Բաժիններ՝

«Խոսելու ոչինչ չունեմ, ամեն ինչ կյանքի է կոչվել, ամեն ինչ որոշված է». Օրբելի եղբայրների թանգարանի տնօրենի պաշտոնակատար

Կառավարության որոշմամբ, Ծաղկաձորում գտնվող «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը  կմիավորվի Հայաստանի Պատմության թանգարանի հետ։

Ավելի վաղ նման որոշում էր եղել նաև Հայաստանի միակ՝ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի վերաբերյալ։ Այդ ժամանակ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանն ասել էր, որ դեռևս շատ տեղեկացված չէ, թե ինչ է լինելու ու ինչպես է լինելու։

«Հասկանալի է, Կառավարության որոշումը կա, բայց այդ գործընթացից այդքան տեղյակ չեմ։ Ճիշտն ասած՝ ամենասկզբից այնպես պետք է լիներ, որ մենք պետք է առանձին ու ինքնուրույն կառույց լինեինք, բայց ոչ Պաշտպանության նախարարության, այլ ԿԳՄՍ նախարարության կազմում։ Հիմա վերջին պահին փոխել են ու մեզ մասնաճյուղի կարգավիճակ են տալիս՝ Հայաստանի պատմության թանգարանի կազմում։ Սա կոնկրետ մեզ համար անակնկալ էր, այս մասին չգիտեի»,- ասել էր նա։

Կարդացեք նաև

Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի այս միավորման վերաբերյալ։

«Ներողություն եմ խնդրում, բայց այդ մասով ավելացնելու ոչինչ չունեմ, այդ մասով խոսելու ոչինչ չունեմ, որովհետև ամեն ինչ կյանքի է կոչվել, ամեն ինչ որոշված է, մնացածը ժամանակի ընթացքում արդեն իրականացվելու է»,- 168.am փոխանցեց Մարիամ Օհանյանը։

Հարցին՝ այս միավորումը որևէ կերպ անդրադառնալո՞ւ է թանգարանի ընդհանուր գործունեության վրա, մեր զրուցակիցը հակիրճ պատասխանեց.

«Ես ոչինչ ասել չեմ կարող, կներեք, որևէ հարցի այլևս չեմ կարող պատասխանել»։

Նշենք, որ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականին՝ Լևոն Օրբելու 100-ամյակին: Թանգարանն ունի շուրջ 3000 մշակութային արժեքների հավաքածու: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից:

Տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային:

Երեք սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին, գիտական և հասարակական գործունեությունը: Իսկ մյուս երեք հուշասենյակներում ցուցադրված են Օրբելի եղբայրների անձնական իրերը։ Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով` ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ:

Տեսանյութեր

Լրահոս