Այդ դեմարշները՝ էս նիստին չեմ գնում, էսօր քովիդ եմ, վաղը՝ չգիտեմինչ եմ․․․ բացարձակ շոու է, որը կարող է վատ վերջանալ․ տնտեսագետ
Ֆինանսների նախարարության սպասումներով պետական պարտքը 2024թ. վերջին կլինի մոտավորապես 49.8 տոկոս․ այս մասին տարեվերջի ամփոփիչ ասուլիսում հայտնել է նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա կախված կլինի ՀՆԱ-ի ցուցանիշի հրապարակումից, որը տեղի կունենա գարնանը։ Մեր նախնական գնահատականով` ՀՆԱ-ն կլինի 5.5 տոկոսի շրջանակում»,- նշել է նա՝ տեղեկացնելով նաև, որ 2025թ․ Հայաստանը պետք է վճարի 1,6 մլրդ դոլար պարտքի հիմնական գումարը մարելու համար և ևս 780 մլն դոլար՝ պարտքի սպասարկման համար։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168․am-ի հետ զրույցում նշեց՝ պարտքի ցուցանիշը կայունության միջակայքում է, սակայն ռիսկերն ու մտահոգությունները կապված են տնտեսական աճի ու, ընդհանրապես, մեր տնտեսական համակարգի կառուցվածքի հետ։
«Տնտեսական աճը որակական և ներառական չէ, այն հիմնված է ավանդական ոլորտների՝ հանքարդյունաբերության, խաղաբիզնեսի, ծառայությունների ոլորտի, առևտրի ու շինարարական փուչիկների վրա,- պարզաբանեց տնտեսագետը և մանրամասնեց,- Այսինքն՝ երկարաժամկետ մտահոգությունները հենց հաջորդ տարվա համար են․ հարկային մուտքերի բարձր նշաձող է սահմանված, ինչն անիրատեսական է։
Տնտեսության մոնոկառուցվածքը և օլիգարխիկ կառուցվածքն այս կաբինետին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել և առաջիկայում այդ ռիսկերը դառնալու են լուրջ պրոբլեմ և կարող են ոչ միայն ֆինանսական, այլև տնտեսական համակարգը բերել կոլապսի»։
Խոսելով պաշտոնական վստահեցման մասին, թե «շատ դրվագներում շատ հոգատար են հանրության վճարած ցանկացած դրամի հանդեպ, թե ինչպես է կառավարությունը ծախսում», Ատոմ Մարգարյանը նկատեց՝ թեև ծախսային վարչարարության իմաստով ծախսում են պլանավորված բյուջետային ծրագրերի շրջանակներում, բայց ծախսերի կառուցվածքը ծայրահեղ դեֆորմացված է՝ առաջին հերթին՝ պետական ապարատի պահպանման և ուռճացման, ապա և՝ կապիտալ ծախսերի առումով։
Ըստ նրա՝ կապիտալ ծախսերի դրվագում ևս վերցվում է բարձր նշաձող, բայց իրականացվում է դրա փոքր մասը միայն, և հատկապես թերակատարվում են ստրատեգիական նշանակություն ունեցող ծախսերը։
«Սա էլ գալիս է կառավարության ամենաբարձր մակարդակով ոչ կոմպենտենտ, ոչ հիմնավորված որոշումներից ու անհեռատես քայլերից»,- հավելեց նա։
Հարցին, թե դեռ ինչքա՞ն կարող է ձգվել ՀՀ գործող իշխանությունների՝ ԵԱՏՄ-ից՝ ներս, ՀԱՊԿ-ից՝ դուրս քաղաքականությունը, և արդյո՞ք հնարավոր է քաղաքական բլոկով չհամագործակցել, բայց լինել գործընկեր տնտեսական բլոկում, տնտեսագետը պատասխանեց․ «Այդ քաղաքականությունը մատնոցախաղ է հիշեցնում, դա քաղաքական հավկուրություն է․ եթե այլընտրանք չունես (իսկ մենք տեսնում ենք՝ Եվրոպական միությունը, ինչպես ասում են, գրկաբաց չի սպասում ու նույնիսկ Ուկրաինայի նման փլուզվող ու ջախջախված երկիրը ելք չունի դեպի եվրոպական շուկա), ինչի՞ մասին է խոսքը։ Պետք չէ՛ նման բաներով կերակրել հանրությանը։
ԵԱՏՄ շուկան մատչելի է և համադրելի մեր տնտեսության հետ։ Այլ հարց է, որ այդպես էլ մեր իշխանությունները չսովորեցին օգտվել այդ շուկայի ընձեռած հնարավորություններից՝ հատկապես գիտատար, բարձր տեխնոլոգիական արտադրանքների ստեղծման պոտենցիալից, որը կարող էր լուրջ ու տևական դիրքավորում ապահովել այդ շուկայում, թե չէ փորձել միայն լոլիկով, ծիրանով ու կոնյակով այդ շուկաների ուժն օգտագործել և զարգացման հարթակ դարձնել, միամտություն է։
Իսկ այդ դեմարշները՝ էս նիստին չեմ գնում, մյուսին չեմ գնում, էսօր քովիդ եմ, վաղը՝ չգիտեմինչ եմ․․․ բացարձակ շոու է, որը կարող է վատ վերջանալ այս գերռիսկային, վտանգավոր, գլոբալ ու ռեգիոնալ տուրբուլենտ ռիսկերի պայմաններում»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ դեկտեմբերի 23-ին քովիդի դրական ախտորոշում է ունեցել:
«Դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել և աշխատել եմ կեցավայրից: Դեկտեմբերի 25-ին ախտորոշումս արդեն բացասական է, վերադառնում եմ աշխատանքային սովորական ռեժիմի,- նշել էր նա՝ հավելելով,- Այսուհանդերձ, նաև խորհրդակցելով գործընկերների հետ, չեմ մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Մինչև օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»։
Ավելի ուշ նա տեղեկացրել էր․ «Քովիդ թեստս կրկին դրական է: Մինչև առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»։