Տևական անորոշությունից հետո ինչո՞ւ ԵՄ-ն երկարաձգեց ԵՄ դիտորդների մանդատը ՀՀ-ում

Հունվարի 29-ին Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն տվեցին Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ Բյուջեն կազմում է 44 մլն եվրո։

Ասվում է, որ Եվրամիությունն անփոփոխ է թողել առաքելության մանդատը, որ տրվել էր երկու տարի առաջ՝ նպաստելու Հայաստանի սահմանամերձ և հակամարտությունից տուժած շրջաններում միջադեպերի թվի նվազմանը, նվազեցնելու այդ շրջաններում ապրող բնակչության համար վտանգի աստիճանը և դրանով նպաստելու գետնի վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Դիտորդների կազմն ու թվաքանակը, ըստ որոշման նախագծի, կմնա անփոփոխ՝ 165 միջազգային ու 44 հայաստանցի աշխատող:

Ըստ Հայաստանում ԵՄ առաքելության, այս որոշումը պետք է առաջիկայում հաստատվի նաև ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների կողմից, ինչը փաստացի ֆորմալ բնույթ է կրում, քանի որ այդ երկրների դեսպաններն այսօր արտահայտել են իրենց կառավարությունների տեսակետը՝ կողմ քվեարկելով նախագծին:

Առաքելության դիտարկման գոտին, ըստ պաշտոնական հաղորդագրության, տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, ներառյալ՝ Նախիջևանի հատվածը։

Կարդացեք նաև

«Հաշվի առնելով տարածքի զգալի չափերը՝ առաքելությունն իր տրամադրության տակ եղած ռեսուրսներով ի վիճակի չէ նկատել սահմանի երկայնքով տեղի ունեցող ցանկացած միջադեպ»,- տեղակայումից հետո հայտարարել էր դիտորդական առաքելությունը, մանրամասնելով՝ «պարեկները ձգտում են այցելել այն վայրեր, որտեղ տեղի են ունեցել միջադեպեր, այնուհետև զեկուցել այդ մասին Եվրամիության կենտրոնակայան՝ հիմք ընդունելով բաց աղբյուրներից ու վստահելի ականատեսներից ստացված տեղեկությունները»։

Վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները հրապարակային պահանջներ էին հնչեցնում ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդներին ՀՀ-ից դուրս բերելու մասին, այդ հարցը, ըստ որոշ տեղեկությունների, ներառված է նաև ՀՀ-Ադրբեջան փաստաթղթում։ Այս պահանջին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե առաջարկում է հանել դիտորդներին միայն սահմանի սահմանազատված հատվածներից։ ՀՀ իշխանությունները պնդում են, թե դիտորդական առաքելության տեղակայումն ապահովել է սահմանային կայունություն։

Ադրբեջանից բացի, այս առաքելության գործունեությունը քննադատում է Ռուսաստանը, այն որակելով՝ որպես ՆԱՏՕ-ի առաքելություն։ Եմ դիտորդական առաքելության տեղակայման հարցում որոշակի կարծիք ունի նաև Իրանը, որը հայտարարում է, որ անընդունելի է տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը։

Վերջին տարիների ընթացքում բազմիցս անդրադարձել ենք դիտորդների մանդատին, գործունեությանը, գնահատել դրա արդյունավետությունը, սակայն շատ ավելի ուշագրավ է քննարկել այն, թե ինչու տևական անորոշությունից հետո ԵՄ-ում նման որոշում կայացվեց, և որքանով այն կապ ունի ռեգիոնալ ներկայիս իրավիճակի հետ։

168․am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ամենայն հավանականությամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման երկարաձգման որոշումն ուղիղ կապ ունի կողմերի միջև բանակցությունների ընթացքի հետ։ Վերլուծաբանը հիշեցրեց, որ տարեվերջին, հիմք ընդունելով հնչող որոշ հայտարարություններ և առաջարկներ, կային հույսեր, որ գուցե կողմերը կգան համաձայնության բոլոր հարցերի շուրջ և կստորագրեն համաձայնագիրը։

«Հիշեցնեմ, որ տարեվերջին եղավ լուրջ առաջարկ կողմերին Բայդենի վարչակազմի կողմից՝ նրա անունից, որպեսզի կողմերն ընդունեն ԱՄՆ առաջարկը և վճռականորեն շարժվեն բանակցությունների և դրանց ամբողջացման ուղղությամբ։ Բնականաբար, դա այն էր, ինչ հրապարակայնորեն լսվել է, բնականաբար, դրան նախորդել ու հաջորդել են ակտիվ դիվանագիտական ջանքեր արևմտյան համապատասխան դիվանագետների կողմից, որպեսզի այս պլանն իրագործվի։ Կարծում եմ՝ սրանով էին պայմանավորված անորոշ տրամադրություններն այս հարցի վերաբերյալ Երևանում ու Բրյուսելում»,-նկատեց վերլուծաբանը։

Նրա խոսքով, թեև մանդատը երկարաձգվեց, անորոշ տրամադրությունները պահպանվում են։ Սակայն, ըստ նրա, դրանք ներկայումս պայմանավորված են ԱՄՆ նոր վարչակազմի աշխատանքով և մի շարք ուղղություններով սպասումներով։ «Ինչպես հասկանում ենք, հայ-ադրբեջանական բարձրաստիճան բանակցությունները ևս չեն վերսկսվել, և դա ամենայն հավանականությամբ պայմանավորված է ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակով, դրա գնահատականով։

Ուստի, քանի դեռ անորոշ է համաձայնագրի համաձայնեցման հեռանկարը, ԵՄ դիտորդների մանդատը երկարաձգվում է, քանի որ մոտալուտ հեռանկար ամբողջական կարգավորման վերաբերյալ ամենայն հավանականությամբ չկա։ Բնականաբար, բացի սա, այս որոշումը պայմանավորված է նաև ռեգիոնալ անվտանգային իրավիճակի գնահատականով։ Որքան էլ փորձեն սրան աշխարհաքաղաքական երանգներ հաղորդել, ԵՄ-ն իր կարողության չափով փորձում է աջակցել կայունությանը ռեգիոնում»,-ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է ՀՀ ԵՄ անդամակցության վերաբերյալ ՀՀ ներհայաստանյան դիսկուրսին և ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին՝ Ստյուարտն ասաց, որ այդ գործընթացները վերաբերում են դեռևս միայն ՀՀ-ին, հայ հասարակությանը, այդ քննարկումները միտված են երկրում ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ հանրային տրամադրությունները վերջնականապես ընկալելուն։

«Կարծում եմ՝ սա է պատճառը, որ ԵՄ-ն դեռ հրապարակային որևէ որոշակի մեկնաբանություն այս հարցով չի անում, սա դեռ շատ նախնական փուլ է, դժվար է ասել, թե ինչ որոշումներ կկայացվեն հենց ՀՀ-ում, ուստի ԵՄ-ն դեռ դրան պետք է հետևի»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս