Հռոմի Պապի մեկնումը Տեներիֆե կղզուց հետաձգվել է ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով
Հռոմի Լևոն 14-րդ պապի մեկնումը իսպանական Տեներիֆե կղզուց Հռոմ ուրբաթ հետաձգվել է ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Իսպանիա կատարած մեկշաբաթյա այցի ավարտից հետո քահանայապետն արդեն բարձրացել էր Iberia ավիաընկերության օդանավ։ Նրան թռիչքուղու մոտ ճանապարհելու էր եկել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը։ Սակայն հրաժեշտից կարճ ժամանակ անց երկուսն էլ ստիպված են եղել լքել ինքնաթիռը և վերադառնալ օդանավակայանի տերմինալ։
Պապական այցի հաղորդակցության ծառայության տվյալներով՝ չվերթի մեկնումը հետաձգվել է մոտ կես ժամով՝ օդանավի տեխնիկական խնդրի պատճառով։ Անսարքության պատճառը պաշտոնապես չի բացահայտվում։ Ի հայտ եկած խնդրի մասին ուղևորներին հայտնել է անձնակազմի հրամանատարը։
Ուշացման պահին ինքնաթիռում գտնվել է մոտ 80 լրագրող, Վատիկանի և հոգևորականության ներկայացուցիչներ։
Հռոմի Պապն ավարտում էր Իսպանիայով իր յոթօրյա ուղևորությունը։ Ուրբաթ նա Տեներիֆե էր ժամանել հարևան Գրան Կանարիա կղզուց, որտեղ գտնվում էր հինգշաբթի օրվանից։ Տեխնիկական խնդրի վերացումից հետո քահայանապետը պետք է հետ թռչեր Հռոմ։

