Մեզ պետք է այնպիսի պետություն, որի ղեկավարը չի միջամտում եկեղեցու գործերին. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Թելեգրամի իր ալիքում տեսաուղերձով անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ սեղմվող օղակին և այս և այլ հարցերի առնչությամբ ապագայի իր տեսլականին:

«Այսօր մեր պետության ղեկավարն անձամբ է խախտում Սահմանադրությունն ու ստորադասում օրենքներն իր նեղ անձնական նպատակներին։ Ցավոք, այսօր ՀՀ-ում իշխանությանը հակադրվող, տարբերվող կարծիք արտահայտող քաղաքացին ուղիղ թիրախում կարող է հայտնվել իր հայացքների համար։

Սա տրամաբանորեն հակառակ է ժողովրդավարությանը ու իրավունքի գերակայությանը, մինչդեռ մեր քաղաքացիները հենց այդպիսի պետություն են ձգտում ունենալ։ Դրա հետ մեկտեղ՝ պետության ղեկավարը, որը խախտում է Սահմանադրությունը, չի կատարում հենց նույն Սահմանադրությամբ իր վրա դրված պարտավորությունները․ չէ՞ որ իրեն հարմար չէ, որ հանրային դաշտում հնչեն անվտանգության վերաբերյալ հարցեր։

Մենք ունենք իրավիճակ, երբ Իլհամ Ալիևը ամբողջ հայ ազգին պարզ ասում է՝ «վայրագ, թալանչի, քոչվոր ազգ եք»։ Ու ի՞նչ պատասխան Հայաստանից։ Ոչինչ։ Մի ձևական պատասխան էլ չկա՝ գոնե ազգի թասիբը կարողանա պահել։ Փոխարենը՝ կոշտ ու անթույլատրելի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, կանոնական կարգին, ինչը արգելված է հենց օրենքով։

Ընդ որում՝ հատկանշական է, թե որ երկրներում են նման երևույթներ գրանցվում. Հյուսիսային Կորեա կամ Էրիթրեա։ Իրավապահ համակարգը, որ պետության անվտանգության կարևորագույն հենասյուն է, դարձրել է գործիք իր անօրինական արարքների համար՝ հեղինակազրկելով այս կարևորագույն ծառայությունները։

Պետական շահի մասին մտածողը երբեք չէր խախտի օրենքը, Սահմանադրությունը, չէր լռի, երբ իր պետությանն ուղիղ սպառնում են, երբ հայտարարում են, որ հայոց պետությունը իբր կառուցվել է «ադրբեջանական հողերի վրա»։ Հայ Առաքելական Եկեղեցու իրական հետևորդը լրջորեն կխոցվեր, երբ այլ պետության հոգևոր ներկայացուցիչը ստեր տարածեր ու թիրախավորեր մեր եկեղեցին։

Բայց այդ հարցերը նրան չեն հուզում, նա զբաղված է վտանգավոր օրակարգերի գեներացմամբ, որոնք կոծկում են մեր իրական սպառնալիքները, բայց չեն վերացնում, լուծում չեն տալիս, զուտ քողարկում են։ Պետականամետությունը չի կարող արտահայտվել եկեղեցու վրա ճնշում գործադրելով, ուժեղ պետություն չի ստեղծվում ինստիտուտների նվաստացմամբ, միասնություն հնարավոր չէ նոր բաժանարար գծերի ստեղծմամբ։ Հայաստանն արժանի է այնպիսի պետության ու իշխանության, որը բավարար ուժեղ է, որպեսզի չպահանջի վերահսկել աղոթքը, և այնպիսի եկեղեցու, որը բավարար ազատ է, որպեսզի անկեղծորեն աղոթի իր պետության ու ժողովրդի բարեկեցության և խաղաղության համար»,- տեսանյութին կից գրել է Արման Թաթոյանը:

Տեսանյութեր

Լրահոս