Ինչո՞ւ է Ռուսաստանը շահագրգռված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմամբ
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է լուծարման»,- նախօրեի ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա, լավագույն տարբերակը կլինի, եթե Ադրբեջանն ու Հայաստանը նման համատեղ առաջարկ անեն։ Զախարովան ընդգծել է՝ Մինսկի խմբի համանախագահները 2022 թվականի փետրվարից դադարեցրել են շփումները ռուսական կողմի հետ։
Շեշտելով, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում «Հայաստան-Ադրբեջան-Եվրամիություն-Ֆրանսիա գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանը Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է ճանաչել», իսկ 2023-ի սեպտեմբերին երկրում իրավիճակն արմատապես փոխվել է, Զախարովան ասաց՝ ԵԱՀԿ Մինսկի համաժողովի համանախագահների մանդատը Լեռնային Ղարաբաղի կարգավորման շրջանակներում կորցրել է իր արդիականությունը:
Ըստ Զախարովայի՝ այս ձևաչափով աշխատանքները նախ Արևմուտքն է արգելափակել, որից հետո իրողություններն են փոփոխվել, հետևաբար՝ Մինսկի համաժողովի բոլոր կառույցները պետք է լուծարվեն։
«Այս առումով օպտիմալ տարբերակը Բաքվի և Երևանի համատեղ առաջարկն է՝ լուծարել այդ ինստիտուտները», – եզրափակել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը։
Ի թիվս մի շարք պահանջների՝ Բաքուն պարբերաբար բարձրացնում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտության հարցը։ Դեկտեմբերի կեսերին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի երկրորդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որն էլ, ինչպես Ալիևն էր նշել, ֆորմալ առումով անհնար է անելառանց Հայաստանի համաձայնության, քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով։Ընդգծելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար՝ Ադրբեջանի նախագահը ևս շեշտել էր՝ «եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը»։
«ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Հայաստանի դժկամությունը խոսում է այն մասին, որ ռևանշիստների ծրագրերը բավականին լուրջ են»,- ասել էր Ալիևը։Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկվել առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, որ կողմերը կարող են այդ ձևաչափը լուծարելու համատեղ որոշում կայացնել, քանի որ այն նոր աշխարհակարգում որևէ ձևաչափով աշխատելու, արդյունք ապահովելու հնարավորություն չի ունենալու։ Սակայն, ըստ նրա, այդ հարցն առանձնապես ակտուալություն չունի, այլ Բաքվի ցանկությունն է՝ հաշվի առնելով այդ երկրի խիստ բացասական վերաբերմունքը ԵԱՀԿ ՄԽ-ի, ինչպես նաև այդ հարթակի գործունեության ողջ ընթացքում Բաքվի դժգոհությունը բանակցային օրակարգից։
«Սակայն այդ հարթակի գոյությունն ինքնին, դրա պաշտոնական չլուծարումը նաև նշանակում է, որ հակամարտությունը ԼՂ-ի մասով կարգավորված չէ, որ կան հարցեր, որոնք կարող են քննարկվել այդ հարթակում հնարավորության դեպքում։ Ադրբեջանը փորձում է այդ հնարավորությունը վերացնել, քանի որ, եթե ոչ այսօր, ապա մի օր հնարավոր է հարցեր բարձրացնել կամ այն գործի դնել միայն արևմտյան համանախագահների մասնակցությամբ։ Տրամաբանորեն՝ Երևանը թերևս հակված կլինի երկարաձգել այս հարցի համաձայնությունը՝ այն կապելով ողջ փաթեթի շուրջ կոնսենսուսի հետ։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, եթե Երևան-Բաքու համաձայնագիրը չի անդրադառնում հարցերի, որոնք առնչվում են ԼՂ-ի հետ, ապա ինչո՞ւ պետք է ԵԱՀԿ ՄԽ-ի թեման կապվի համաձայնագրի ստորագրման հետ։ Այսինքն՝ այստեղ գործ ունենք բարդ իրավիճակի հետ, որն արտացոլում է կողմերի միջև խորքային անվստահության մթնոլորտը»,-նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Բացի այդ, նրա խոսքով, ԵԱՀԿ ՄԽ-ն ներառում է նաև հակամարտության պատմությունը՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված սկզբունքները, կարգավորման փաթեթները, անդրադարձերը, համատեղ հայտարարությունները, և այլն, և այլն։
«Որքանով է նպատահակարմար այն լուծարելը Երևանի տեսանկյունից՝ հենց Երևանը պետք է մտածի, քանի որ Հայաստանի ներսում է, որ բուռն դիսկուրս է ծավալվում ԼՂ-ի շուրջ վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շուրջ։ Եթե Երևանի համար հարցը փակված է, իսկ կարծես հարցեր չեն բարձրացվում, ապա լուծարման համաձայնություն կտրվի»,-նման կարծիք հայտնեց Լուկիանովը։
Նա գտնում է, որ Ռուսաստանի համար սա էական հարց չէ ամենևին։
«ՌԴ նման արձագանքը ԵԱՀԿ ՄԽ լուծարման թեմային արտացոլում է պարզապես Արևմուտքի հետ հարաբերություններում առկա լարվածությունը։ Ոչ պակաս կարևոր է այստեղ Հայաստանի հետ հարաբերություններում առկա բարդ մթնոլորտը, որը մոտեցրել է Ռուսաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները։ ԵԱՀԿ ՄԽ-ն պատերազմից հետո ըստ էության գոյություն չունի, չի աշխատել, որևէ ազդեցություն չի ունեցել։
Համանախագահ երկրները գործել են միմյանցից առանձին։ Վերջին տարիներին ականատես եղանք, թե ինչ բարդություններ առաջացան կարգավորման գործընթացում հիմնական միջնորդ ընտրելու ճանապարհին։ ԵԱՀԿ ՄԽ-ի նման ձևաչափի բացակայությունը այնուամենայնիվ բարդացրեց կողմերի միջև բանակցային գործընթացի դինամիկան, թույլ տվեց կողմերին տեղափոխել բանակցություններն անընդհատ մեկ մայրաքաղաքից մյուսը, փոխելով օրակարգերը, ձգձգելով գործընթացը։ Մյուս կողմից էլ՝ պետք է խոստովանել, որ գլոբալ պատերազմի ֆոնին չկար որևէ հնարավորություն ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերականգնման համար»,-նշեց Լուկիանովը։
Նրա որակմամբ, ԵԱՀԿ ՄԽ-ն նոր աշխարհակարգում անհնար էր գործարել, սակայն դա ինքնին դարձավ մարտահրավերային շրջափուլ կողմերի համար։
«Բացի Երևան-Բաքու գործընթացից, ԵԱՀԿ ՄԽ-ն եղել է այն հարթակը, որը մինչ գլոբալ պատերազմի մեկնարկը ցանկացած փուլում պահել է Ռուսաստան-Արևմուտք կոմունիկացիոն բարակ «թելը», դիվանագիտական շփում այդ հարթակում ծավալվել է և ինչ որ իմաստով նաև նպաստել միջազգային հարաբերություններում կայունությանը։ Սակայն, երբ միջազգային համակարգը սկսեց փլվել, ԵԱՀԿ ՄԽ-ն արդեն գոյություն չուներ, սա հետաքրքիր նրբություն է, որը ցույց է տալիս աշխարհաքաղաքական զարգացումների փոխկապակցվածությունը»,-նկատեց ռուս քաղաքագետը։
Նրա կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ-ն ամենայն հավանականությամբ ապագայում կլուծարվի, սակայն դա այնուամենայնիվ որևէ երկրի չի սահմանափակում բարձրացնել հարցեր կամ արդյունավետ դիվանագիտություն վարել։