
Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման հարցում Թրամփի վկայի կարգավիճակը և «խմբագրման ենթարկված» «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունները

««Ես հիմա չեմ հիշում, անգիր չեմ հիշում իրենց տարածքը». Փաշինյանի հիշողության «կորուստը»՝ պատահականությո՞ւն, թե՞ փոխհամաձայնեցված «մանրուք»» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք օգոստոսի 11-ին հրապարակված Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված երկկողմ համաձայնագրին, մասնավորապես, երկու երկրների՝ իրար նկատմամբ տարածքային սահմանադրական պահանջներ ունենալ-չունենալու հարցին:
Այժմ կանդրադառնանք անվտանգությանն ու բանակին առնչվող համաձայնագրի համապատասխան հոդվածներում քողարկված վտանգներին ու սահմանափակումներին:
Օրինակ, համաձայնագրի 2-րդ հոդվածում տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում սահմանվում է. «Կողմերը չեն ձեռնարկի որևէ գործողություն, այդ թվում՝ այդպիսի գործողությունների պլանավորումը, նախապատրաստումը, խրախուսումը և աջակցումը, որը նպատակ ունի ամբողջությամբ կամ մասամբ տրոհել կամ խաթարել մյուս կողմի տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ «փաստաթղթավորվում է» ավելի քան 200 քկմ ՀՀ օկուպացված տարածքի չվերադարձը:
Եվ եթե հաշվի առնենք Փաշինյանի՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդվածում առկա խոստովանությունը՝ «…նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները…», ստացվում է՝ եթե սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքներով 200 քկմ-ն չվերադարձվի, չենք կարող որևէ ճանապարհով դրանք վերադարձնելու մասին մտածել, որպեսզի գոնե ունենանք Նիկոլ Փաշինյանի ասած 29.743 քկմ-ն:
Չմոռանանք, որ 2021-2022 թվականներին օկուպացված տարածքներում Ադրբեջանը հասցրել է ամրապնդել իր ռազմական ներկայությունը, նա «նստել է» կարևոր ռազմավարական բարձունքների վրա, և դրա համար մշտապես մերժել է հայկական կողմի՝ զորքի հայելային հետքաշման առաջարկը:
Կամ՝ գուցե մի օր ՀՀ զինված ուժերը որոշի մարտավարական կամ այս կամ այն երկրի հետ համագործակցությամբ մարտական զորավարժություն անել, Ադրբեջանը դա համարելու է իր տարածքային ամբողջականությանը սպառնալի՞ք:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի իշխանության դեպքում մի քիչ դժվար է պատկերացնել ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս մարտական զորավարժություն, որին կմասնակցի ՀՀ զինված ուժերը, ապացույցը՝ հետպատերազմյան տարիները:
Հակառակ դեպքում՝ այս նախաստորագրված համաձայնագիրը կարող էինք մեկնաբանել որպես ժամանակ շահելու հնարավորություն, երբ ՀՀ զինված ուժերը կկարողանա վերականգնել իր ուժերը, իսկ պատերազմի սպառնալիք կարող է լինել անգամ խաղաղության վերջնական պայմանագրի դեպքում: Այսինքն, որքան էլ հայտարարվի, թե պատերազմից հետո ինչ-որ բաներ են արվել, ռազմական բյուջե է մեծացվել, որոշակի սպառազինություն է ձեռք բերվել, փաստ է՝ 44-օրյա պատերազմից հետո՝ 2025 թվականին, ՀՀ զինված ուժերն իրեն դեռ չի կարող գետնի վրա թույլ տալ այն, ինչ նույնիսկ 2020 թվականի հուլիսյան մարտերի օրերին, 44-օրյա պատերազմի ժամանակ:
Բայց կարող էր, եթե հայկական զորքը մնար իր տեղում, ինչպես սահմանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը:
Կարո՛ղ էր, եթե Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ Սյունիքից զորքը միակողմանի չհեռացվեր, եթե 2021 թվականի մայիսին քաղաքական նպատակներից ելնելով՝ չարգելվեր զինված ուժերին հետ մղել ադրբեջանական զորքին, և այսպես շարունակ:
Այնպես որ, Ադրբեջան-Հայաստան նախաստորագրված համաձայնագիրը թաքնված կերպով սահմանափակում է ՀՀ զինված ուժերի գործունեությունը, ՀՀ անվտանգության ապահովման հնարավոր քայլերը, քանի որ պահանջ կա նաև՝ բացառել 3-րդ ուժի կողմից ՀՀ տարածքի օգտագործումն իրենց դեմ, և դրա տակ կարող են տարբեր պայմաններ դրվել, թեև Հայաստանի տարածքը որևէ երկրի կողմից մեկ այլ երկրի դեմ չի օգտագործվել, ինչի հետ կապված տարբեր ժամանակներում և տարբեր երկրների կողմից կասկածներ են եղել Ադրբեջանի հետ կապված, մասնավորապես՝ Իրանի:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ունի ստորագրած Շուշիի հռչակագիրը, Թուրքիայի զինուժը շատ լավ ներկա է Ադրբեջանի բանակում, Նախիջևանում, այսինքն՝ Ադրբեջանի բանակն ունի Թուրքիայի զինված ուժերի ուղիղ աջակցությունը, ինչը տեսանք 44-օրյա պատերազմի օրերին:
Մյուս կողմից, պետք է նկատել, որ նախքան այս էլ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի պահանջով թե իր սեփական ցանկությամբ և քաղաքական շահից ելնելով, դե ֆակտո վաղուց է «սահմանափակումներ» մտցրել ՀՀ զինված ուժերի նկատմամբ, պնդելով, որ ժամանակն է փոխել բանակի ֆունկցիոնալ նշանակությունը, որ բանակն իրավունք չունի կատարել սահմանադրական իր առաքելությունը, կանոնադրությամբ և օրենքներով սահմանված խնդիրները, երբ վտանգ է սպառնում երկրի տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը:
Ավելորդ է նույնիսկ նշել բանակի բարոյահոգեբանական վիճակի և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության ներարկման՝ Ադրբեջանին և Թուրքիային սպառնալիք կամ ոչ սպառնալիք դիտարկել-չդիտարկելու քաղաքական հրահանգի մասին:
Այս ամենը հակասում է նույնիսկ Փաշինյանի օրոք ընդունված բանակի կերպափոխման հայեցակարգին, որտեղ առանց այն էլ զսպման քաղաքականությունից անցում է կատարվել զուտ պաշտպանվելու քաղաքականությանը: Իսկ այսօր արդեն տպավորություն է, որ վատ առումով ՀՀ զինված ուժերին սեփական երկրի սահմաններում փորձում են վերածել զուտ խաղաղապահ ուժի:
Անդրադառնանք «Արծիվ գործընկեր» հայ-ամերիկյան զորավարժություններին:
Օգոստոսի 5-ին 168.am-ը՝ «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունները և Ադրբեջանի՝ ԱՄՆ-ի համար «որոշված» պատասխանատվությունը՝ երեկ և այսօր» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ նկատել էինք, որ Ադրբեջանն այս փաստին չի արձագանքում այնպես, ինչպես 2024-ին:
Օգոստոսի 11-ին էլ, ինչպես նշեցինք, հրապարակվել է Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված երկկողմ համաձայնագիրը, դրանից առաջ հանրայնացվել էր Փաշինյան-Ալիև-Թրամփ հռչակագիրը, որի անգլերեն տարբերակը հուշում է, որ ԱՄՆ նախագահն այստեղ ներկայացված է ոչ թե որպես կողմ, երաշխավոր խաղաղության հաստատման, այլ ընդամենն Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության ձգտումների գնալու վկա:
Իսկ վկաները, ինչպես ասում են, ցանկացած պահի կարող են «ցուցմունք փոխել» կամ հրաժարվել խոսքից:
Եվ ահա օգոստոսի 12-ին Հայաստանում մեկնարկեցին «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունները: Նշենք, որ դրանք անցկացվում են 2023 թվականից:
Թվում է՝ խաղաղապահ զորավարժությունները չէին կարող «բովանդակային «խմբագրումների» ենթարկվել: Պարզվում է՝ կարող են:
«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժությունների մասին ՀՀ պաշտպանության նախարարության օգոստոսի 12-ի հաղորդագրության մեջ բացակայում է հետևյալ ձևակերպումը՝ «Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ», կամ՝ «Զորավարժության օրերին կխաղարկվեն հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ», ինչն առկա է եղել «Արծիվ գործընկեր-2023» և «Արծիվ գործընկեր-2024» ԱՄՆ-Հայաստան զորավարժությունների մասին ՊՆ հաղորդագրություններում:
Բացի այս, «խմբագրում» առկա է նաև ՀՀ զինված ուժերի՝ վիզուալ ներկայացվածության առումով:
Այս տարվա մարտին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանը սպառնալիք է համարում ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվածության աստիճանը:
Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը մոտ կանգնած caliber.az-ը հոդված էր հրապարակել, որտեղ դժգոհություն էր հայտնել ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվածության մակարդակի հետ կապված և վտանգ տեսել դրանում՝ ժամանակակից տեսադիտարկման սարքերից մինչև դիպուկահար հրացաններ, որոնք նկատել են «Զինուժի»՝ հատուկ նշանակության ստորաբաժանման մարզումների մասին, բայց հոդվածում օգտագործվել էին նաև լուսանկարներ «Արծիվ գործընկեր-2024» զորավարժությունից:
Թե ինչ կարող է սպասվել այս պայմաններում Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ Հայաստանի կնքած սպառազինության պայմանագրերին, որոնց չեղարկումն Ադրբեջանը վաղուց էր պահանջել, կարող ենք որոշակի ենթադրություններ անել:
Արդյո՞ք այս ամենը չի նկատում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով մեծ ոգևորությամբ էր խոսում սպառազինության պայմանագրերի կնքման, բանակի կարողությունների վերականգնման մասին, և այսօր, ըստ էության, նույն մեծ ոգևորությամբ տարածում է Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ նախաստորագրած համաձայնագրին վերաբերող ֆեյսբուքյան գրառումը:
Իսկ գուցե առարկություն չունի՞ այն ամեն հնարավոր սահմանափակումների և վտանգների հետ կապված, ինչի վրա ուշադրություն սևեռեցինք: