Թուրքիան կփորձի մեծացնել ազդեցությունը նաև Հարավային Կովկասում․ ինչպե՞ս կարձագանքեն Ռուսաստանն ու Իրանը

Մերձավոր Արևելքում 13-ամյա պատերազմի բեկման ու նոր զարգացումների ֆոնին Ադրբեջանի իշխանություններն առանձնահատուկ քաղաքական ակտիվություն են սկսել։ Մի կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները բազմամակարդակ շփումներ են վարում Թուրքիայի ու Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության հետ, նախաձեռնում այցեր Անկարա ու Երուսաղեմ, մյուս կողմից՝ նորանոր նախապայմաններ են առաջ քաշում պաշտոնական Երևանի առջև և մեղադրանքներ հնչեցնում։ Բացի այդ, եթե նախորդ ամիսներին Բաքվից խոսում էին բանակցությունների վերականգնման անհրաժեշտության, ինչպես նաև Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու և ստորագրելու հեռանկարի մասին, ապա այսօր Ադրբեջանի մեդիա տիրույթում միայն ՀՀ-ին ուղղված նախապայմաններ են, մեղադրանքներ ու ատելության ինտենսիվ խոսք։

Ի տարբերություն Ադրբեջանի ակտիվ դիվանագիտությանը մերձավորարևելյան զարգացումների ֆոնին, ինչպես նաև խոսակցություններին, որ չեն բացառվում նոր ռազմական սադրանքներ Ադրբեջանի կողմից, ՀՀ իշխանությունները կարծես սովորական, մինչև անգամ տոնական և նախընտրական ռեժիմում են գործունեություն ծավալում, ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգն ու ակտիվությունն անփոփոխ է։ Չկան հեռախոսազանգեր գոնե դեպի Ռուսաստան կամ Իրան՝ ոչ Փաշինյանի, ոչ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մակարդակով։ Տեսանելի չէ ռեգիոնալ սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված քաղաքականություն ու շփումներ։

168am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Սիրիայում տեղի ունեցողն ըստ էության ոչ միայն ռեգիոնալ, այլ մինչև անգամ աշխարհաքաղաքական բնույթի իրադարձություն է, որը կապ ունի ազդեցության բոլոր կենտրոնների շահերի հետ։ Ըստ նրա, բնականաբար, Հարավային Կովկասը՝ Հայաստանն ու Ադրբեջանը ևս որոշակիորեն կապ ունեն այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, քանի որ կարող ենք այս պահի դրությամբ արձանագրել Թուրքիայի ազդեցության աճ Մերձավոր Արևելքում, որը փորձ կարվի պրոյեկտել նաև Հարավային Կովկասում։

«Սա ենթադրում է դիմադրություն Իրանի ու Ռուսաստանի կողմից, կամ քաղաքական բանակցություններ, որոնք երբեմն այդ մակարդակում այդքան էլ տեսանելի չեն։ Սակայն դրանք ընթանում են, այդպես են ազդեցության նոր գոտիներ գծվում։ Ռուսաստանը, բնականաբար, չի պատրաստվում հեռանալ Անդրկովկասից, Իրանը, կարծում եմ, ևս, սակայն կա գլխավոր հարց՝ ի՞նչ ռեսուրս կա՝ ազդեցությունը պահելու նախկին մակարդակի վրա, ունենալով մեկ այլ ռեգիոնում գլոբալ պատերազմ, գտնվելով պատժամիջոցների ներքո։ Իրանի համար ևս սպառնալիքների թեման նոր չէ, ուստի այստեղ առաջնահերթությունների ու ռեսուրսների ճիշտ բաշխման հարց է առաջանում։ Տեսեք, թե որքան տևեց Ասադին տապալելու՝ Ասադի հակառակորդների ճանապարհը, ի վերջո, դա Արևմուտքի, Թուրքիայի համար հեշտ ճանապարհ չէր, և Ռուսաստանի, Իրանի աջակցությունն էական և գոյաբանական նշանակություն ունեցող աջակցություն էր Սիրիայի այդ իշխանության համար։

Կարդացեք նաև

Սիրիայի ընդդիմադիր ուժերը հարմար պահ ընտրեցին, երբ բոլորի զգոնությունը սիրիական ուղղությամբ թուլացած էր, խոսքը ոչ միայն Ասադի կառավարության, այլև Իրանի ու Ռուսաստանի մասին է։ Ցանկանում եմ ասել, որ դրանք նաև երկարատև գործընթացներ են և, օրինակ՝ Սիրիայի դեպքում կանխատեսելի է, որ Թուրքիան կարող է նոր ձեռքբերումներ ունենալ, բայց կրկին այդ ամենը տեսանելի կդառնա ժամանակի ընթացքում։ Սակայն դա ևս հարթ չի լինելու, հարցերը բազմաթիվ են»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Սիմոնովի կարծիքով, հատկապես փոքր երկրները, հատկապես այն դեպքերում, երբ ունեն հակամարտություն, պետք է վարեն պրոակտիվ դիվանագիտություն։

«Բացի այդ, դիվանագիտությունը նման ռեգիոններում, որտեղ կան հակամարտություններ և գլոբալ ազդեցության գոտիների վերաձևավորման փորձեր, պետք է լինի ճկուն, հավասարակշռված։ Ուժային բոլոր կենտրոնների հետ Երևանը պետք է աշխատի, այնինչ շարունակվում է Ռուսաստանի ուղղությամբ բոլորիս հայտնի քաղաքականությունը և ակտիվությունն Արևմուտքի ուղղությամբ։ Սա, չեմ կարծում, թե չի առաջացնում հարցեր Իրանում և որոշակի անվստահության մթնոլորտ Իրանի հետ հարաբերություններում, այնինչ Թեհրանը Երևանի համար առանցքային անվտանգային խաղացող է։ Որքանո՞վ է լիարժեք հաշվարկված ներկայիս քաղաքականությունը, ի՞նչ երաշխիքներ է տալիս Երևանին Արևմուտքը, եթե նույնիսկ տալիս է երաշխիքներ, որքանո՞վ են դրանք իրական ու վստահելի»,- ասաց Սիմոնովը։

Հարավային Կովկասում, վերլուծաբանի խոսքով, հնարավոր են տարբեր սցենարներ։ «Գուցե Թուրքիան շարունակի ամրապնդվել, որը կենթադրի որոշակի զարգացումներ և թուրքական օրակարգի առաջմղում։ Չի բացառվում նաև, որ այս ռեգիոնում էլ Իրանին ու Ռուսաստանին հաջողվի որոշակի պայմանավորվածության հասնել Թուրքիայի հետ։ Ադրբեջանն իր շփումներով փորձում է այս ամենից անմասն չմնալ և ավելի մեծ դերակատարների որոշումներից դուրս չմնալ, ավելին, ցանկացած նոր բալանսի դեպքում հնարավորություն ստանալ սեփական շահերն առաջ մղելու համար։ Կարծում եմ՝ սա է տեղի ունենում։ Եթե Երևանում առանձնահատուկ ակտիվություն չկա, գուցե կա գնահատական, որ որևէ վտանգ չի սպառնում ՀՀ-ին, և ամեն բան ՀՀ-ի շուրջ կայուն է։ Երևի թե այդ գնահատականից են ելնում, քանի որ, եթե լիներ հակառակ գնահատական, ապա կլիներ նաև համապատասխան աշխատանք վտանգների կառավարման ուղղությամբ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Երևան-Բաքու հնարավոր բանակցություններին, ապա, վերլուծաբանի խոսքով, դատելով ներկայիս տեղեկատվաքաղաքական դաշտում առկա տեղեկատվությունից, առաջիկա շաբաթներին հանդիպումներ և առաջընթաց չի լինի։

«Ադրբեջանը վերջերս կարծես մերժեց Բլինքենի նախաձեռնությունը՝ հանդիպում կազմակերպել նախարարների միջև։ ԱՄՆ այս ակտիվությունը գործընթացում մարում է, ՌԴ-ն շատ ավելի պասիվ է, թե ինչ հունով կգնան բանակցությունները, բարդ է ասել՝ հատկապես այս նոր միջավայրում»,- նկատեց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս