
Գյումրիից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա. Խուդաթյանը` պայմանավորվածության մասին

Գյումրու «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա։ Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ապրիլի 23-ին հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` ՀՀ–ում բազավորված օտարերկրյա ավիաընկերությունը ֆինանսական աջակցություն կստանա, եթե առնվազն մեկ նոր ուղղությամբ չվերթ ունենա Գյումրու «Շիրակ» օդանավակայան։
«Մենք արդեն մեկ ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում հավանաբար նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթեր, որոնք քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն»,– նշել է Խուդաթյանը։