
Թրամփի միջանցքը կարող է ոչնչացնել Եվրասիական տնտեսական միությունը

Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում սպառնալիքի տակ է
Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը ցնցեց հետխորհրդային տարածքը՝ ցույց տալով, որ դրա հետագա վերակազմակերպման գործընթացը՝ թե՛ աշխարհագրական, թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից, շարունակվում է։ Սա հաստատում է նաև ԱՊՀ անդամ երկրների հետաքրքրությունը Դոնալդ Թրամփի խաղաղարար հաջողության նկատմամբ։
Այս մասին նշվում է «Независимая газета»-ի վերլուծական հոդվածում:
Այսպես՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «կարևոր խաղաղության համաձայնագրի կնքումը կապեց տարածաշրջանում կայունության և տնտեսական զարգացման նոր դարաշրջանի սկզբի հետ»։
Ղազախստանում նշեցին Հարավային Կովկասի՝ տարիներ շարունակ պատերազմող երկրների ղեկավարների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման առավելությունները։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ենթադրում է, որ հռչակագիրը ճանապարհ է բացում Հարավային Կովկասում լայնածավալ միջազգային համագործակցության համար։
Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ «Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության շուտափույթ հաստատումը կբացի խոշոր տրանսպորտային և ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի ճանապարհը՝ ի շահ ընդարձակ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։
Մոլդովան, որն աստիճանաբար դուրս է գալիս ԱՊՀ-ից՝ վերանայելով Քիշնևի կողմից Համագործակցության շրջանակներում կնքված համաձայնագրերը, բայց դեռևս մնում է դրա կազմում, մտածում է Մերձդնեստրի հարցը Միացյալ Նահանգների օգնությամբ լուծելու՝ ի հայտ եկած հնարավորության մասին:
Ղազախստանցի քաղաքական վերլուծաբան Սագիթ Բակիրովը նշում է, որ այդ հռչակագրի առավելություններն անհերքելի են Ադրբեջանի, Հայաստանի և ԱՊՀ բոլոր երկրների համար: Նա վստահ է, որ Ղազախստանը, ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, ունի Միջին միջանցքի զարգացման ավելի հստակ և ավելի շահավետ հեռանկարներ:
«Սա ազդանշան է, որ Վաշինգտոնն առավել ակտիվորեն է ներգրավվում եվրասիական գործերում և ենթակառուցվածքային, ինչպես նաև անվտանգության հարցերում: ԱՊՀ երկրների համար սա ստեղծում է ավելի շատ մանևրելու տարածք. գործընկերների և փոխգործակցության ձևաչափերի ընտրության հարցում այլընտրանքներ են ի հայտ գալիս, և, հետևաբար՝ ավելի շատ հնարավորություններ՝ իրենց արտաքին քաղաքականությունը կառուցելու համար»,- նման եզրահանգման է եկել ղազախ փորձագետը:
Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար մարզի հետ կապելու համար նախատեսված Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողությունն ԱՄՆ-ին փոխանցելով, որը դեռևս չի կառուցվել, բայց արդեն ցույց է տալիս իր էֆեկտը, Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական բազան դժվարին իրավիճակում է հայտնվում, քանի որ ստիպված կլինի համակեցություն հաստատել ՆԱՏՕ-ի հետ։ Բացի այդ, երբ «Թրամփի երթուղին» (Զանգեզուրի միջանցք.- խմբ.) սկսի գործել, Եվրասիական տնտեսական միության և Իրանի ցամաքային սահմանը կփակվի։
Վաշինգտոնյան հռչակագիրը, ամենայն հավանականությամբ, Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության փոփոխության սկիզբ կդառնա։ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությունը և Սպիտակ տանը համաձայնագրի ստորագրումը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը հաջողությամբ մտել է նախկինում Ռուսաստանի գերիշխանության տակ գտնվող գոտի։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ ստորագրված համաձայնագիրը թույլ կտա վերաբացել երկու երկրների միջև ամենակարևոր տրանսպորտային ուղիներից մի քանիսը և կամրապնդի Միացյալ Նահանգների ազդեցությունը տարածաշրջանում։
Չնայած այն հանգամանքին, որ պետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագիրը պարտադիր կատարման ենթակա չէ, և նախաստորագրումն իրավական ուժ չունի, դրա ազդեցությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլև ամբողջ ԱՊՀ-ի վրա ընդհանուր առմամբ նկատելի կլինի:
ԱՊՀ-ն, և մասնավորապես՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պատմականորեն համարվել են Ռուսաստանի «շահերի ոլորտ»: Այժմ ԱՊՀ մի շարք երկրներ ողջունում են Հարավային Կովկասի տարածաշրջանում, այսինքն՝ Համագործակցության տարածքում, այնպիսի խաղացողի հայտնվելը, ինչպիսին է Միացյալ Նահանգները: Եվ նրանք իրենց ապագայի հեռանկարների հաշվարկները կատարում են այս իրողության հաշվառմամբ:
Կարելի է ենթադրել, որ ԱՊՀ-ն, ինչպես նաև ԵԱՏՄ-ն, փոփոխության կենթարկվեն։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև Ալյասկայում կայանալիք հանդիպումն ինչ-որ բան կհստակեցնի այս առումով։ Առնվազն պարզ կդառնա, թե ինչ պետք է սպասենք թե՛ ուկրաինական ճակատում, թե՛ միջազգային կառույցների խաղաղության դաշտում, որոնց կենտրոնում այսօր գտնվում է Ռուսաստանը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը