսկ չար մարդիկ ինչքան ուզում է՝ թող խոսեն։ Կյանքը կարճ է, և զազրախոսները, չեմ պատկերացնում, թե ինչքան են օգնում դիմացինին։
– Համերգների ժամանակ սիրում եք փնտրել չար հայացքներ․ առօրյա կյանքում առանց այն էլ շատ է չարը, մի հատ էլ համերգի ժամանակ փնտրելը շատ չէ՞։
– Երիտասարդ տարիքում էր հանդիպում նման հանդիսատես։ Գալիս են, որ քո ձախողումը տեսնեն, բայց նրանք այնքան հետաքրքիր ուժ էին փոխանցում, և երկու անգամ ավելի լավ էի կատարում դերերգը։ Շատ կարևորում էի մրցույթներում նրանց ներկայությունը, որովհետև հարյուր տոկոսով հաղթում էի։ Չեմ վախեցել, միշտ ուժ են տվել ինձ։
– Օպերային շատ երգչուհիներ ունեն նախընտրելի դերերգեր, սակայն տարիքն անցնում է, այդպես էլ այդ հնարավորություն նրանց չի տրվում։ Ունե՞ք նման երազանք։
– Մի քիչ թյուր կարծիք է, և ձևավորվել է նոր ժամանակներում՝ ռեժիսորների թեթև ձեռքով։ Շատ լավ է, որ դու ճիշտ օպերային ռեժիսորների ես հանդիպում։ Նրանք խորը, անգամ վոկալ գիտելիքներ ունեն, պարտիտուրա են կարդում և երբեք տարիքի հետ կապված բաներ չեն փնտրի։ Բայց երբեմն հանդիպում ես ոչ օպերային ռեժիսորների, որ կարող են միայն սյուժեն կարդալ և տեսնել, որ Նորման, Աիդան 14 տարեկան են, և այդ դերակատարներին սկսում են փնտրել ուսանողների մեջ, ու իրականում պրոֆեսիոնալը մնում է լուսանցքից դուրս։ Միայն տեսքը չէ․ օպերան պետք է մարդը երգի, խաղա մինչև վերջ։ Մի դեպք պատմեմ․ երկու իմպրեսարիո (որևէ արտիստի ելույթները, հյուրախաղերը գովազդող, կազմակերպող) մոտենում են օպերային երգչուհի Բիրգիտ Նիլսոնին, ում պետք է առաջարկեին Վագների «Տանհոյզեր» օպերայում երգել, նա ասում է՝ եթե երգչուհին ձայնը կորցնի, ո՞վ պետք է պատասխան տա, իմպրեսարիոները պատասխանում են, թե՝ ոչինչ, ուրիշ փոխարինող կգտնենք։
Ինչ վերաբերում է երազանքների դերերգին, նման բաղձալի դերերգ չկա։ Օպերային արվեստն այնքան հետաքրքիր է․ քեզ թույլ է տալիս մեկ ներկայացման մեջ տարբեր զգացողություն խաղալ․ սեր, դավաճանություն, հիասթափություն, մահ, ուրախություն, ոգեշնչություն։ Կարելի է ասել՝ երգել եմ այն դերերգերը, որ սոպրանոն միշտ կուզեր կատարել։ Սոպրանոյի համար բարդագույն օպերաներում՝ «Տոսկա», «Աիդա», «Նորմա», «Դոն Ժուան», «Նաբուկո», «Ալեկո» և այլն, հանդես եմ եկել գլխավոր դերերում, և մի տեսակ հոգիս հագեցած է։
– Կարծում եմ, այնքան էլ ակնահաճո չէ, որ «Անուշ» օպերայում հերոսուհու դերում տարիքով օպերային երգչուհի լինի։
– Անուշի դերերգը կարող է յուրաքանչյուր երիտասարդ օպերային երգչուհի կատարել, որովհետև օպերան դա թույլ է տալիս, չի հոգնեցնում։ Շատ լավ է, որ երիտասարդները գան, սկսեն «Անուշ» օպերայից։ Չի խանգարի, ընդհակառակը, աճ կունենան։
Խոսքն ավելի բարդ օպերաների մասին էր, որտեղ հանդես գալու համար պետք է անցած ճանապարհ ունենաս։
– Ռեժիսորներն ամեն ինչ ուզում են ժամանակակից ձևով ներկայացնել։ Օրինակ, «Ռոմեո և Ջուլիետ» օպերայից հատված էին ներկայացնում, որտեղ հերոսուհին «թիթիզ» շորիկով էր և ուներ բջջային հեռախոս։
– Առհասարակ օպերային արվեստն ազնվական արվեստի տեսակ է, բայց երբեմն փողոցը բերում ու ուզում են ասել, որ դրանով ժամանակակից մոտեցում են ցուցաբերում։ Մերկ մարմնով տղամարդիկ ու կանայք աջ ու ձախ են գնում, չես հասկանում՝ ի՞նչ են ուզում։ Սակայն կան ռեժիսորներ, ովքեր օպերային վեհ արվեստը կարող են տասնապատիկ բարձրացնել, այնպիսի ներկայացումներ բեմադրել, որ երկար ժամանակ հանդիսատեսը տպավորված մնա։ Պետք է ճաշակով և չափի մեջ արվի։
– Մոտ 13 տարի առաջ զրույցներից մեկի ժամանակ ասել եք, որ արտերկրում երիտասարդներն ավելի շատ են հաճախում օպերա, քան Հայաստանում։ Փոփոխություն նկատո՞ւմ եք։
– Արդեն նկատում եմ փոփոխություն, և դա ինձ շատ է ուրախացնում։ Ինտելեկտուալ առումով երիտասարդությունը բավականին զարգացել է և հաճախում են թատրոններ։ Շատ լավ հանդիսատես ունենք, ինչն ուրախալի է։ Այսօր էլ ունենք մանկական օպերա, և կարևոր է, որ երեխան փոքր տարիքից հաճախի օպերային թատրոն։ Հետագայում երեխան կարողանում է տարբերել, թե այս կամ երաժշտությունը ո՞ր կոմպոզիտորն է հեղինակել։
– Հանդես եք գալիս նաև արտասահմանյան բեմերում, և հետաքրքիր է, որ չեք գնացել այդ երկրներ աշխատելու․ գայթակղիչ աշխատանքի առաջարկ չի եղե՞լ։
– Շատ եմ գնացել, կրկին հրավերներ ունեմ, նույնիսկ ապրելու հնարավորություն է եղել ԱՄՆ-ում և Եվրոպայում, բայց յուրաքանչյուր մարդու թատրոնն այնտեղ է, ուր իր հողը, ջուրը, արմատներն են։ Կարծում եմ, որ ամեն արտիստ պետք է զարգացնի, առաջ տանի իր մշակույթը։ Մի փոքր կարծես քիչ ենք ուշադրություն դարձնում մեր մշակույթին։ Ավելի շատ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններն ենք մշակում, բարձրացնում։ Դա լավ է, զարգացված լինելու նշան է, բայց կուզեմ նույն ինտենսիվությամբ նաև մեր մշակույթին անդրադառնանք։ Սա է պատճառը, որ վերադարձել եմ, որովհետև գիտեմ՝ այստեղ անելիք ունեմ։ Եվ հետո ինձ կատարյալ երջանիկ այստեղ եմ զգում․ ինչպես Համո Սահյանն է ասում իր տողերում՝ «Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է»։ Այստեղ է իմ տունը, իմ երջանկությունը։
– Գիտեմ, որ սիրում եք ասմունքել, երբևէ մտածե՞լ եք ստեղծագործությունները երգի վերածելու մասին։
– Այդպիսի փորձեր չեմ արել, բայց պետք է ասեմ, որ ասմունքն ինձ շատ է օգնում երաժշտության մեջ։ Ասմունքի մեջ կա խոսքի ինտոնացիա, ու երբ այն դնում ես երաժշտության մեջ, կարողանում ես հանդիսատեսին ճիշտ փոխանցել քո հոգու շարժումը, խոսքը, զգացողությունը։
Օհան Դուրյանի հետ աշխատում էի իր ռոմանսների շուրջ և մինչև չասմունքեցի՝ կատարյալ չստացվեց ռոմանսների կատարումը։ Հիշում եմ, մաեստրոյի հետ աշխատելիս Շիրազի բառերով շատ գեղեցիկ ռոմանս էինք մշակում, որը թե՛ մաեստրոն էր շատ սիրում, թե՛ ես։ Տողերն այսպիսին էին (երգում է։- Ա․Կ)։
«Ո՛վ Մանթաշի անուշ հովեր, էլ չեք սիրտս հովացնի,
Ա՜խ, ես հորս շունչը կուզեմ, որ իմ հույսը ծովացնի
– Իրա՛վ, հա՛յր իմ, չէ՞ որ դու դեռ Մասիսն էիր ելնելու.
Դարձի՛ր, բլբո՛ւլ, ո՞ւր ես գնում, Բինգյոլն ո՞ւմ ես թողնելու»։
Սա Օհան Դուրյանի ռոմանսներից մեկն էր, որի մասին երևի շատերը չգիտեն։
Պետք է շատ կատարել․ ժողովուրդը երբեք մեղավոր չէ, որ ինչ-որ մի բան չգիտի, արտիստները, երաժիշտները պետք է շատ կատարեն։
– Վերջերս հայկական օրորոցային երգերի ձայնասկավառակ եք թողարկել, կոչվում է «Հայկական օրորների գանձարան»։ Ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք։
– Սա առաջին հերթին՝ մեր ինքնությունն է, արժեքը, մշակույթը։ Դեռ վաղուց մտքիս կար, փորձում էի գտնել այս հրաշալի օրորների նոտաները, և գտնելուն պես գործի անցա՝ ձայնագրելով 24 օրոր, որոնք մեր տարբեր գավառների օրորներն են։ Չեք պատկերացնի՝ ինչքան հետաքրքիր թեմաներով օրորներ ունենք՝ պատմական, քնարական, ռազմի թեմատիկայով։ Այս օրորներով դաստիարակել են երեխաներին, սովորեցրել մեր պատմությունը, արժեքն ու ինքնությունը, դրանք միայն քնեցնելու համար չեն եղել։ Իմ հաջորդ աշխատանքը Կոմիտաս վարդապետի օրորներն են։ Սիամանթոյի մայրը Ակն գավառից էր, երգել է սրանք, և Կոմիտաս վարդապետը գրի է առել։ Ձայնագրել եմ 11 օրոր, որոնք պահպանված են Հանրային ռադիոյի Ոսկե ֆոնդում։ Ինչպես Րաֆֆին է ասում․ «Հայ ժողովուրդը կարող է մի դեպքում համախմբվել՝ դա ազգային սերն է»։
– Մի քիչ ռիսկային չէ՞ ձայնասկավառակ թողարկելը, որովհետև մարդիկ օգտվում են Youtube-ից և չեն գնի։
– Նման հարցեր առաջացել են, բայց երբ մեկին ուզում ես նվիրել ձայնասկավառակ, չես կարող ասել՝ Youtube-ից կլսեք։ Նվերի գեղեցիկ ձև է։
– Օպերային երգչուհի Մարիա Կալլասը, խոսելով իր բարձր աշխատավարձի մասին՝ ասել է, որ մեղավոր չէ, որ մեկ ներկայացման համար վարձատրվում է այնքան, ինչքան երկրի նախագահն աշխատում է մեկ ամսում։ Որպես օպերային երգչուհի, կարո՞ղ եք Կալլասի նման պարծենալ բարձր աշխատավարձի առումով։
– Նախ ասեմ, որ դժվար է օպերա երգելը։ Մեր մեկ ժամվա աշխատանքը հավասարազոր է բանվորի 9 ժամյա աշխատանքին։ Բարդ է այդ տեքստերը սովորելը, վերին նոտաները երգելը։ Էլ չեմ խոսում ապրումների մասին, ներկայացումից առաջ նույնիսկ քնել չի ստացվում։ Մտքերով այնտեղ ես՝ ռեժիսորը սա ասաց, շունչս այսպես պետք է բռնեմ, ձայնս՝ այսպես… Լարված և բարդ աշխատանք է, և կարծում եմ՝ օպերային երգիչները պետք է բարձր վարձատրվեն։
– Պե՞տք է, թե՞ վարձատրվում են։
– Որոշները բարձր են վարձատրվում, որոշները՝ ոչ։ Նայած, թե որտեղ են հայտնվել և ինչպե՞ս է ստացվել իրենց կյանքը։ Մեր գործն իրապես պետք է բարձր վարձատրվի։
– Կա՞ն երիտասարդներ, ովքեր ցանկանում են դառնալ օպերային երգիչ։
– Շատ կան։ Երիտասարդները հիմնականում մտածում են երկրից դուրս գնալու մասին, ինչը մի փոքր տխրեցնում է։ Ես չգիտեմ, ախր երբ Հայրենիք ենք ասում, դա ի՞նչ է։ Այդ հայրենիքը մենք ենք։ Պետք է մնանք այստեղ, շենացնենք մեր հողը, մշակույթը բարձրացնենք։ Մեր Հայրենիքի ներկան ու ապագան մենք ենք։ Որ գնում ենք, էլ ինչպե՞ս ենք ասում՝ հայրենիք։ Շատ եմ ուզում, որ երիտասարդները մտածեն՝ այստեղ անելիք ունեն։ Չէ՞ որ կյանքը պետք է շարունակվի, այստեղ մարդ պետք է մնա։ Ահռելի աշխատանքներ կան, և մեկ կյանքը չի հերիքի այն անելու համար։
Ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ երիտասարդները երգում են օտար կոմպոզիտորի ստեղծագործություն ու դրա հետ միասին ներկայացնում են մեր հայկականը։ Այդպես գոնե թող լինի։ Եթե գնում ենք, գոնե մեր մշակույթն աշխարհին ցույց տանք, ինչպես արել է Կոմիտաս վարդապետը։ Ասում են՝ Բեռլինի օպերային թատրոնի տնօրենը մոտենում է Կոմիտաս վարդապետին և առաջարկում բարձր հոնորարով երգել օպերայում, քանի որ հզոր ձայն ուներ, բայց Կոմիտասը պատասխանել է, որ իր երգչային ձայնով միայն հայկական մշակույթը պետք է ներկայացնի։ Նա ամենուր մեր դեմքն է պահել ու բարձրացրել։ Կուզեմ, որ իր գործը շարունակենք։
– Շատերն ավարտում են Կոնսերվատորիան, բայց աշխատավայր չկա, Օպերային թատրոնը մեկն է, ի՞նչ անեն։
– Պետք է անկեղծ լինեմ․ միայն օպերայում չեն երգում։ Մեր ռոմանսները կարելի է երգել, փորձել այլ ճանապարհով գնալ։ Կոնսերվատորիայում են սովորում, մեկ միտք կա՝ գալ օպերային թատրոն։ Օպերա երգելու համար այնքան բաներ կան, որ պետք է ունենաս, միայն ձայնը չէ․ պետք է ճկուն լինես, արտիստիկ, խելացի, օպերային մեծ ձայն ունենաս։ Իսկ դա բոլորի մոտ չի կարող լինել։ Զարմանում եմ, մեկը չկա, որ կամերային երաժշտության մասին այդպես մտածի։ Այդ կողմն աչքաթող է արված։ Երգում եմ այդ ուղղությամբ, բայց ցանկանում եմ, որ ուսանողներն էլ այդպես վարվեն։ Կամերային ուղղվածության այնքան գեղեցիկ ձայներ ունենք։
– Հիմնականում մտածում են բարձր աշխատավարձի մասին, դրա համար երևի կամերային ուղղվածությամբ չեն գնում։
– Տեսնում եք, դա արվեստագետի մտածելակերպ չէ։ Արվեստագետը միշտ նվիրված է, իր գործն անում է ու իր մտքով չի անցնում գումարի չափը։ Միայն թե իր սիրած գործով զբաղվի։
– Ուսանել եք Լուչանո Պավարոտտիի մոտ։ Կա՞ խորհուրդ, որը նա տվել է Ձեզ, և ի՞նչ խորհուրդ կտաք Դուք երիտասարդ երգիչներին։
– Առաջին հերթին ուրախ ու հպարտ եմ, որ ՀՀ-ում եմ կրթություն ստացել, որովհետև երբ գնացի Պավարոտտիի մոտ՝ վարպետության դասերի, արդեն պատրաստի երգչուհի էի։ Մի փոքր մանրուքներ, իտալական ավանդույթների հատվածը լրացրեց։ Խորհուրդ կա՝ ամեն երգիչ իր ճանապարհը պետք է գտնի, շատ աշխատի, գնա վերապատրաստման դասերի, արվեստի մեջ լինի լիարժեք, չմտածի փողի մասին։