Բաժիններ՝

Վիրջինիայում եկեղեցական տոնի ժամանակ մեծ տաղավարի փլուզման հետևանքով 1 մարդ է զոհվել, ևս 11-ը՝ վիրավորել

ԱՄՆ Վիրջինիա նահանգում եկեղեցական միջոցառման ժամանակ մեծ տաղավարի փլուզման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 11-ը՝ հոսպիտալացվել, հայտնում է NBC News-ը։

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Բեդֆորդ շրջանի «EastLake Community» եկեղեցու տարածքում։

Շրջանի հրշեջ-փրկարարական ծառայության պետի պաշտոնակատար Էբի Ջոնսոնի խոսքով՝ տաղավարը փլուզվել է տեղական ժամանակով մոտ 18:45-ին, երբ բացօթյա տարածքում ընտանեկան տոնախմբություն էր ընթանում։

Միջադեպից կարճ ժամանակ առաջ հոգևորականը, եղանակային պայմանների վատթարացման պատճառով, սկսել էր ներկաների տարհանումը։ Սակայն քամու ուժգին պոռթկումը բարձրացրել է կոնստրուկցիան, ինչն էլ հանգեցրել է դրա փլուզմանը։

«Ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ջոնսոնը։

Հիվանդանոց տեղափոխված 11 հոգուց բացի, տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել ևս 11 տուժածի։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Իշխանությունների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ուժգին ամպրոպների մասին նախազգուշացման ֆոնին։ Փրկարարները կարծում են, որ ողբերգության պատճառ են դարձել հենց քամու հզոր պոռթկումները։

Չնայած պատահածին՝ նախնական ստուգումը ցույց է տվել, որ տաղավարը տեղադրված և ամրացված է եղել պատշաճ կերպով։ Միջոցառման ներկաների թվում եղել են մեկ այլ ստորաբաժանման հրշեջ ծառայության աշխատակիցներ, որոնք փլուզումից անմիջապես հետո սկսել են օգնել մարդկանց դուրս գալ փլատակների տակից։

Եկեղեցու հոգևորական Թրոյ Քիթոնն ավելի ուշ սոցիալական ցանցերում հայտնել է, որ համայնքը ծանր կորուստ է կրում։

«Հենց այն պահին, երբ ես բարձրացա բեմ, որպեսզի խնդրեմ մարդկանց գնալ դեպի իրենց մեքենաները, քամու ուժգին պոռթկումը բարձրացրեց տաղավարը»,- գրել է նա։

Նրա խոսքով՝ ծխականներից մեկը մահացու վնասվածքներ է ստացել, իսկ մի քանի հոգի վիրավորվել են։

Այս միջոցառումը մեկշաբաթյա ընտանեկան տոնախմբության մի մասն է, որը ներառում է ժամերգություն, հյուրասիրություն, մանկական ջրային խաղեր և պաղպաղակի բաժանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930