Ո՞ւր է գնացել 3 տարվա ընթացքում Հայաստան մտած 16 միլիարդ դոլարը
Վերջին տարիներին, ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ խոշոր ֆինանսական հոսքեր են եկել Հայաստան։ Այդ հոսքերն էլ մեծապես նպաստել են այն բարձր տնտեսական աճերի ձևավորմանը, որոնցով մինչև վերջերս հպարտանում էին իշխանությունները։ Երեք տարվա ընթացքում ֆիզիկական անձանց, բացառապես միայն բանկային համակարգի միջոցով կատարված փոխանցումները, կազմել են շուրջ 16 մլրդ դոլար։
Այս հսկայական գումարները, որքան էլ իրենց անմիջական ազդեցությունն են ունեցել Հայաստանի տնտեսության աճի ցուցանիշների վրա, այնուհանդերձ մեծամասամբ՝ ինչպես եկել, այնպես էլ՝ գնացել են։ Քաղաքական իշխանությանը թողնես՝ միայն իրենք իրենց կգովեն՝ չեղած տնտեսական ձեռքբերումների ու հաջողությունների համար։
Փոխարենը մի բան անեին, որպեսզի դրանք ծառայեցնեին տնտեսության զարգացմանը, իրացման համար բացված անսահման հնարավորությունների պայմաններում արտահանմանը միտված նոր արտադրություններ ստեղծեին ու եղած արտադրական հզորություններն ընդլայնեին, բավարարվեցին ընդամենը առևտրային ժամանակավոր հոսքերի սպասարկմամբ, դրանց վրա քաղաքական դիվիդենտներ շահելով ու «համաշխարհային մակարդակի» աճի անիմաստ ցուցանիշներ նկարելով։ Անգամ այսպիսի ֆինանսական հոսքերի պայմաններում չկարողացան իրական տնտեսության մեջ մի առաջընթաց ապահովել։ Այսօր էլ տնտեսության արտադրական հատվածը նույնքան, եթե ոչ՝ ավելի խղճուկ վիճակում է, ինչպես 3 տարի առաջ, երբ չկային այսպիսի մեծ հնարավորություններ ու ռեսուրսներ։
Թե 16 մլրդ դոլարի մուտքն ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսական աճի զուտ ցուցանիշների վրա, դժվար չէ պատկերացնել։ Արձանագրենք միայն, որ մեր պետական բյուջեի տարեկան եկամուտները, անգամ Նիկոլ Փաշինյանի այդքան գովաբանած աննախադեպ աճերից հետո, վերջին տարիներին տատանվել են տարեկան ընդամենը 6-7 մլրդ դոլարի սահմաններում։ Այնինչ՝ միայն բանկային համակարգի փոխանցումների միջոցով նախորդ 3 տարում տարեկան գրեթե դրան համարժեք գումար է դրսից մտել Հայաստան։
Պաշտոնական տվյալներով, 2022թ. արտաքին ֆինանսական փոխանցումների տեսքով ստացվել է շուրջ 5,2 մլրդ դոլար, 2023թ.՝ շուրջ 5,7 մլրդ դոլար։
2024թ. տարեկան արդյունքները դեռևս չկան, բայց 11 ամիսների տվյալներով, արտաքին ֆինանսական փոխանցումները հասնում են գրեթե 5 մլրդ դոլարի։ Տարեկան կտրվածքով՝ կկազմեն առնվազն 5,4 մլրդ դոլար։
Երբ խոսվում է Հայաստանի տնտեսական աճի վրա արտաքին հսկայական ազդեցությունների մասին, այդ ազդեցությունները երևում են այս ցուցանիշներում։ Ընդ որում՝ դրանք միայն տնտեսական չեն. Այն աննախադեպ բարձր շահույթները, որոնք վերջին տարիներին ստացել ու շարունակում են ստանալ հայաստանյան բանկերը, կապված են առաջին հերթին այս հոսքերը սպասարկելու հետ։
Բայց դրանք աստիճանաբար սկսել են թուլանալ։
Սպասվում է, որ 2024թ. արդյունքներով, մասնավոր ֆինանսական փոխանցումների որոշ նվազում կլինի, թեև դրանք դեռևս կշարունակեն մեծ ծավալներ կազմել։ Սակայն նույնիսկ այդ ծավալներն այլևս փրկություն չեն իշխանությունների համար, որպեսզի տնտեսական հաջողությունների ու ձեռքբերումների պատրանքներ կարողանան ստեղծել։
Անգամ նման հսկայական հոսքերի պայմաններում՝ տնտեսությունը դադարել է բարձր աճի ցուցանիշներ գրանցել։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կարող է լինել, եթե մի օր այս հոսքերը վերադառնան նախկին մակարդակներին, երբ տարեկան տատանվում էին հազիվ 1,5-2 մլրդ դոլարի սահմաններում։
Ինչքան էլ իշխանությունները քաղաքական դեմարշներ կազմակերպեն Ռուսաստանի դեմ, փաստ է, որ այս գումարների մեծ մասը եկել են Ռուսաստանից ու չնայած ունեցել են առևտրային նշանակություն, էապես ազդել են Հայաստանի տնտեսության աճի ցուցանիշների վրա։
Անցած տարվա տվյալներով, կատարված փոխանցումների ավելի քան 77 տոկոսը եղել են առևտրային նշանակության։ Հայտնի է, որ այդ փոխանցումները սպասարկում են գերազանցապես ռուսական շուկայի ապրանքային մատակարարումները։ Առևտրային փոխանցումներն անցած տարի նույնիսկ ավելացել են, չնայած տրանսֆերտային հոսքերի կրճատմանը։ Դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների դրսից ստացվող եկամուտներն են նվազել։ Եկամուտներ, որոնք շատերի համար ունեն հիմնականում կենցաղային ու սոցիալական նշանակություն։
Եթե մեկ տարի առաջ արտաքին փոխանցումների 28,6 տոկոսն էր ոչ առևտրային նշանակության, անցած տարի ընդամենը 22,6 տոկոսն է այդպիսին եղել։ Անվանական արժեքով, խոսքն ավելի քան 306 մլն դոլարի մասին է։ Այդքան գումար 2024թ. քաղաքացիներն ավելի քիչ են ստացել։
Ոչ առևտրային հոսքերի նվազումը շատ ավելի մեծ է 2022թ. համեմատ՝ կրկնակի կրճատում կա։
Արտաքին ֆինանսական փոխանցումների տեսքով Հայաստան եկած գումարների մեծ մասը եղել է ռուսական ռուբլով՝ 16 մլրդ դոլար մուտքերից գրեթե 8,6 միլիարդը։ Անցած տարի ռուբլով կատարված փոխանցումների կշիռը նույնիսկ ավելացել է՝ հասնելով ընդհանուր փոխանցումների գրեթե 60 տոկոսին։
Դոլարային մուտքերը ռուբլու նկատմամբ անհամեմատ ավելի փոքր են։ Վերջին 3 տարիներին այդ արժույթով ստացվել են 4,7 միլիարդի կարգի ֆինանսական միջոցներ։
Եվրոյով կատարված փոխանցումները 2,2 մլրդ դոլարի շրջանակներում են եղել։
Երեք տարվա ընթացքում ընդհանուր առմամբ գրեթե 6,9 միլիարդի դոլար ու եվրո է եկել Հայաստան։ Փոխարենը՝ այդ արժույթներով ավելի շատ գումար է դուրս եկել Հայաստանից. 6,9 միլիարդ եկել է՝ ավելի քան 7,9 միլիարդը գնացել է։
Տարօրինակ է, որ այս պայմաններում դրամը 25 տոկոսով թանկացել է՝ դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Հայտնի է, որ արժութային շուկայում ձևավորվող փոխարժեքները միշտ էլ էապես կապված են եղել արտաքին տարադրամային հոսքերի շարժերի հետ։ Այդ շարժերը, վերջին 3 տարիների կտրվածքով՝ ի վնաս դրամի ամրապնդման են եղել, բայց դա չի խանգարել, որպեսզի այն 25 տոկոսով արժևորվի ու շարունակի արժևորված մնալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



