Ո՞ւմ շահերն է սպասարկում Կենտրոնական բանկը
Դրամի ամրապնդումը վերջին երկու տարիներին բազմաթիվ խնդիրներ ու ռիսկեր է ստեղծել տնտեսության իրական հատվածի համար։ Դա բերել է նրան, որ արտահանելի հատվածում տեղի է ունենում արտադրության ծավալների համատարած նվազում։ Տեղական արտադրողները դրսի շուկաներում կորցնում են մրցունակությունը, ներսում չեն դիմանում էժան ներմուծմանը։
Տուժում են նաև ծառայությունները։
Խոսքն առաջին հերթին ՏՏ-ին է վերաբերում, որտեղ անցած տարվա վերջից տեղի է ունենում թողարկման աճի տեմպի դանդաղում։ Թեև տնտեսության ներուժի ավելացման և արտահանման կարողությունների ձևավորման գործում էական նշանակություն ունեցող այս ճյուղում համատարած կրճատումներ դեռևս չկան, բայց միտումները դրան են տանում։
Այս իրավիճակը քիչ է նույնիսկ մտահոգիչ համարել։
Խնդիրները համակարգային են, որոնց հետևանքները մեղմելու համար պահանջվում է կառավարության ու Կենտրոնական բանկի համակարգված աշխատանք։ Բայց այդ աշխատանքի արդյունքն այդպես էլ չի երևում։
Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում գնաճ չկա, գնանկում է արձանագրվում, ինչը, թվում է՝ լավ հնարավորություն է դրամավարկային պայմանների ակտիվ թուլացման համար, հատկապես՝ վերջին տարիների տոկոսադրույքի կոշտ քաղաքականությունից հետո։ Բայց որքան էլ նախորդ մի քանի ամիսներին Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է քաղաքականության տոկոսադրույքը, դա չափից դուրս զգուշավորությամբ ու փոքր քայլերով է անում։ Չնայած, կարծես ավելի ակտիվ լինելու համար խանգարող հանգամանքներ չկան։
Գնաճային ճնշումները ոչ միայն թույլ են, այլև պահպանվում են թուլացման միտումները, ինչն արձանագրում է նաև Կենտրոնական բանկը։
«Արտաքին հատվածից թույլ գնանկումային ազդեցությունների, նախորդ տարիներին իրականացված դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման պայմաններում ցածր գնաճային միջավայրը պահպանվում է: Միաժամանակ, աշխատուժի առաջարկի ավելացումը որոշակիորեն մեղմում է աշխատաշուկայի պայմանները, ինչն էլ արտահայտվում է աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմամբ»,- սա Կենտրոնական բանկի դրամավարակային քաղաքականության վերջին արձանագրությունից է։
Այսպիսի գնահատականը պիտի ենթադրեր դրամավարկային քաղաքականության պայմանների ավելի ակտիվ թուլացում։ Բայց ԿԲ-ն հերթական անգամ տոկոսադրույքը նվազեցրեց ընդամենը 0,25 տոկոսային կետով՝ շարունակելով պահպանել բավական բարձր դիրքում՝ տնտեսության իրական հատվածի վրա ունեցած իր էական բացասական ազդեցություններով։
Աճերը, որոնք արձանագրվում են տնտեսական ցուցանիշներում, չպետք է շփոթել իրական տնտեսական զարգացումների հետ, որոնք գոյություն չունեն։ Առավել ևս՝ արտահանելի հատվածում, որը մեծ վնասներ է կրում դրամի արժևորումից։
Մի պահ հիմնական արժույթների նկատմամբ որոշ չափով արժեզրկվելուց հետո, վերջին շրջանում դրամը կրկին արժևորվում է՝ ճնշելով տեղական արտադրողին։
«Ունենք առաջարկի գերազանցում պահանջարկի նկատմամբ, որի արդյունքում փոխարժեքը որոշակիորեն, ոչ շատ մեծ չափով վերջին ամսվա ընթացքում նվազել է։ 2,5 տոկոսի արժեզրկում կա ԱՄՆ դոլարի։
Դա պայմանավորված է հիմնականում ներհոսքի գերազանցմամբ։ Ներհոսքը տարբեր բնույթի երևույթներից է գալիս։ Ունենք բավական մեծ առևտրային հոսքեր։ Այդ առևտրային հոսքերը կարող են ազդել, տուրիստների հոսքերը կարող են ազդել, կապիտալի ներհոսքը կարող է ազդել։
Դժվար է ասել, թե կոնկրետ որ գործոնի ազդեցության ներքո են դրանք տեղի ունենում։ Բայց այն, ինչ տեսնում ենք շուկայում, դա պահանջարկի ավելի թույլ լինելն է՝ առաջարկի նկատմամբ։ Այսինքն՝ կան մարդիկ, ովքեր ուզում են ձեռք բերել ԱՄՆ դոլար, բայց նրանք, ովքեր վաճառում են, ավելի մեծ ծավալ ունեն։
Մեր գլխավոր նպատակն այդ առումով՝ շուկայում թույլ չտալ մի իրավիճակ, որ գնանշումներում բնական ընթացք չլինի։ Քանի որ ազատ լողացող փոխարժեք է, մենք միջամտում ենք այն պարագայում, երբ տեսնում ենք, որ շուկայի ֆունկցիոնալը խախտվում է»,- ասում է Կենտրոնական բանկի նախագահը։
Թե նշվածներից կոնկրետ ո՞ր գործոնի հաշվին է առաջարկն ավելացել, Կենտրոնական բանկում չգիտեն, կամ գիտեն, բայց նպատակահարմար չեն համարում բացահայտել։
Հայտնի է սակայն, որ դրամի վրա ազդող որոշ գործոններ վերջին շրջանում ոչ թե ուժեղացել են, ինչպես նշում է ԿԲ նախագահը, այլ թուլացել։
Խոսքը, մասնավորապես, կապիտալի ու զբոսաշրջային հոսքերին է վերաբերում։
Այս տարվա սկզբին, ինչպես կապիտալի, այնպես էլ զբոսաշրջային հոսքերը Հայաստան նվազել են։
Նվազել են նաև զբոսաշրջիկների կողմից կատարվող ծախսերը։ Այս տարի զբոսաշրջիկներն ավելի քիչ տարադրամ են թողնում Հայաստանում, քան թողնում էին նախկինում։
Կապիտալի հոսքերի առումով իրավիճակը շատ ավելի վատ է։ Հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է շուրջ 50 տոկոսով, իսկ ոչ առևտրային բնույթի փոխանցումներինը` գրեթե 55 տոկոսով։
Սա նշանակում է, որ կապիտալի ու զբոսաշրջային հոսքերի առումով տարադրամային ճնշում փոխարժեքների վրա չէր կարող լինել։ Մնում է արտաքին առևտուրը, որն էլ, ըստ էության, դարձել է դրամի ամրապնդման գլխավոր պատճառը։
Վերարտահանումների արդյունքում Հայաստանի արտահանումն այս տարի շարունակում է մեծ տեմպերով ավելանալ։ Բայց դա պայմանավորված է հիմնականում մեկ ապրանքատեսակով՝ ոսկու վերարտահանմամբ։
Ամսական միջինը Հայաստանից շուրջ 700 մլն դոլարի անմշակ ոսկի է արտահանվում։ Խոսքը ներմուծված ոսկու մասին է։
Այդ գումարի որոշ մասն էլ հավանաբար հայտնվում է շուկայում՝ հանգեցնելով դրամի արժևորման։
Հիշեցնենք, որ օրենսդրական վերջին փոփոխություններից հետո անմշակ ոսկին հարկվում է արտահանման տուրքով։ Այդ պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք ենթադրաբար ձևավորվում են ստացվող տարադրամի փոխարկումից՝ մեծացնելով ճնշումը դրամի արժևորման ուղղությամբ։
Դրամի այս վարքագիծն ի վնաս տնտեսության է, ի օգուտ՝ ներմուծման։ Ստացվում է, որ տնտեսության իրական հատվածին օժանդակելու փոխարեն՝ Կենտրոնական բանկն ու կառավարությունը, իրենց գործողություններով կամ անգործությամբ՝ օժանդակում են ներմուծողներին։
Լողացող կուրսի քաղաքականությունը, որին հղում են անում Կենտրոնական բանկում, արդարացում չէ։ Եթե մեկուկես-երկու տարի առաջ դրամի ամրապնդումը կարող էր արդարացված լինել՝ բարձր գնաճը զսպելու առումով, ապա հիմա դրա համար բացարձակ պատճառներ չկան։
Հայտարարելուց առաջ, որ դրամի ոչ մեծ, ընդամենը 2,5 տոկոս արժևորում է եղել, պետք է հիշել, որ տնտեսության խնդիրներն ամենևին էլ միայն այդ 2,5 տոկոս արժևորման հետևանք չեն։ Վերջին երկու տարիներին դրամը գրեթե 25 տոկոսով արժևորվել է՝ տնտեսության իրական ու հատկապես արտահանելի հատվածը կանգնեցնելով փակուղու առաջ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ