
Հայաստանում պսորիազի դեպքերի աճ է նկատվում․ ովքե՞ր են ռիսկի գոտում, ինչպե՞ս է արտահայտվում
Պսորիազը երկարատև ընթացքով տարածված մաշկային հիվանդություն է, որը կարող է ախտահարել նաև հոդերը։ Հիվանդության մասին առավել մանրամասն զրուցել ենք մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ։
– Ի՞նչ է պսորիազը։
– Քրոնիկ հիվանդություն է՝ կրկնվելու հակումով, գենետիկ նախատրամադրվածությամբ։ Պսորիազ կարող է առաջանալ այն մարդու մոտ, ով կրում է պսորիազ պարունակող գենը։ Ընդ որում, մարդը կարող է նույնիսկ կրել պսորիազի գենը, բայց չհիվանդանալ։ Պարզապես հանդիսանում է կրող, փոխանցում է սերունդներին և որևէ մեկի մոտ նպաստող գործոնների ֆոնին հիվանդությունը զարգանում է։
Այդ առումով կարևոր է հասկանալ, թե որո՞նք են նպաստող գործոնները, որոնք կարող են բերել թե՛ պսորիազի սկսման, թե՛ սրացման։ Առաջինը սթրեսն է։ Վերջին ժամանակահատվածում հատկապես Հայաստանում պսորիազի դեպքերի համեմատական աճ է նկատվում՝ պայմանավորված վերջին դեպքերի սթրեսային իրավիճակներով․ պատերազմ և այլն։
Նպաստող գործն է նաև քաշի ավելցուկը։ Ավելին, սա վտանգավոր է այն առումով, որ պսորիազով հիվանդները, հատկապես, եթե ունեն սիրտ-անոթային հիվանդության, շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը մի քանի անգամ ավելի բարձր է։
Հաջորդը վերին շնչառական ուղիների հիվանդություններն են, սուր կամ քրոնիկական հիվանդությունների սրացումը՝ սկսած հասարակ հարբուխից, վերջացրած հայմորիտով, նշիկների բորբոքումով։
Մաշկի վնասվածքները ևս կարող են վնասված հատվածում բերել պսորիատիկ ցանի առաջացման։
– Նշեցիք, որ դեպքերը շատացել են։ Ո՞ր տարիքի մարդկանց մոտ։ 2017թ․ վիճակագրական տվյալներով 0-10 տարեկանների մոտ է տարածված եղել։
– Առհասարակ աուտոբորբոքային կամ բորբոքմամբ ընթացող հիվանդություններն ավելի հաճախ դիտվում են այն տարիքային խմբերում, երբ մարդու իմուն համակարգն ավելի ակտիվ է գործում։ Դա սովորաբար 20-30 տարեկան հասակն է։ Հայաստանի վիճակագրությունը չի տարբերվում միջազգայինից, և ավելի հաճախ պսորրիազը սկսվում է հենց այդ տարիքային շրջանում։ Աուտոբորբոքային նշանակում է այն, որ սեփական իմուն համակարգը սեփական մաշկի, պսորիազի դեպքում՝ նաև հոդերի բորբոքում է առաջացնում՝ վերը նշված նպաստող գործոնների ֆոնին։
Ենթադրենք՝ բուժառուն հիվանդանում է հարբուխով, որի դեպքում իմուն համակարգն ակտիվ պայքարում է։ Ցավոք, իմուն համակարգի ողջ ուժը վերջում գնում և հարվածում է սեփական մաշկին և առաջանում են պսորիատիկ վահանիկներ՝ մարմնի տարբեր հատվածներում։ Ստացվում է, որ սեփական իմունիտետն իր դեմ է աշխատում, և դրա համար հաճախ պսորիազի բուժման համար մենք օգտագործում ենք իմունիտետը ճնշող դեղորայքներ․ թեթև դեպքում՝ տեղային, ծանր դեպքերում՝ համակարգային։
– Մի շարք խնդիրներ թվարկեցիք, որոնք պսորիազի պատճառ են դառնում․ ամենատարածված պատճառը ո՞րն է։
– Ամենատարածված ու ուժեղ գործոնը սթրեսն է։ Այստեղ կարևոր է նաև այն, թե ո՞ր տարիքում է սկսվում։ Մանկական տարիքում պսորիազը պայմանավորող գենի ակտիվացմանը նպաստում են վերին շնչառական ուղիների ինֆեկցիոն հիվանդությունները, իսկ ավելի հասուն՝ 20-30 տարեկանում, սթրեսը։ Շատ ավելի մեծ տարիքում, հատկապես այն մարդկանց մոտ, որոնք շաքարային դիաբետի հակում ունեն, սիրտ-անոթային հիվանդություններ ունեն, ինչպես նաև քաշի ավելցուկ, հենց սա էլ կարող է հանդիսանալ նպաստող գործոն, որպեսզի զարգանա պսորիազ։
– Քանի որ մաշկային հիվանդություն է, ապա ինչպե՞ս է արտահայտվում։
– Գերազանցող դեպքերում պսորիազն ունի տիպային դրսևորում։ Պսորիատիկ ցանը կարող է դրսևորվել հիմնականում արմունկների և ծնկների տարածիչ մակերեսներին, գլխամաշկի մազածածկ հատվածում։ Բայց բառացիորեն ամբողջ մաշկային ծածկույթը կարող է ընդգրկվել պրոցեսի մեջ։
Պսորիատիկ ցանավորումները կոչվում են պսորիատիկ վահանիկ, որն իրենից ներկայացնում է կարմիր բորբոքային ցանավորում՝ պատված արծաթասպիտակավուն թեփուկներով։ Ոչ միշտ, բայց հաճախ քոր է գալիս։ Կան պսորիազի որոշակի տեղակայումներ, որոնց ժամանակ պսորիազի ախտորոշումը բավականին դժվար է լինում։ Օրինակ, երբ տեղակայված է միայն գլխամաշկի մազածածկ հատվածում, այդ ժամանակ տարբերել պսորիազն այլ մաշկային հիվանդություններից, որոնք ևս կարող են տեղակայվել գլխամաշկի մազածածկ հատվածում, դժվար է։
Օրինակ՝ սեբորեային մաշկաբորբ և այլն։ Կարող է տեղակայված լինել թևատակերին, կանանց մոտ՝ կրծքերի ծալքերին, և այս պարագայում դրսևորումը տիպային չէ։ Այդ ժամանակ թեփուկներ էլ չեն առաջանում և կարող են նմանվել դասական սնկային պրոցեսի՝ ախտորոշման համար դժվարություններ ստեղծելով։ Ախտորոշումը հաստատելու երեք եղանակ կա․ առաջինը թեփոտված մակերեսի քերումն է, և երբ այդ ժամանակ ստանում ենք տիպային երեք սիմպտոմ, դա անվանում ենք պսորիատիկ տրիադա, ախտորոշումը հաստատում ենք։ Երկրորդ տարբերակը դերմատոսկոպիկ հետազոտությունն է։ Խոշորացույցի նման գործիք է, որով մաշկի շերտերը կարողանում ենք խորությամբ զննել։
Երրորդ, ամենաճշգրիտ հետազոտությունը բիոպսիան է, երբ այդ հատվածից կտոր է վերցվում, ուղարկվում հյուսվածքաբանական հետազոտության։
– Պսորիազն ունի՞ տեսակներ և դրանց արտահայտման ձևերը նո՞ւյնն են, թե՞ տարբեր։
– Պսորիազի բազմապիսությունը հիվանդների մոտ հարցեր է առաջացնում, քանի որ բոլորին թվում է՝ պսորիազը մի տեսակի է։ Հաճախ հանդիպում է հասարակ կամ վուլգար պսորիազը, որը լինում է արմունկներին, ծնկների տարածիչ մակերեսներին և այլն։ Լինում է թեփոտ մակերեսով։ Կարող է լինել կաթիլանման պսորիազ, որը դրսևորվում է փոքրիկ հանգույցներով։ Դրանք կարծես կաթիլի նման կաթեցված լինեն ամբողջ մաշկային ծածկույթին։ Կաթիլանման պսորիազը մեծ կապ ունի բերանի խոռոչի, առհասարակ վերին շնչառական ուղիների հիվանդությունների հետ։ Կարող է լինել շրջված, ծալքային ձևով, երբ տեղակայված է ծալքերին։ Հանդիպում է նաև ափաներբանային ձևը․ տեղակայվում է հիմնականում ափերի ու ներբանների մակերեսին։
Պսորիազի ժամանակ կարող են ախտահարվել նաև եղունգները՝ նմանվելով մանր ծակոտիներով պատված մատնոցի։
Կարող են ախտահարվել նաև հոդերը։ Այս դեպքում բուժառուներին օգնության են հասնում ռևմատոլոգները։
Ինչպես հասկանում ենք, պսորիազը բազմակոմպոնենտ հիվանդություն է, որի ժամանակ բազմաթիվ մասնագետների լրացուցիչ խորհրդատվության կարիքը զգացվում է․ էնդոկրինոլոգներ, սրտաբաններ, ռևմատոլոգներ և այլն։
– Պսորիազն ուղեկցվում է մաշկի կարմրությամբ․ ավելին, սովորական ալերգիաները կարող են գարնանը արտահայտվել, աշնանը՝ ոչ, կամ հակառակը․ պսորիազի դեպքում ևս այդպե՞ս է։
– Սեզոնայնությունը հաճախ բնորոշ է պսորիազին։ Տարբերում ենք ամառային, ձմեռային և խառը ձևերը։ Ամառային դրսևորման ժամանակ պսորիազն ավելի հաճախ ակտիվ է տաք եղանակին։ Որպես կանոն՝ ձմեռային ձևն ավելի թեթև է ընթանում, քան ամառայինը։ Բայց կարող է լինել նախ խառը ձև, երբ սեզոնը կապ չունի․ տարին 12 ամիս բուժառուի մոտ պսորիազն ակտիվ է։
Օրինակ, ձմեռայինի դեպքում բուժառուներին խորհուրդ ենք տալիս հանգստանալ ծովում, որովհետև դա բավականին թեթևացնում է ցանավորման դրսևորումը, ինչը չենք կարող խորհուրդ տալ ամառային ձևն ունեցողներին։
– Սնունդը կարո՞ղ է պսորիազի պատճառ դառնալ, որովհետև դեպք էր եղել՝ քաղաքացիներից մեկը սունկ էր կերել, որոշ ժամանակ անց թուլություն էր զգացել, ապա ցան էր առաջացել։
-Կոնկրետ որևէ սնկի տեսակից որ պսորիազ առաջանա՝ ոչ, չի կարող լինել։ Այստեղ սնունդը կարևոր է այնքանով, որքանով կարող է առաջացնել քաշի ավելցուկ։ Այսինքն, անուղղակիորեն սնունդը կարող է բերել պսորիազի վիճակի վատթարացման կամ սրման՝ ճարպակալման արդյունքում։ Հետևաբար, պսորիազով հիվանդի սննդակարգը ներառում է սննդի այնպիսի տեսակներ, որոնք կբերեն քաշի նվազման։ Հատկապես ռուսական կամ սովետական աղբյուրներում կան դիետաներ, որտեղ ասվում է՝ լոլիկ կամ սմբուկ, կարտոֆիլ չուտել, բայց դա չունի հիմնավոր ապացույց։
– Ալկոհոլն ու ծխախոտն ի՞նչ դեր ունեն։
– Առհասարակ ցանկացած բորբոքային պրոցեսի ժամանակ ալկոհոլը, կծուն, քաղցրը համարվում են նպաստող գործոններ։ Իսկ ծխախոտն առհասարակ հակացուցված է՝ կապ չունի՝ հիվա՞նդ են, թե՞ ոչ։ Նշեմ, որ պսորիազով հիվանդների մոտ բարձր է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Դե պատկերացրեք, որ հետո նաև սկսի ծխել, այդ ժամանակ սրտամկանի ինֆարկտի ռիսկը մի քանի անգամ մեծանում է։
– Հիվանդությունը չբուժելու դեպքում ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ։
– Նախ և առաջ՝ կարող է տարածվել՝ ընդգրկելով մեծ մակերեսներ, հատկապես, եթե բուժառուն չի պահպանում կանոնները։ Պսորիատիկ արթրոպաթիան կարող է հանգեցնել հաշմանդամության։ Մեծ դեր ունի հոգեբանական ֆակտորը։ Ինչքան էլ տեղեկատվությունը մատուցում ենք, պսորիազով հիվանդները հասարակության կողմից ենթարկվում են խտրական վերաբերմունքի, քանի որ դրսևորումները հիմնականում տեսանելի հատվածներում են։ Մարդիկ չեն ուզում այդ հիվանդներին դիպչել՝ մտածելով, որ վարակիչ է։ Ասեմ, որ պսորիազը վարակիչ հիվանդություն չէ։
– Բուժման եղանակները որո՞նք են։
– Քանի որ պսորիազն աուտոբորբոքային հիվանդություն է, բուժումը ենթադրում է իմուն համակարգի ճնշում։ Պսորիազի բուժման գրեթե բոլոր եղանակներն ունեն մեկ նպատակ՝ ճնշել իմուն համակարգը։ Թեթև դեպքերում, երբ ունենք փոքր մակերես, օգտագործում ենք տեղային իմունոճնշիչ միջոցներ։ Օրինակ, տեղային ստերոիդ հորմոններ։ Կան նաև այլ մեթոդներ։ Ծանր դեպքերում, երբ մակերեսը մեծ է, օգտագործվում են համակարգային իմունիտետը ճնշող միջոցներ, բայց ոչ համակարգային հորմոնալ միջոցներ։ Պսորիազի ժամանակ համակարգային հորմոններ օգտագործելը խիստ հակացուցված է։ Ճիշտ է, այն արագ բերում է վիճակի թեթևացման, բայց այն հանելը մի քանի անգամ վատթարացնում է վիճակը։ Ժամանակակից բժշկությունն առաջարկում է ավելի թիրախային, քիչ կողմնակի էֆեկտներով բուժման մեթոդներ։
Կա նաև ֆոտոթերապիա կոչվող բուժման մեթոդը, որի ժամանակ պսորիազով հիվանդն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների որոշակի սպեկտոր է ճառագայթվում։ Այն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Հարմար է, հեշտ, համեմատաբար անվնաս է։ Արդյունավետությունը քիչ չէ։
– Բուսական ծագման դեղորայքով կամ արևելյան բժշկության օգնությամբ բուժել հնարավո՞ր է։
– Ամեն ինչով հնարավոր է, բայց պետք է ապավինենք ապացուցողական բժշկությանը։ Այսինքն, բուժման այն եղանակներին, որոնք ունեն ապացուցված անվտանգություն, արդյունավետություն։
Բուսաբուժությունը, հեքիմաբուժությունը չունեն ապացուցողական հենք։ Կան բժիշկներ, որոնք այդպես են բուժում, բայց սա կարող ենք համեմատել կրակի հետ խաղ անելու հետ․ բա որ դրանք անվտանգ չեն, քաղցկեղածին են․ ո՞վ է հետազոտել՝ ոչ ոք։
– Ծուռը նստենք՝ շիտակ խոսենք, Ձեզ չե՞ն դիմում բուսական ծագման միջոցներ կիրառելուց հետո։
– Իհարկե, շատ են դիմում։ Վերջերս այնպիսի բուժառուներ են դիմում, որոնք, կարելի է ասել՝ խաբված են։ Որոշ բժիշկներ նրանց ասել են, որ պսորիազը լիարժեք կբուժեն։ Ի դեպ, ասեմ, որ պսորիազը, ցավոք, չունի վերջնական կամ լիարժեք բուժում։ Պարզապես թեթևացնում, հանգստացնում են, հիվանդին անց են կացնում ախտադադարի՝ ռեմիսիայի շրջան։ Իսկ, թե որքա՞ն այդ դադարը կպահպանվի, շատ դեպքերում կախված է հիվանդից։ Մեկի մոտ կարող է լինել մեկ ամիս, մյուսի մոտ՝ մեկ կամ տասը տարի։
– Զրույցի սկզբում ասացիք, որ գենետիկ հիվանդություն է, 7 պորտ հետո կարող է արտահայտվե՞լ, թե՞ ծնողներից է անցնում։
– Գենետիկ նախատրամադրությամբ հիվանդություն է, հաստատվել է մոտավորապես 9-10 գեն, որոնք պայմանավորում են այս հիվանդության առաջանալը։ Կա այսպիսի հասկացություն՝ կոչվում է պենետրանտություն, որը նշանակում է, որ որևէ հիվանդության առաջանալն ինչքանով է կախված գեն կրելու հետ, պսորիազի ժամանակ դա կազմում է 3 տոկոս։ Այսինքն, եթե 100 հոգի կրի պսորիազ պայմանավորող գեն, ընդամենը 3 հոգին կհիվանդանա։ Մնացած 97 հոգին սերնդեսերունդ պարզապես կփոխանցեն գենը։ Եվ այն կակտիվանա երեխայի, թոռան, ծոռան մո՞տ, թե՞ 7 պորտ հետո, խիստ անհատական, անկանխատեսելի է՝ կախված է նրանից, թե գենի ակտիվացման նպաստող գործոնները երբ կստեղծվեն։
Ընդգծեմ, որ ՀՀ-ում չկա այնպիսի հետազոտություն, որով կարող են պարզել՝ մարդն ունի՞ պսորիազի գենը, թե՞ ոչ, բայց, եթե բուժառուի ծնողերի մոտ կա, ինքը չունի և ուզում է կանխել պսորիազի զարգացումը, առաջին հերթին պետք է վարել առողջ ապրելակերպ։ Դա նշանակում է՝ հրաժարվել ծխախոտի օգտագործումից, ունենալ ակտիվ սպորտային կյանք, չունենալ քաշի ավելցուկ, և հնարավորւոթյան չափով հեռու մնալ սթրեսից։