Բաժիններ՝

Իսրայելի նախկին վարչապետ. Նեթանյահուն պետք է հեռանա

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հեռանա իր պաշտոնից, 12-րդ ալիքին տված հարցազրույցում հայտարարել է նրա նախորդ Նաֆթալի Բենեթը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով հայտնել, թե արդյոք մտադիր է ընտրություններում մարտահրավեր նետել երկրի ամենաերկարամյա ղեկավարին։

Բենեթը նշել է, որ Նեթանյահուն «արդեն 20 տարի իշխանության ղեկին է… դա չափազանց շատ է, դա անառողջ է»։

«Նա… ծանր պատասխանատվություն է կրում իսրայելական հասարակության պառակտման համար»,- ասել է Բենեթը՝ ընդգծելով Նեթանյահուի օրոք Իսրայելի ներսում աճող տարաձայնությունները։ Նեթանյահուն ունի ուժեղ աջակցություն, բայց նաև համոզված հակառակորդներ, որոնք պահանջում են նրա հեռանալը, այդ թվում՝ 2023 թվականի հոկտեմբերից Գազայի պատերազմը ղեկավարելու պատճառով։

Իսրայելի նախկին վարչապետը նաև իր արժանիքն է համարել այն, որ այս ամսվա սկզբին Իսրայելը հիմք է դրել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների ռմբակոծման արշավի համար։

«Իսլամական Հանրապետությանը հարվածներ հասցնելու որոշումը շատ ճիշտ էր և անհրաժեշտ»,- ասել է Բենեթը՝ պնդելով, որ հարձակումն անհնար կլիներ առանց իր կարճատև կառավարության աշխատանքի։

Ըստ քաղաքական գործչի, Գազայում, որտեղ Իսրայելը պատերազմ է մղում 2023 թվականի հոկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր, զինվորականները «բացառիկ» արդյունավետություն են ցուցաբերել, սակայն «երկրի քաղաքական կառավարումը» եղել է «աղետ»։

Քննադատելով «որոշումներ կայացնելու Նեթանյահուի կառավարության անկարողությունը»՝ նախկին վարչապետը կոչ է արել անհապաղ կնքել «համապարփակ» համաձայնագիր, որը թույլ կտա ազատ արձակել Գազայում մնացած բոլոր պատանդներին։ «ՀԱՄԱՍ-ի ոչնչացման խնդիրը թողեք ապագա կառավարությանը»,- ասել է Բենեթը, որը նաև խուսափել է հարցից, թե արդյոք մտադիր է առաջադրվել այդ պաշտոնում։

Կոալիցիոն կառավարությունը, որը Բենեթը գլխավորում էր ընդդիմության ներկայիս առաջնորդ Յաիր Լապիդի հետ, մոտ մեկ տարի անց փլուզվեց։ Հաջորդեցին արտահերթ ընտրություններ, և Նեթանյահուն կրկին զբաղեցրեց վարչապետի պաշտոնը՝ ծայրահեղ աջ և ուլտրաօրթոդոքս հրեական կուսակցությունների աջակցությամբ։ Խոսակցություններ կան, որ Բենեթը, որը որոշ ժամանակով հեռացել էր քաղաքականությունից, նախատեսում է վերադառնալ, և հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ նա կարող է բավարար աջակցություն ունենալ Նեթանյահուին կրկին պաշտոնանկ անելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս