ՀՀ իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել․ սա վտանգ է. Վահե Հովհաննիսյան

Հետընտրական անոմալ զարգացումներ

Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր։

1. Ներքին վիճակ

a․Հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած։ Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացմանը և հանդարտացմանը։ Գնում է նման ընթացքի՝ իր իսկ շահերից ելնելով։ Հայաստանում լրիվ հակառական է՝ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է հասարակության կեսին համարել թշնամի։

b.Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ։ Հայաստանի իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։ Սա վտանգ է հենց իշխանության համար, բայց կա ինչ-որ բան, որը նրանց դրդում է՝ մրցակիցների հետ շարունակել բացառապես իրավապահների միջոցով հարաբերությունները։ Ես ինքս անկեղծորեն չեմ հասկանում պատճառը։

c.Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել։

2. Իշխանության լեգիտիմություն

a.Երբ գործող վարչապետը հայտարարում է, որ շատ ավելի լավ, եթե ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամավորներով, ինքն էլ շատ լավ գիտի, որ դա այդպես չէ։ Ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ է ԱԺ-ում ունենալ իրեն սուր քննադատող ընդդիմություն, քան՝ աշխատել մենակով։ Սա ուղիղ ճանապարհ է իշխանության հանրային ոչլեգիտիմության ընկալման համար։ Եվ արտաքին աշխարհի համար նույնպես սա կդառնա կիսաիշխանություն։ Իշխանությունը սա լավ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամեն ինչ՝ լրիվ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար։

b.ԲՀԿ-ի շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ Սա հասկանում են բոլորը։ ԿԸՀ-ում 4%-3.996% քաղաքական-տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի։

3. Տնտեսություն

a.Իշխանությունը բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Իշխանությունը և տնտեսվարողները շատ լավ գիտեն, որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։ Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում։

4․ Ադրբեջան, Թուրքիա

a.Այս երկու պետություններում նույնպես ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները։ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները։ Դա չի անելու TRIPP-ի զոնայում՝ Թրամփի սահմանած խաղաղությանը չվնասելու համար։ Դա անելու է այլ հատվածներում, և հայ ժողովուրդը հանկարծ հասկանալու է, որ Հայաստանի մյուս հատվածները և ադրբեջանական մյուս պահանջները չեն մտնում Թրամփի խաղաղության երաշխիքների մեջ։ Դժվար չէ հաշվարկել ընդամենը 2-3 ամսվա զարգացումները՝ այս ներքին մթնոլորտով, այս լեգիտիմության ԱԺ-ով, և այս տնտեսական իրավիճակով։ Սա մի զարգացում է, որն առաջին հերթին չի բխում իշխանության շահերից։ Այդ դեպքում ինչո՞ւ է իր քայլերով գնում այդ ընթացքին։

Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ։ Ինչո՞ւ չեն հասկանում, որ իշխանական հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածները տարբեր «նավերով» չեն ընթանում այս ամենի միջով, և սպառնալի զարգացումները կոլապսի են բերելու մեր ամբողջ երկիրը՝ իր բոլոր բնակիչներով։ Հայաստանն այլևս չունի որևէ ստրատեգիական խորություն՝ խուսանավելու համար։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930