Հունվարի 1-ից հնարավոր են համատարած թանկացումներ․ ով է վճարելու 31 մլրդ դրամը
Ավարտվում է այն ոսկե շրջանը, երբ իշխանությունների կամքից անկախ, փողը ջրի նման հոսում էր պետական բյուջե։ Իրենք էլ գլուխ էին գովում, թե գերակատարում են բյուջեի մուտքերը։
Արտաքին գործոնները մի փոքր թուլացան՝ բյուջեն միանգամից կանգնեց խնդիրների առաջ։
Նախատեսված եկամուտներն անգամ չեն կարողանում հավաքել, մեծ ճեղք է առաջացել։
Խնդիրը առաջիկայում ավելի է սրվելու։
Մեղմելու համար՝ տնտեսությունը զարգացնելու մասին մտածելու, բիզնեսն ընդլայնելու համար պայմաններ ստեղծելու փոխարեն, կառավարությունն ամենուրեք հարկային նոր բեռ է դնում ու խեղդում բիզնեսը։
Չեն խնայում անգամ փոքրերին։
Մինչ փոքր բիզնեսը Հայաստանում գնալով մեռնում է, կառավարությունը, տարբեր պատճառաբանություններով, անընդհատ ավելացնում է փոքր բիզնեսի հարկային բեռը՝ ակնկալելով ավելի շատ հարկեր հավաքել։ Մի ժամանակ հայտարարում էին, թե փոքր բիզնեսի հարկումն իրենց համար նպատակ չէ։ Ասում էին՝ փոքր բիզնեսին ազատում ենք բոլոր տեսակի հարկերից, գործելու ու աշխատելու արտոնյալ պայմաններ ենք ստեղծում, հիմա բոլոր տեղերում փոքր բիզնեսի հարկային բեռն ավելացնում են։
Վերջերս էկոնոմիկայի նախարարությունը մի հետազոտություն էր հրապարակել, որի համաձայն՝ 2 տարվա ընթացքում միկրոձեռնարկատրության ոլորտում զբաղվածները շուրջ 7 հազարով պակասել են։
Նվազել է նաև միջին աշխատավարձը։ Երկու տարվա ընթացքում՝ գրեթե 15-16 հազար դրամով։
Սրա պատճառը հարկային բեռի ուղղակի ծանրացումն է։ Հանեցին եկամտային հարկի արտոնությունը և միկրոբիզնեսի հարկումը հավասարեցրին ընդհանուրին։ Նախկին հաստատուն 5 հազար դրամի փոխարեն՝ սահմանեցին 20 տոկոս եկամտային հարկ։
Միայն այս փոփոխության արդունքում եկամտային հարկի բեռը գրեթե 4 անգամով ծանրացրին։ Եթե նախկինում 5 հազար էին վճարում, հիմա առնվազն 20 հազար դրամ։
Եկամտային հարկի բեռի կտրուկ բարձրացումը պատճառ դարձավ, որպեսզի բազմաթիվ միկրոբիզնեսներ փակվեն։
Սրանից հետևություններ անելու, փոքր բիզնեսից հեռու մնալու փոխարեն՝ կառավարությունն անընդհատ նոր հարկային բեռ է ավելացնում փոքր բիզնեսի վրա։ Նախկին փոփոխությունների հետևանքները քիչ էին, նորերն են ավելացնում։ Հիմա էլ որոշել են փոքր բիզնեսին տեղափոխել ընդհանուր հարկման համակարգ, որն անգամներով ավելի ծանր հարկային բեռ է դնում փոքր բիզնեսի վրա։ Աղմուկից հնարավորինս խուսափելու համար, տեղափոխումը մաս-մաս են անում։
Նախ կրկնապատկեցին շրջանառության հարկի դաշտում գործողների հարկային բեռը։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնողները 5-ի փոխարեն՝ կվճարեն 10 տոկոս շրջանառության հարկ, արտադրական գործունեությամբ զբաղվողները՝ 3,5-ի փոխարեն՝ 7 տոկոս, հանրային սննդի ոլորտում գործողները՝ 6-ի փոխարեն 12 տոկոս։
Հարկման ընդհանուր համակարգ տեղափոխեցին գործունեության առանձին տեսակներ, այդ թվում՝ փաստաբանական և նոտարական ծառայությունները, որոնք հաջորդ տարվա հունվարի 1-ից կվճարեն 20 տոկոս ԱԱՀ և 18 տոկոս շահութահարկ։
Այս փոփոխությունները վերաբերելու են 50 հազար տնտեսավարողների, որոնք հաջորդ տարվա սկզբից ստիպված են լինելու կրկնակի, անգամ ավելի շատ հարկ վճարել, քան վճարում էին մինչ այդ։
Հարկման ընդհանուր համակարգ տեղափոխեցին նաև միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ։
Հիմա էլ անցել են մասնագիտական գործունեությանը։ Մասնագիտական գործունեության վրա են պատրաստվում հարկային բեռը կտրուկ ավելացնել։
Կառավարությունն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել, որով առաջարկում է մասնագիտական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման կազմակերպումը հանել շրջանառության հարկի, ինչպես նաև միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերից ու տեղափոխել հարկային ընդհանուր համակարգ։
Խոսքը վերաբերում է իրավաբանական, հաշվապահական ծառայությունների մատուցմանը, կառավարման հարցերով խորհրդատվություն, շենքերի մասնագիտացված շինարարություն, անշարժ գույքի հետ գործառնություններ` վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքներով իրականացնող, ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ, գովազդային գործունեություն, շուկայի իրավիճակի հետազոտություն, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն իրականացնող տնտեսվարողներին։
Կներառվեն նաև մանր կլինիկաներն ու փոքր ատամնաբուժարանները։
Ընդհանուր առմամբ շուրջ 10 հազար տնտեսվարողներ շրջանառության հարկի ու միկրոձեռնակատիրության դաշտից կտեղափոխվեն ու կհայտնվեն անգամներով ավելի ծանր հարկային բեռի տակ։
Հարկային բեռի այդ ավելացման արդյունքում հաջորդ տարի կառավարությունը պատրաստվում է 13 մլրդ դրամի լրացուցիչ հարկ գանձել։
Եվս 17,8 մլրդ դրամ էլ՝ շրջանառության հարկի բեռի կրկնապատկումից։
Ընդհանուր առմամբ, շուրջ 31 մլրդ դրամ, որը վճարելու է փոքր բիզնեսը։
Թե սա ի՞նչ հետևանք է ունենալու նրանցից շատերի համար, դժվար չէ պատկերացնել։ Եթե նախկին արտոնյալ համակարգում չէին կարողանում դիմանալ խոշորների մրցակցությանը, ինչպե՞ս են դիմանալու, երբ սկսի գործել շատ ավելի ծանր հարկային բեռը։ Սա բերելու է նրան, որ բազմաթիվ ընկերություններ փակվելու են։ Այն, ինչ սկսվել է միկրոձեռնարկատիրության ոլորտում մինչև այս փոփոխությունները՝ զբաղվածների կրճատման ու աշխատավարձերի նվազման տեսքով, վաղը նույնը լինելու է ամբողջ փոքր ու միջին բիզնեսի պարագայում։
Հարկային բեռի այսպիսի կտրուկ ավելացումները բերելու են նաև համատարած թանկացումների, որոնց հաջորդ տարվա հունվարի 1-ից բախվելու են սպառողները։ Նաև նրանք, որոնց եկամուտներն այս տարիներ ընթացքում ոչնչով չեն ավելացել, փոխարենը՝ իշխանությունների այսպիսի անմիտ քաղաքականության հետևանքով, ծախսերն են անընդհատ աճել՝ ինչպես թանկացումների, այնպես էլ՝ հարկային պարտավորությունները մշտապես ավելացնելու հետևանքով։
Այս փոփոխությունները միայն առաջին հայացքից են զուտ տնտեսական կամ վարչարարական։ Իրականում սրանք ամբողջությամբ քաղաքական քայլեր են, որոնք իրականացվում են քաղաքական իշխանության կողմից, քաղաքական հաշվարկների արդյունքում։
Վերջին տարիներին իշխանական քարոզչության արդյունքում հաստատված հանրային անտարբերությունն իշխանությանը տվել է վստահություն, որ առանց որևէ իրական դիմադրության՝ կարողանալու է «մարսել» ցանկացած քայլ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող են ուղղակի սպանել մանր բիզնեսը։ Այն դեպքում, երբ այսօրվա այդ նույն իշխանության կարկառուն դեմքերը, նախկինում, ընդդիմադիր կամ ակտիվիստական գործունեության տարիներին ամբողջ կարիերա էին կերտում նախկին իշխանությունների՝ տնտեսության բնագավառում իրականացվող քաղաքականության քննադատությամբ։
Խնդիրն այն է, սակայն, որ նախկինում տարբեր կառավարություններ, տարբեր մոտեցումներով ու հայեցակարգերով, թեկուզև ոչ կատարյալ կերպով, այդուհանդերձ փորձում էին կայացնել մանր բիզնեսը, մինչդեռ ներկայիս իշխանությունն ամեն ինչ անում է՝ այն սպանելու համար։ Որովհետև նախկինում հարկային փոփոխությունները, անգամ բարձրացման դեպքում, ոչ թե ուղղակի մանր բիզնեսից փող «քերելու» նպատակ էին հետապնդում, այլ իրականացվում էին ընդհանուր տնտեսական քաղաքականության շրջանակներում։
Հիմա չկա տնտեսական քաղաքականություն՝ այդ հասկացության բովանդակային իմաստով, և կառավարությունն ուղղակի այս կամ այն փոփոխությամբ ավելացնում է բյուջեի եկամուտները՝ թքած ունենալով, թե դրան հաջորդող ժամանակաշրջանում քանի բիզնես կփակվի, քանի հազար աշխատատեղ կոչնչանա և քանի տասնյակ հազար մարդ կզրկվի եկամտից։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ