
Քաղաքական գործի շրջանակում պետք է նաև քաղաքական միջոցներով պայքարել. գնահատելու ենք՝ ինչպես խելացի ձևով ազդել ՀՀ կառավարության վրա. Ռոբերտ Ամստերդամ
Աշխարհահռչակ իրավաբան և մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործին, այդ շրջանակում Եկեղեցու դեմ արշավին:
Իսկ հարցին՝ Դուք նշել եք, որ գործ ունենք քաղաքական «քեյսի» հետ, այդ դեպքում իրավական գործիքակազմով ինչպե՞ս է հնարավոր հասնել որևէ լուծման, ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել առաջիկայում, նա պատասխանեց.
«Այո, այս մեղադրանքի քաղաքական բնույթը կա, և իմ մոտեցումը հետևյալն է՝ քաղաքական գործի շրջանակում պետք է նաև քաղաքական միջոցներով պայքարել: Մենք այս հարձակման իրական պատճառներն ենք գնահատելու:
Գնահատելու ենք, թե ինչպես կարող ենք խելացի ձևով ազդել Հայաստանի կառավարության վրա: Շարունակելու ենք պահանջել նաև, որ հայերն այս խնդիրը լուծեն, որ իշխանությունները Եկեղեցու նկատմամբ հարձակումները դադարեցնեն, չփորձեն Եկեղեցու հիերարխիան կառավարել: Դա ամբողջովին անընդունելի է:
Չկա որևէ կառավարություն արևելքում կամ արևմուտքում, որը կարող է կրոնական նմանօրինակ միջամտությունն օրինական համարել»: